Հաքերները կորզած գումարի ծավալով նոր ռեկորդ են սահմանել․ որքա՞ն է այն կազմել 2023-ին

8 փետրվարի, 2024  20:15

Անցած 2023-ը հաջող տարի է եղել փրկագին պահանջող հաքերների համար, որոնք վաստակել են ավելի քան 1 միլիարդ դոլար, ինչը նոր ռեկորդ է, գրում է PCMag-ը՝ վկայակոչելով Chainalysis բլոկչեյն մոնիտորինգի ընկերության ուսումնասիրությունը։

2022-ին, ընդհակառակը, հաքերների եկամուտները կազմել են մոտ 567 միլիոն դոլար: 2023-ին, ըստ Chainalysis-ի, չարագործների եկամտի ավելացման շարժիչ ուժ են եղել նոր հաքերների ի հայտ գալը և մի շարք խոշոր հարձակումները, որոնց շնորհիվ հաքերները միլիոնավոր դոլարների գումարներ են կորզել տուժած ընկերություններից:

«Փրկագին պահանջող ծրագրերի կիրառմամբ հարձակումների հաճախականության, մասշտաբի և ծավալի զգալի աճ է նկատվել 2023-ին»,- նշում է Chainalysis-ը, որը հավաքում է այս տվյալները՝ հետևելով հաքերային խմբերին առնչվող թվային դրամապանակներին կրիպտոարժույթով արվող վճարումներին:

Հաքերները բարձրացրել են դրույքները՝ զոհերից 1 միլիոն դոլար կամ ավելի փրկագին պահանջելով: «Ինձ, թերևս, ամենաշատը զարմացրեց այն, որ 2023-ին փրկագին ծրագրերի միջոցով ստացված ընդհանուր վճարումների 75%-ը կազմում էին 1 միլիոն դոլար կամ ավելի վճարումները»,- X սոցցանցի իր էջում գրել է Chainalysis-ի սպառնալիքների հետախուզության ղեկավար Ջեքի Բերնս Քովենը:

Բացառություն չի եղել նաև CL0P հաքերային խումբը, որը ևս մեծացրել է փրկագնի չափը՝ օգտագործելով ֆայլերի փոխանցման հանրահայտ MOVEit ծառայությունում առկա սխալը: Դրա շնորհիվ նրանց հաջողվել է ավելի քան 100 միլիոն դոլար փրկագին ստանալ, ինչը կազմում է հունիսին հաքերների կողմից ստացված փրկագնի ողջ ծավալի 44,8%-ը, իսկ հուլիսի՝ 39,0%-ը:

Chainalysis-ը նաև նշել է, որ կիբեռհանցագործ համայնքը համալրվել է նոր խաղացողներով, որոնք ցանկանում են ավելի շահույթ ստանալ և ավելի հեշտ ներթափանցել այլ ցանցեր։ Օրինակ՝ մի խումբ իր Phobos փրկագին պահանջող ծրագրի տարբերակը վաճառել է այլ, քիչ փորձառու հաքերների՝ թույլ տալով նրանց հեշտությամբ հարձակումներ կատարել տարբեր ընկերությունների վրա:

Ըստ կիբեռանվտանգության լուծումներ առաջարկող Coveware ընկերության՝ կա նաև դրական բան․ ավելի շատ զոհեր են հրաժարվում փրկագին վճարել հաքերներին: Այդուհանդերձ, ինչպես ցույց է տալիս Chainalysis-ի զեկույցը, փրկագին պահանջող հարձակումների սպառնալիքը դեռ պահպանվում է:


 
 
 
 
  • Արխիվ