Պետք է ստեղծել կիբեռբանակ. 3 «համացանցային» խնդիր, որոնք կարեւոր են Հայաստանի համար

10 նոյեմբերի, 2022  15:58

Հայաստանում համացանցի ոլորտում երեք գլոբալ խնդիր կա. բոլորն էլ կարեւոր են երկրի համար եւ լուծման կարիք ունեն: Նման կարծիք է արտահայտել Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը՝ Երեւանում անցկացվող Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովի (ArmIGF-2022) շրջանակում:

Երեք խնդիր

Առաջինը խնդիրը, նրա խոսքով, լայնաշերտ համացանցի հասանելիությունն է. «Մենք պարտավոր ենք դա հասցնել ամենահեռավոր գյուղերը: Հայաստանի զարգացման ներուժը գյուղական վայրերի երիտասարդներն են, որոնք կարող են նոր խթան հանդիսանալ, որ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգանա: Կառավարության դերը շատ մեծ է այստեղ, եթե կառավարության ներդրումները չլինեն, հնարավոր չի լինելու ինտերնետը հասցնել բոլոր հեռավոր վայրեր»:

Երկրորդ խնդիրը, մասնագետի խոսքով, կիբեռհանցագործություններն են, որոնց դեմ պետք է պայքարել: Այդ նպատակով Հայաստանում պետք է կիբեռբանակ ստեղծվի՝ ինչպես ՊՆ-ում, այնպես էլ ԲՏԱ նախարարությանը կից:

Երրորդ խնդիրը, Մկրտումյանի կարծիքով, կապված է այն փաստի հետ, որ Հայաստանում ստեղված չեն բավականաչափ նպաստավոր պայմաններ, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը հնարավորություն ունենան ներկայանալ համացանցում:

«Մինչ այսօր Հայաստանում գրանցված է 40 000 դոմեյն: Համեմատության համար նշեմ, որ Էստոնիայում գրանցված է 240 000 դոմեյն, Լատվիայում, Լիտվայում՝ 130 000-ական: Դրա պատճառն այն է, որ Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների համար պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն: Վեբ-կայքերը նրա համար են, որ դուք ձեր կազմակերպության բոլոր գործառույթները տեղափոխեք ինտերնետ: Հիմա ականատես ենք, որ շատ կազմակերպություններ չունեն ֆիզիկական գրասենյակ, բոլոր գործառույթները տեղափոխվում են ինտերնետ, եւ դա է ապագա զարգացման ուղղությունը: Այս միտումը պետք է հասցնենք բոլոր կազմակերպություններին»,- ասաց Մկրտումյանը:

Համացանցը ծով չունեցող երկրների համար ծով է

Թվային տրանսֆորմացիան էապես փոխում է մեր կյանքը, եւ այն հասարակությունները, որոնք դա չեն հասկանում, տուժելու են եւ ստիպված են լինելու խաղալ այլոց ստեղծած խաղի կանոններով: Նման կարծիք համաժողովի ժամանակ արտահայտեց ինտերնետային ծառայություններ մատուցող RIPE NCC ընկերության արտաքին հարաբերությունների պատասխանատու Վահան Հովսեփյանը:

«Եթե մենք մեզ մոտ ներդրած չունենանք այդ բոլոր համակարգերը թե՛ կրթության, թե՛ առողջապահության, թե՛ պաշտպանության, թե՛ կառավարման ոլորտներում, մենք չենք կարող առաջ գնալ եւ լինել հաջողակ պետություն: Երբ դա հասկանանք, արդեն կհասկանանք, թե ինչ տեխնիկական ստանդարտներ են մեզ պետք:

Շատերն ասում են՝ լավ կլիներ, եթե ինտերնետը չլիներ, այն չարիք է բերում: Լավ ու վատ բաներ կան ամենուրեք, եւ քանի որ սա նոր իրականություն է, այո՛, վատ բաներ լինելու են նաեւ այստեղ: Մենք պետք է կարողանանք դրա դեմ պայքարել եւ հաջողակ լինել նաեւ այստեղ:

Շատերն ասում են ինտերնետը ծով չունեցող երկրների համար մի ծով է, որը հնարավորություն է տալիս, որ քեզ չկարողանան շրջափակել, խոչընդոտել քո տնտեսությանը: Համացանցը բացում է սահմանները: Բայց դա միայն այն դեպքում, եթե մենք ունենք համապատասխան «նավատորմ», գիտելիքներ, որ կարողանանք այդ ծովում լողալ: Մեր խնդիրն է հասկանալ, թե ինչպե՞ս անել, որ հաջողություններ ունենանք այդ ծովում», - ասաց նա:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ