Հայաստանի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչ գնումներ է կատարում Wildberries-ից

5 փետրվարի, 2024  12:35

Հայաստանի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչ գնումներ է կատարում Wildberries առցանց հարթակում։ Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ընկերության ղեկավար Տատյանա Բակալչուկը։

Նրա խոսքով, կայքում գնորդների ընդհանուր բազան այսօր հասնում է 70 միլիոնի։

«Վերջերս հաշվեցինք Հայաստանում ակտիվ գնորդների թիվը և պարզվեց, որ մեզնից գնում է երկրի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչը, այդ թվում՝ թոշակառուները և նորածինները»,- նշեց նա։

Ներկայումս Wildberries-ը գործում է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Հայաստանում և Ուզբեկստանում։ Բակալչուկի խոսքով՝ ընկերությունը հասկանում է, որ այն երկրներում, որտեղ գործում է, պետք է բերի ոչ միայն աշխատատեղեր, հարկեր, ներդրումներ եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացում, այլ նաև այլ բաներ անի։

«Մենք շատ ուրախ ենք, որ գրեթե բոլոր երկրներում ունենք համաձայնություն սոցիալական տարբեր նախագծերի, այդ թվում՝ սպորտի վերաբերյալ։ Օրինակ՝ Բելառուսում մենք աջակցում ենք սպորտային միջոցառումներին և ասոցիացիաներին։ Մենք բանակցում ենք Ղազախստանի ֆուտբոլային լիգայի, Հայաստանի և այլ երկրների ակումբների հետ»,- ասել է Բակալչուկը։

Ինչ վերաբերում է այլ շուկաներ նվաճելուն, Wildberries-ը, ընկերության ղեկավարի խոսքով, ուսումնասիրում է Տաջիկստանի և Թուրքմենստանի շուկաներ մուտք գործելու հնարավորությունը, ինչպես նաև աչք է դնում ԱՄԷ-ին և Ծոցի երկրներին։ Նա ասել է, որ որոշ երկրների հետ արդեն բանակցություններ են ընթանում։

«Մենք հասկանում ենք, որ աճը շարունակելու համար մենք պետք է ընդլայնենք մեր աշխարհագրական դիրքը: Մենք առաջին հերթին նայում ենք այն երկրներին, որոնց հետ սահմանակից ենք։ Այն երկրներում, որոնք ԵԱՏՄ անդամ են (Եվրասիական տնտեսական միություն), մենք արդեն ամենուր ներկա ենք։ Այժմ մենք նայում ենք ԱՊՀ երկրներին, օրինակ՝ Տաջիկստանին և Թուրքմենստանին»,- նշել է նա և հավելել, որ ընկերությունը փորձում է նաև լոգիստիկա հիմնել Ադրբեջանում։


 
 
 
 
  • Արխիվ