Samsung-ն արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ոչ ինվազիվ եղանակով չափելու սենսոր է մշակում․ ե՞րբ կստեղծվի այն

24 հունվարի, 2024  14:20

Samsung-ն աշխատում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ոչ ինվազիվ ճանապարհով չափելու և արյան ճնշման շարունակական մոնիտորինգի նպատակով սենսորի մշակման վրա: Այս մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Հոն Պակը, որը ղեկավարում է այս նախագիծը։

Նրա խոսքով՝ նման սենսորի ստեղծումը Samsung-ի սարքերում, մասնավորապես՝ Galaxy Ring-ում առողջության մոնիտորինգի գործառույթներն ինտեգրելու քայլերից մեկն է։ Հարավկորեական ընկերությունը Samsung Galaxy S24 սմարթֆոնների շնորհանդեսի ժամանակ ակնարկել էր ամբողջովին նոր կրելի սարքի թողարկման մասին։ Samsung Galaxy Ring-ի պրեմիերան կարող է տեղի ունենալ մինչև այս տարվա վերջ, և պարզ չէ, թե արդյոք խելացի մատանիի առաջին տարբերակը կստանա նման սենսոր։

Հոն Պակը նշել է, որ եթե ընկերությունը կարողանա ստեղծել սարք, որը մշտապես կչափի արյան ճնշումը և արյան գլյուկոզայի մակարդակը, ընկերությունը կմտնի բոլորովին նոր խաղի մեջ։ Նրա կարծիքով, դա այն է, ինչին բոլորն են փորձում հասնել, և Samsung-ը «զգալի միջոցներ» է ներդնում նախագծում։

Արյան գլյուկոզայի մակարդակը չափելու համար ներկայումս առաջարկվող գործիքները ներառում են մաշկի ծակում, և արյան ճնշման մոնիտորինգ։ Նույնիսկ եթե դա արվում է խելացի ժամացույցով, այլ ոչ թե ճնշման մեծ տոնոմետրով, այն չի իրականացվում անընդհատ, այլ միայն ժամանակ առ ժամանակ: Բացի այդ, ճնշումը չափող սարքերը պետք է պարբերաբար կարգավորվեն։

Samsung-ի նպատակն է ստեղծել արյան մեջ շաքարի մակարդակը չափող սենսոր, որն աշխատում է առանց մաշկը ծակելու, և դա իսկապես կարող է բեկումնային լինել։ Ընկերությունը նաև նպատակ ունի ստեղծել արյան ճնշումը մշտապես չափող սենսոր, որը կարող է երկար ժամանակ աշխատել առանց կարգավորումների։ Սակայն այս հավակնոտ նախագծի ժամկետների մասին դեռևս չի հայտարարվել։ Հոն Պակը միայն նշել է, որ արյան մեջ շաքարի մակարդակի ոչ ինվազիվ եղանակով չափումը կոմերցիոն արտադրանքներում ընկերությունն ակնկալում է ներդնել առաջիկա հինգ տարվա ընթացքում։

Apple-ը, ի դեպ, իր խելացի ժամացույցներում այս տարվա վերջին պատրաստվում է ավելացնել հիպերտոնիայի հայտնաբերման գործառույթ։ Սարքը պարբերաբար կարգավորելու կարիք չի ունենա, սակայն այն չի տա ճշգրիտ ցուցումներ. ժամացույցը պարզապես կտեղեկացնի օգտատիրոջը արյան ճնշման հավանական բարձրացման մասին և խորհուրդ կտա օգտագործել արյան ճնշման չափիչ կամ դիմել բժշկի: 


 
 
 
 
  • Արխիվ