Pixie․ Google Pixel 9-ը ԱԲ-ով գործող բացառիկ և ուժեղ օգնական կստանա

16 դեկտեմբերի, 2023  16:02

Գաղտնիք չէ, որ Google-ն իր Pixel սմարթֆոններն ապահովում է բացառիկ գործառույթներով, որոնք հասանելի չեն այլ Android սարքերում: Կարծես թե ապագայում ընկերության սմարթֆոնների օգտատերերին ևս մեկ հետաքրքիր ու բացառիկ գործառույթ է սպասում։ Խոսքն արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող Pixie օգնականի մասին է, որը, ըստ համացանցում տարածված տեղեկությունների, կհայտնվի Pixel 9 շարքի սմարթֆոններում։

Ներկայումս Pixel սմարթֆոններն ունեն Google Assistant օգնականը, որն արհեստական բանականությամբ գործող լիարժեք ձայնային օգնական է: Այնուամենայնիվ, այն հասանելի է բոլոր Android սարքերում, ուստի բացառիկ չէ ընկերության համար: Հաշվի առնելով արհեստական ​​բանականության վերջին բուռն զարգացումները, Google-ը կարծես ցանկանում է իր սմարթֆոններին ավելի առաջադեմ բան տալ։

Ընկերությունը ոչ վաղ անցյալում հայտարարեց իր Google Assistant օգնականի մասին, որը հիմնված է արհեստական բանականությամբ գործող Bard նեյրոցանցի վրա և հասանելի է թե՛ Android, թե՛ iOS սարքերի համար: Google-ն այժմ աշխատում է Pixie անունով նոր օգնականի ստեղծման վրա, որը բացառիկ կլինի ապագա Pixel սմարթֆոնների համար։ Ենթադրվում է, որ Pixie-ի շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ տարի՝ Pixel 9 սմարթֆոնների թողարկման հետ մեկտեղ: Այն, հավանաբար, կկարողանա կատարել նույն գործառույթները, ինչ Google Assistant-ը, ինչպես նաև ավելի բարդ առաջադրանքներ:

Օրինակ՝ Pixie-ն կկարողանա հուշել, թե որն է ամենամոտ խանութը, որտեղ օգտատերը կարող է ձեռք բերել լուսանկարում կամ այլ պատկերում ցուցադրված ապրանքը։ Pixie-ի և Google Assistant-ի միջև մեկ այլ տարբերություն կլինի․ Pixie-ն կկարողանա ինքնուրույն գործել՝ առանց մշտական ​​ինտերնետ կապի: Հավանաբար, Pixie-ն հիմնված կլինի Gemini Nano նեյրոցանցի վրա, որի մասին Google-ը հայտարարել է ոչ վաղ անցյալում, և որն ուղղված է բջջային սարքերում օգտագործելուն։


 
 
 
 
  • Արխիվ