Apple-ը Չինաստանում App Store-ից հեռացրել է WhatsApp, Telegram, Threads հավելվածները

19 ապրիլի, 2024  17:45

Ամերիկյան Apple ընկերությունը Չինաստանի իշխանությունների պահանջով այս երկրում իր App Store առցանց խանութից հեռացրել է Meta Platforms ընկերությանը պատկանող WhatsApp մեսենջերը և Threads սոցիալական ցանցը, ինչպես նաև Telegram և Signal մեսենջերները։ Այդ հավելվածները փաստացի այլևս հնարավոր չէ ներբեռնել Չինաստանի տարածքից, տեղեկացնում է Wall Street Journal-ը։

«Meta Platforms-ի WhatsApp-ը և Threads-ը, ինչպես նաև հաղորդագրությունների Signal, Telegram և Line հարթակները հեռացվել են չինական App Store-ից ուրբաթ օրը։  Apple-ը հայտնել է, որ իշխանությունները կարգադրել են հեռացնել որոշ հավելվածներ՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»,- գրում է աղբյուրը:

«Մենք պարտավոր ենք պահպանել այն երկրների օրենքները, որտեղ աշխատում ենք, նույնիսկ եթե համաձայն չենք դրանց հետ»,- թերթը մեջբերում է Apple-ի ներկայացուցչի խոսքերը:

Sensor Tower վերլուծական ընկերության գնահատականներով՝ Չինաստանում վերջին տասնամյակի ընթացքում Apple-ի հավելվածների խանութից Instagram-ը, X-ը, Facebook-ը, YouTube-ը և WhatsApp-ը միասին ներբեռնվել են ավելի քան 170 միլիոն անգամ:

 


 
 
 
 
  • Արխիվ