Apple-ը կարող է թողարկել iPad հավելված, որին օգտատերերն սպասում են արդեն 14 տարի

24 ապրիլի, 2024  18:44

iPadOS 18-ի թողարկմամբ Apple-ի պլանշետներում կարող է հայտնվել «Հաշվիչ» հավելվածը, որին iPad-ի օգտատերերը 2010-ին սարքի առաջին տարբերակի թողարկումից հետո սպասել են մոտ 14 տարի։ Այս մասին հայտնում է MacRumors-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

PadOS 18-ը կներառի ներկառուցված «Հաշվիչ» հավելված բոլոր iPad մոդելների համար, որոնք համատեղելի են ծրագրային ապահովման թարմացման հետ, որը, ինչպես ակնկալվում է, կներկայացվի հունիսի 10-ին՝ Apple-ի մշակողների ամենամյա WWDC համաժողովի բացման ժամանակ:

iPad-ում «Հաշվիչ» հավելվածի բացակայությունը վաղուց մեմերի թեմա է դարձել սոցիալական ցանցերում: Օգտատերերն այս ընթացքում միշտ սպասել են, որ այս օգտակար ծրագիրն ի վերջո կհայտնվի Apple-ի պլանշետներում, իսկ մինչ այդ նրանք, որպես կանոն, օգտվել են App Store-ի երրորդ կողմի լուծումներից, ինչպիսիք են PCalc և Calcbot հավելվածները:

Ակնկալվում է, որ iPadOS 18-ի բետա տարբերակի թողարկմամբ արդեն օգտատերերը կկարողանան օգտագործել «Հաշվիչ» հավելվածն iPad-ում։ Այն, հավանաբար, հասանելի կդառնա WWDC կոնֆերանսի հայտարարությունից անմիջապես հետո: Օպերացիոն համակարգի թողարկման տարբերակը կհայտնվի 2024-ի աշնանը։


 
 
 
 
  • Արխիվ