Գաղտնազերծել են հաջորդ սերնդի AirPods ականջակալի առանձնահատկությունները․ ե՞րբ կթողարկվի այն

19 դեկտեմբերի, 2023  14:23

Apple ընկերությունը 2024-ին կներկայացնի չորրորդ սերնդի AirPods անլար ականջակալը՝ մի շարք նոր հնարավորություններով, որոնք սարքն ավելի գրավիչ կդարձնեն սպառողների համար։ Այս մասին հայտնում է MacRumors-ը՝ վկայակոչելով ինսայդեր և Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանին։

Apple-ը կներկայացնի AirPods 4-ի երկու տարբերակ՝ տարբեր գներով։ Դրանք նախատեսված են փոխարինելու AirPods 2-ին և AirPods 3-ին, քանի որ դրանք առանձնապես չեն տարբերվում միմյանցից և շփոթեցնում են գնորդներին։

Նոր ականջակալը կունենա թարմացված դիզայն։ Գուրմանը նշում է, որ այն ներկայիս AirPods-ի և AirPods Pro-ի միջև ինչ-որ տարբերակ կլինի, սակայն ավելի կարճ ոտիկներով: Ակնկալվում է, որ ականջում սարքի տեղավորման հարմարավետությունը կբարելավվի, սակայն պարզ չէ, թե արդյոք Apple-ը կավելացնի սիլիկոնե բարձիկներ։

Թարմացված պատյանը կստանա բարձրախոսներ Find My ծանուցումների համար և USB-C լիցքավորման միակցիչ՝ Lightning-ի փոխարեն: AirPods 4-ի ավելի բարձր դասի տարբերակը կունենա աղմուկի ակտիվ նվազեցման գործառույթ (Active Noise Cancellation, ANC), որը մինչ այժմ առկա է միայն Pro մոդելներում: Սա հաճախորդներին հնարավորություն կտա այս գործառույթը ձեռք բերել ավելի մատչելի գնով:

Ծրագրային ապահովման թարմացման մեջ Apple-ը կավելացնի լսողական ապարատի ռեժիմ՝ թույլ տալով AirPods-ին դառնալ ավանդական բժշկական սարքերի առանց դեղատոմսի այլընտրանք: Apple-ը նախատեսում է նաև ավելացնել թեստեր՝ ստուգելու լսողության որակը։

Գուրմանը կարծում է, որ AirPods 4-ը վաճառքում կհայտնվի 2024-ի սեպտեմբերին:


 
 
 
 
  • Արխիվ