Նոր գործառույթ՝ ChromeOS-ում․ սարքերը հնարավոր կլինի կառավարել աչքերի և միմիկայի միջոցով

25 հոկտեմբերի, 2023  18:14

Ամերիկյան Google կորպորացիան փորձարկում է Face Tracking կոչվող նոր գործառույթ, որն օգտատերերին թույլ կտա իրենց Chromebook նոութբուքը կառավարել աչքերի ու միմիկաների միջոցով։ Սա օգտակար կլինի այն մարդկանց համար, որոնք տարբեր պատճառներով չեն կարող կամ չեն ցանկանում օգտագործել մկնիկը և ստեղնաշարը:

Ինչպես տեղեկացնում է Xda-developers.com-ը, գուցե մատչելիությունը ChromeOS-ի լավագույն հատկանիշներից մեկը չէ, սակայն դա, թերևս, միակ միջոցն է հաշմանդամություն ունեցող մարդկանց համակարգիչներ օգտագործելու հնարավորություն տալու համար: Միմիկայի միջոցով մկնիկի և ստեղնաշարի կառավարման հնարավորությունը նաև նախատեսված է տարբեր ունակություններով մարդկանց համար, հատկապես նրանց, ովքեր ձեռքեր չունեն:

Նոր գործառույթը ներդրվել է ChromeOS 120 բետա տարբերակի կարգավորումների բաժնում, սակայն այս պահին ոչ բոլորը կարող այն ակտիվացնել: Աղբյուրը նաև նշում է, որ հայտնի չէ, թե արդյոք նոր գործառույթը կունենան միայն Chromebook-երը: Հնարավոր է, որ այն հայտնվի նաև Chromebook Plus սարքերում: Հայտնի չէ նաև, թե երբ նոր գործառույթը հասանելի կլինի բոլորին։

Համակարգիչների օգտագործումն ավելի լայն շրջանակի համար մատչելի դարձնելու գործառույթներից այժմ հասանելի է ChromeVox-ը, որը թույլ է տալիս ձայնի միջոցով բացել էկրանին գտնվող հավելվածները, որոնք համարակալված են։ Google-ը, հավանաբար, փորձում է կիրառել նմանատիպ մեթոդ, սակայն արդեն ոչ թե ձայնի, այլ աչքի աչքի շարժմանը հետևելու միջոցով։ Ակնկալվում է, որ դրա շնորհիվ աշխատանքի արագությունը կարող է զգալիորեն աճել։

Ավելի վաղ Google-ը թողարկել էր ChromeOS-ի թարմացում, որի շրջանակում թարմացվել էր դիզայնը և ընդլայնվել սարքերի նկատմամբ վերահսկողությունը: Այժմ կան նաև գաղտնիության առաջադեմ կարգավորումներ. օպերացիոն համակարգը ցույց կտա, թե կոնկրետ որ պահերին են տեսախցիկը և խոսափողը միացված:


 
 
 
 
  • Արխիվ