Հայտնի է, թե երբ կսկսվի Apple Vision Pro-ի վաճառքը․ ի՞նչ է տրամադրվում սարքի հետ

9 հունվարի, 2024  14:19

Apple-ը տեղեկություն է հրապարակել այն մասին, թե երբ վաճառքի կհանվի խառը իրականության իր առաջին սարքը՝ Vision Pro-ն: Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ նոր արտադրանքը վաճառքի կհանվի ԱՄՆ-ի Apple Stores խանութներում փետրվարի 2-ից, իսկ սարքի նախնական պատվերները հասանելի կլինեն հունվարի 19-ից։ Vision Pro-ն վաճառքի կհանվի նաև Apple-ի պաշտոնական առցանց խանութում։

«Տարածական հաշվարկների դարաշրջանը եկել է: Apple Vision Pro-ն սպառողական էլեկտրոնիկայի երբևէ ստեղծված ամենաառաջադեմ սարքն է: Դրա օգտատիրական հեղափոխական և կախարդական փորձը կվերաիմաստավորի այն, թե ինչպես ենք մենք հաղորդակցվում, ստեղծում և ուսումնասիրում»,- ասել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Vision Pro-ն ունի ամրացվող գոտիների երկու տարբերակ՝ Solo Knit Band և Dual Loop Band: Դրա շնորհիվ սարքն օգտագործողները կկարողանան ընտրել ամրացման ամենահարմար և հարմարավետ տարբերակը:

Apple Vision Pro.jpg (117 KB)

«Apple Vision Pro-ն նախագծված է որպես մոդուլային համակարգ, որպեսզի օգտվողները կարողանան իրենց հարմարեցնել սարքը: 3D լամինացված ապակե տարրը նրբորեն տարածվում է օգտագործողի դեմքի շուրջը և միաձուլվում ալյումինե խառնուրդից պատրաստված շրջանակի մեջ: Light Seal բարձիկները պատրաստված են փափուկ տեքստիլից և ունեն տարբեր ձևեր և չափեր, որոնք հարմարվում են կրողի դեմքին, որպեսզի այն ճշգրիտ տեղադրվի: Էլաստիկ գոտիներն ապահովում են, որպեսզի ձայնը մոտ լինի ականջներին, իսկ հավաքածուում ներառված Solo Knit Band և Dual Loop Band ժապավեններն օգնում են գտնել սարքի տեղադրման ամենահարմար տարբերակը»,- ասվում է Apple-ի հայտարարությունում։

Բացի ամրացվող գոտիներից, փաթեթը ներառում է ամրացնող բարձիկներ, սարքի առջևի մասի համար նախատեսված կափարիչ, էկրանները սրբելու կտոր, վերալիցքավորվող մարտկոց, հոսանքի ադապտեր և լիցքավորման մալուխ՝ USB Type-C ինտերֆեյսով։

Հիշեցնենք, որ Vision Pro-ն Apple-ի խառը իրականության առաջին սարքն է: Այն աշխատում է բոլորովին նոր՝ VisionOS ծրագրային հարթակի վրա: Ինչ վերաբերում է նորույթի գնին, ապա Vision Pro-ի 256 ԳԲ ներկառուցված հիշողության տարբերակն արժե 3499 դոլար։ Այս փուլում Vision Pro-ն կվաճառվի միայն ԱՄՆ-ում, սակայն Apple-ն նշում է, որ այս տարվա վերջին այն հասանելի կլինի «ավելի շատ երկրներում»։


 
 
 
 
  • Արխիվ