Sony-ն ներկայացրել է Apple Vision Pro-ի իր տարբերակը․ ինչո՞վ է այն առանձնանում

10 հունվարի, 2024  14:26

Լաս Վեգասում ընթացող CES 2024 տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ Sony-ն ներկայացրել է սեփական արտադրության ընդլայնված իրականության սարքը (Extended Reality, XR), որը կարող է Apple-ի Vision Pro-ի մրցակիցը դառնալ: Այս մասին հայտնում է Gadgets 360-ը։

Նոր արտադրանքը դեռ չունի ապրանքի անվանում, սակայն Sony-ն այն դիրքավորում է որպես «տարածական բովանդակություն ստեղծելու և փոխազդելու սարք»: Տարածական բովանդակությունը վերաբերում է 3D մոդելներին, ինտերֆեյսներին և այլ բովանդակությանը, որոնք կարող են նվագարկվել և խմբագրվել հատուկ սարքերի միջոցով:

Մասնավորապես, Sony-ն առաջարկում է երկու տեսակի կարգավորիչներ՝ նման բովանդակության հետ փոխազդելու համար։ Դրանցից մեկը ցուցիչ է, որը նման է ժամանակակից VR սարքերի մեծ մասի հեռակառավարման վահանակներին, իսկ երկրորդը՝ խելացի մատանի է։

Sony-ի XR սարքն ունի զույգ 4K OLED էկրաններ, որոնք ծածկում են DCI-P3 գունային գամմայի 96%-ը: Սարքի կատարողականի համար պատասխանատու է Qualcomm-ի հատուկ Snapdragon XR2+ Gen 2 պրոցեսորը: Վերարտադրման սեփական տեխնոլոգիան իրական ժամանակում ապահովում է իրատեսական, բարձր լուծաչափով պատկեր։

Sony-ն նոր արտադրանքը դիրքավորում է որպես պրոֆեսիոնալ սարք խաղային և կինոարդյունաբերության ներկայացուցիչների, ինչպես նաև դիզայներների համար:


 
 
 
 
  • Արխիվ