WhatsApp-ում նոր օգտակար գործառույթ է ավելացվել

25 ապրիլի, 2024  10:20

Meta Corporation-ը թողարկել է WhatsApp մեսենջերի նոր բետա տարբերակ, որն ունի հավելվածում ներկառուցված թվատախտակ, ինչը հնարավորություն է տալիս զանգահարելու համար հենց հավելվածում հավաքել ցանկացած հեռախոսահամար՝ առանց հեռախոսագիրք մտնելու, այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։

WABetaInfo-ն պարզաբանում է, որ նոր գործառույթը WhatsApp-ի նոր հայեցակարգի շրջանակում իրականացվող մշակումներից է, որով ծրագրավորողները փորձում են օգտատերերի համար պարզեցնել իրենց հեռախոսագրքում չգրանցված կոնտակտների հետ շփվելու գործընթացը։ Օրինակ՝ WhatsApp-ի 2.23.15.11 համարով նախորդ տարբերակներից մեկում Meta-ն մեսենջերում ավելացրել էր անհայտ կոնտակտների հետ չատ սկսելու հնարավորությունը։ Դա անելու համար հարկավոր է ներքին որոնման միջոցով հավաքել նրանց հեռախոսահամարը։ Բացի դրանից՝ հավելվածի ներսում հայտնվող թվատախտակն ավելի հարմարավետ կդարձնի կոնտակտներին զանգահարելը՝ առանց նրանց հեռախոսահամարները հեռախոսագրքում պահելու անհրաժեշտության:

«Երբեմն օգտատերերին անհրաժեշտ է լինում զանգահարել ինչ-որ մեկին ժամանակավոր պատճառով, օրինակ՝ գնումը համակարգելու կամ գործնական հարց քննարկելու համար: WhatsApp-ի ներսում առկա թվատախտակի շնորհիվ հնարավոր կլինի կատարել այս զանգը՝ առանց հեռախոսագրքում կոնտակտ ավելացնելու»,- գրում է WABetaInfo-ն։

Նոր գործառույթը փորձարկել կարող է ցանկացած օգտատեր, որը WhatsApp-ի բետա թեստավորման մասնակից է, իսկ մասնակից դառնալու համար հարկավոր է Google Play-ից ներբեռնել մեսենջերի 2.24.9.28 համարով տարբերակը։

whatsapp dialer.JPG (32 KB)


 
 
 
 
  • Արխիվ