Աշխարհի ամենաբարակ iPad Pro-ն և IPS էկրանով iPad mini-ն․ ի՞նչ է հայտնի պլանշետների մասին, որոնք Apple-ը կթողարկի 2024-ին

22 փետրվարի, 2024  12:16

2024-ին, ինչպես ակնկալվում է, որ Apple-ը կթողարկի մի շարք նոր սարքեր, այդ թվում՝ iPad Pro և iPad mini պլանշետները։ Առաջինը, հավանաբար, կդառնա ընկերության պատմության մեջ ամենաբարակ պլանշետը։ Երկրորդի մասին կոնկրետ տվյալներ դեռ չկան, սակայն կան դրանց մասին շատ հետաքրքիր խոսակցություններ։

iPad Pro 2024 

Ըստ 9to5mac-ի՝ 2024-ի iPad Pro-ում քիչ փոփոխություններ կլինեն, թեև այն կարող է դառնալ Apple-ի պատմության ամենաբարակ պլանշետը: Այս պլանշետների LED էկրանները, հավանաբար, կփոխարինվեն OLED-ով, որը բաղկացած է ավելի քիչ շերտերից, ինչը կօգնի ավելի բարակ դարձնել թե՛ էկրանը և թե՛ ամբողջ սարքը։

Ըստ պարբերականի՝ նոր 11 դյույմանոց iPad Pro-ի չափերը կկազմեն 249,7 x 177,5 x 5,1 մմ: Համեմատության համար նշենք, որ ներկայիս 11 դյույմանոց մոդելի չափերն են՝ 247,6 x 178,5 x 5,9 մմ: Նոր 12,9 դյույմանոց iPad Pro-ի չափերը՝ 281,5 x 215,5 x 5,0 մմ, իսկ ներկայիս մոդելի չափերը՝ 280,6 x 214,9 x 6,4 մմ:

Հայտնի է նաև, որ առաջին 12,9 դյույմանոց iPad Air-ը իր չափերով գրեթե նույնական կլինի ներկայիս 12,9 դյույմանոց iPad Pro մոդելի հետ (280,6 x 214,9 x 6,0 մմ):

iPad mini 2024

Ինչ վերաբերում է 2024-ի iPad mini-ին, MacRumors-ը վերլուծել է լուրերը և կազմել ամենահավանական գործառույթների ցանկը։

Այսպես, ըստ լուրերի, պլանշետը կստանա IPS էկրան, ինչպես նախորդ մոդելները, բայց դրա մատրիցան շրջված կլինի. վերևն ու ներքևը կփոխվեն տեղերով, որպեսզի նվազեցնեն «դոնդողի էֆեկտը» (երբ էկրանի մի հատվածը սահուն չի շարժվում մյուս հատվածների համեմատ), որից պլանշետի ներկայիս մոդելի որոշ օգտատերեր դժգոհում է դիմանկարային ռեժիմում օգտագործելիս:

Նաև յոթերորդ սերնդի iPad mini-ն կարող է ստանալ նոր չիպ՝ A16 Bionic կամ M շարքի պրոցեսորներից մեկը, որն արդեն օգտագործվում է Air և Pro պլանշետներում։

Տեղեկություններ կան նաև, ըստ որոնց՝ 2024-ի iPad mini-ն կունենա թարմացված առջևի և հետևի տեսախցիկներ։ Սմարթֆոնի ներկայիս մոդելն օգտագործում է նույն տեսախցիկները, ինչ բոլոր ներկայիս iPad-ները՝ 12 մեգապիքսելանոց հետևի տեսախցիկ՝ ƒ/1.8 բացվածքով և 12 մեգապիքսելանոց գերլայնանկյուն առջևի տեսախցիկ՝ ƒ/2.4 բացվածքով։

Որոշ ինսայդերներ չեն բացառում, որ մինի պլանշետները կունենան գույների ընդլայնված ընտրություն. կարող են հայտնվել այնպիսի գույներ, ինչպիսիք են տիեզերական մոխրագույնը,  աստղալույսի գույնը, վարդագույնը և մանուշակագույնը։

Ե՞րբ է նախատեսվում բոլոր նշված պլանշետների թողարկումը

Դեռևս հստակ ժամկետներ չկան։ Ըստ լուրերի՝ 2024-ի iPad Pro և iPad Air մոդելների թողարկումը կարող է տեղի ունենալ արդեն մարտի վերջին։

Իսկ mini շարքը, հավանաբար, կթարմացվի ամենավերջինը: Դա տեղի կունենա, ըստ լուրերի, տարեվերջից ոչ շուտ։


 
 
 
 
  • Արխիվ