Apple-ի երկրպագուները ցնցված և հիասթափված են այն բանից հետո, երբ պարզվեց, որ ընկերությունը որոշել է նոր iPad-ների տուփերում չներառել մի կարևոր ատրիբուտ։ Բացի դրանից՝ նոր պրոցեսորն ու էկրանը չեն բարելավել iPad Pro 2024-ի ինքնավար աշխատանքը, իսկ iPad Pro-ի OLED էկրանի պարագայում բացակայում է կարևոր գործառույթ։
Apple-ը ներկայացրել է iPad Pro և iPad Air նոր մոդելները, որոնք այժմ հասանելի են պատվիրելու համար, իսկ դրանց առաքումը կսկսվի հաջորդ շաբաթ: Սակայն նոր սարքավորումների տուփերում առկա չեն այս բրենդի ապրանքանիշի երկրպագուների սիրելի ատրիբուտներից մեկը՝ Apple-ի տարբերանշանի տեսքով սթիքերը։ Այս մասին հայտնում է 9to5Mac-ը։
Ըստ աղբյուրի՝ այս որոշումը Apple-ի բնապահպանական ռազմավարության մի մասն է, որն ուղղված է իր արտադրանքի փաթեթավորումից պլաստիկն ամբողջությամբ վերացնելուն։ Չնայած դրան, որոշ Apple Store խանութներ առաքվում է սահմանափակ քանակի սթիքերներ, որպեսզի դրանք բաժանվեն այն հաճախորդներին, որոնք գնում են նոր iPad Pro կամ iPad Air՝ միայն իրենց ցանկության դեպքում։ Եթե խանութում սթիքերները սպառվում են, աշխատակիցները կարող են դրանք պատվիրել Apple-ից:
Այնուամենայնիվ, Apple-ը, ըստ երևույթին, չի բաժանի սթիքերները մանրածախ առևտրով զբաղվող այլ ընկերություններին, ինչպիսիք են Amazon-ը և Best Buy-ը: Հետևաբար, Apple-ի սթիքերները ձեռք բերելու միակ միջոցը iPad Pro կամ iPad Air գնելու դեպքում անմիջապես Apple Store-ից գնելն է:
iPad Pro-ի և iPad Air-ի նոր մոդելները մեկ լիցքավորմամբ աշխատում են մինչև 10 ժամ, ինչը հիասթափեցրել է որոշ օգտատերերի։ Բանն այն է, որ երկու պլանշետներն էլ ստացել են ավելի էներգաարդյունավետ պրոցեսորներ (iPad Pro-ի դեպքում էկրանը նաև դարձել է ավելի քիչ էներգատար), քան նախորդ մոդելներում, սակայն դա չի ազդել մարտկոցների աշխատանքի վրա։ Այս մասին հայտնում է MacRumors-ը։
iPad Pro-ն աշխատում է M4 չիպով, որը կառուցված է երկրորդ սերնդի 3 նմ պրոցեսի վրա և ունի վեց արդյունավետ միջուկներ՝ երկուսով ավելի, քան M2-ը: Բացի դրանից՝ սարքը թողարկվում է ավելի արդյունավետ OLED էկրանով: Սակայն այս բարելավումները չեն ազդել մեկ լիցքավորմամբ մարտկոցի աշխատանքի տևողության վրա, գրում է MacRumors-ը։
Տասնմեկ դյույմանոց iPad Pro-ի մարտկոցն ունի 31,29 Վտ/ժ հզորություն, ինչը գերազանցում է նախորդ սերնդի 28,65 Վտ/ժ հզորությունը: Տասներեք դյույմանոց iPad Pro-ի մարտկոցն ունի 38,99 Վտ/ժ հզորություն, ինչը մի փոքր ցածր է նախորդ մոդելի 40,88 Վտ/ժ-ից:
iPad Air-ն ունի նաև կատարելագործված մարտկոց: Տասնմեկ դյույմանոց մոդելն ունի 28,93 Վտ/ժ հզորություն, ինչը մի փոքր ավելի է, քան նախորդ 10,9 դյույմանոց տարբերակը (28,6 Վտժ): Նոր 13 դյույմանոց մոդելը թողարկվում է 36,59 Վտժ մարտկոցով:
Apple-ը պնդում է, որ iPad Pro-ի և iPad Air-ի մոդելները մեկ լիցքավորմամբ աշխատում են մինչև 10 ժամ՝ Wi-Fi-ով կամ բջջային ցանցի միջոցով համացանցից օգտվելիս կամ տեսանյութեր դիտելիս մարտկոցի լիցքը բավարարում է մինչև ինը ժամ։
Չնայած OLED էկրանի առկայությանը՝ նոր iPad Pro-ն չունի օգտակար և տարածված Always-On Display գործառույթը, որը հնարավորություն է տալիս էկրանին ցուցադրել օգտակար տեղեկություն նույնիսկ այն ժամանակ, երբ այն անջատված է:
iPad Pro նոր մոդելների էկրանները պատրաստված են LTPO (Low-Temperature Polycrystalline Oxide) տեխնոլոգիայով։ Այն ունի ցածր էներգասպառում, ինչը թույլ է տալիս նվազեցնել էկրանի թարմացման հաճախականությունը մինչև 10 Հց ստատիկ բովանդակության համար: Այնուամենայնիվ, հաճախականության այս նվազագույն արժեքը բավարար չէ Always-On Display-ի աշխատանքի համար:
Նման իրավիճակ արդեն եղել է iPhone 13 Pro մոդելների դեպքում, որոնք իջեցրել են թարմացման հաճախականությունը մինչև 10 Հց, բայց չունեին Always-On Display տարբերակը։ Այս գործառույթը հասանելի է միայն iPhone 14 Pro մոդելներում, որոնք կարող են էկրանի թարմացման հաճախականությունն իջեցնել մինչև 1 Հց։
ամիս
շաբաթ
օր