WhatsApp-ով հնարավոր կլինի շփվել այլ մեսենջերներ օգտագործողների հետ

25 հունվարի, 2024  16:17

Հանրահայտ WhatsApp մեսենջերի թիմն ակտիվորեն աշխատում է նոր գործառույթի վրա, որը կապահովի WhatsApp-ի համատեղելիությունը այլ մեսենջերների հետ։ Ինչպես տեղեկացնում է WABetaInfo-ն, WhatsApp-ի վերջին բետա տարբերակում հայտնաբերել է third-party chats (երրորդ կողմի հետ չատ) թաքնված բաժին:

Նոր բաժնում WhatsApp-ի օգտատերերը կկարողանան շփվել մրցակից մեսենջերներ օգտագործող մարդկանց հետ, ինչպիսիք են Telegram-ը, Discord-ը, Signal-ը և Viber-ը: Ըստ WABetaInfo-ի՝ նոր գործառույթը դեռ հասանելի է միայն iOS-ի մշակողների համար։

Նոր գործառույթը պետք է առանձին ակտիվացվի, ինչից հետո օգտատերերը կարող են ջնջել այն մեսենջերները, որոնք հարկավոր չեն:

Նորարարությունը մշակվում է մեսենջերների փոխհամատեղելիության վերաբերյալ Եվրոպական Միության պահանջներին համապատասխան, որոնք պարտադիր կդառնան 2024-ի գարնանը։  ԵՄ թվային շուկաների մասին օրենքը պահանջում է, որ հաղորդագրությունների փոխանակման ամենամեծ հարթակները պետք է համատեղելի լինեն միմյանց հետ, որպեսզի մարդիկ հաղորդակցվելու համար ստիպված չլինեն տեղադրել տասնյակ հավելվածներ:

Նոր գործառույթի գործարկման ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ: WAbetaInfo-ն ենթադրում է, որ այն կիրականացվի հաջորդ թարմացման հետ մեկտեղ, քանի որ օրենքը ուժի մեջ է մտնում մարտին։ Հայտնի չէ նաև, թե արդյոք այն կաշխատի ԵՄ տարածիքից դուրս գտնվող երկրներում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ WhatsApp-ը գրաֆիկական դիզայնով թարմացված նոր ինտերֆեյս կստանա։ Մեսենջերի մշակողը Meta Corporation-ն արդեն փորձարկում է ինտերֆեյսը, որի առաջին լուսանկարը X (Twitter) սոցցանցի իր օգտահաշվում հրապարակել էր տվյալների վերլուծաբան Աբհիշեկ Յադավը:


 
 
 
 
  • Արխիվ