Նոր կատեգորիա․ Microsoft-ը ներկայացրել է ԱԲ-ի վրա հիմնված Copilot+ PC համակարգիչը

21 մայիսի, 2024  12:08

Microsoft-ը ներկայացրել է արհեստական ​​բանականության (ԱԲ) վրա հիմնված Windows համակարգիչների նոր կատեգորիա, որը կոչվում է Copilot+ PC: Սա ԱԲ-ով աշխատող PC տեսակի համակարգիչ է, սակայն Microsoft-ը որոշել է օգտագործել ավելի կոնկրետ անուն՝ ուղղակիորեն նշելով իր Copilot ԱԲ-ն, և ոչ թե ԱԲ-ն ընդհանրապես:

Ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում, Copilot+ PC-ն ամենաարագ և ամենախելացի Windows համակարգիչն է, որը երբևէ ստեղծվել է: Այն ունի նոր պրոցեսոր, որն ապահովում է ԱԲ առաջադրանքների 40 TOPS կատարողականություն, ինչը, ըստ երևույթին, ենթադրում է, որը խոսքը նոր Snapdragon SoC պրոցեսորի մասին է: Սակայն ավելի ուշ շուկայում կհայտնվեն նոր Intel և AMD պրոցեսորներ՝ էլ ավելի բարձր կատարողականությամբ, որոնք նույնպես կհայտնվեն նույն կատեգորիայի համակարգիչներում։

Ընկերությունը նաև նշում է, որ նոր համակարգիչը մարտկոցի հաշվին կարող է աշխատել ամբողջ օրը, այն նաև հասանելիություն ունի ԱԲ ամենաառաջադեմ մոդելներին: Microsoft-ը նաև մանրամասներ է բացահայտել ԱԲ վրա հիմնված նույն գործառույթների մասին, որոնք ավելացվել են Windows-ին 24H2 թարմացման շրջանակում:

Առաջին կարևոր գործառույթներից մեկը կոչվում է Recall, որն ԱՀ-ի հետ օգտագործողի փոխազդեցության պատմության մեջ որոնման գործառույթ է: Ընկերությունը նշել է, որ սա մարդկանց ամենաշատն անհանգստացնող խնդիրներից մեկն է, երբ համակարգչում փորձում են գտնել մի բան, որը գիտեն, որ նախկինում տեսել են, սակայն ստիպված են հիշել, թե որ թղթապանակում է այն պահվել, կամ թերթել հարյուրավոր էլնամակներ՝ փորձելով գտնել այն:

«Այժմ Recall-ի միջոցով դուք կարող եք գործնականում հասանելիություն ստանալ այն ամենին, ինչ տեսել կամ արել եք ձեր համակարգչում, կարծես լուսանկարչական հիշողություն ունեք: Copilot+ համակարգիչները տեղեկատվությունը կազմակերպում են այնպես, ինչպես մենք ենք անում՝ հիմնվելով մեր անհատական ​​փորձի համար եզակի հարաբերությունների և ասոցիացիաների վրա: Սա կօգնի ձեզ հիշել այն, ինչ դուք գուցե մոռացել եք, այնպես, որ կարող եք արագ և ինտուիտիվ գտնել այն, ինչ փնտրում եք՝ պարզապես օգտագործելով ձեր հիշած հուշումները»,-պարզաբանել է ընկերությունը:

Նոր համակարգիչն ունի նաև ԱԲ-ի հետ համատեղ պատկերների ստեղծման և խմբագրման հնարավորություն երրորդ կողմի ծրագրերում, ներառյալ Adobe-ն, DaVinci Resolve-ը և այլն:

Copilot+ համակարգիչները հասանելի կլինեն հունիսի 18-ից, գինը՝ սկսած 1000 դոլարից:


 
 
 
 
  • Արխիվ