Amazon-ն սկսել է մարդանման ռոբոտ փորձարկել իր պահեստներում․ ի՞նչ հնարավորություններ ունի Digit-ը

20 հոկտեմբերի, 2023  12:22

Amazon-ն սկսել է մարդանման ռոբոտներ փորձարկել իր պահեստներում։ Agility Robotics ընկերության ստեղծած Digit կոչվող ռոբոտը նախատեսված է որպես մարդկային անձնակազմի օգնական։ Amazon-ը պնդում է, որ Digit-ի հիմնական գործառույթը սովորական առաջադրանքների ավտոմատացումն է՝ չնայած մարդկանց ռոբոտներով փոխարինելու հնարավորության վերաբերյալ աճող մտահոգություններին, տեղեկացնում է Pcmag.com-ը:

Էլեկտրոնային առևտրի առաջատար Amazon-ը մարդանման ռոբոտներն սկսել է փորձարկել Սիեթլից հարավ գտնվող իր հետազոտական ​​համալիրում: Digit ռոբոտն ունի առարկաներ բարձրացնելու և տեղափոխելու ունակություն, ինչպես մարդը։ «Digit-ն ի վիճակի է նոր ձևերով տեղափոխել, հավաքել և մշակել իրերը պահեստների անկյուններում և տարածքներում: Դրա չափերն ու ձևը օպտիմիզացված են մարդկանց համար նախատեսված շենքերում աշխատելու համար»,- ասել է Amazon-ը:

Պարբերականը նշում է, որ տեխնոլոգիաների ներդրումն անխուսափելիորեն հարցեր է առաջացնում մարդու աշխատանքի ապագայի վերաբերյալ: Սա հատկապես վերաբերում է Amazon-ին՝ հաշվի առնելով 2021-ի հուշագրից տեղի ունեցած արտահոսքը, որում կանխատեսվում էր, որ աշխատանքի ընդունման ներկայիս տեմպերի շարունակման դեպքում Amazon-ը կարող է սպառել իր հասանելի աշխատուժը Միացյալ Նահանգներում մինչև 2024-ը: Սա հատկապես վերաբերում է ԱՄՆ-ում Amazon-ի պահեստների պոտենցիալ աշխատողներին։

Amazon-ն ընդգծում է, որ Digit-ը կօգնի ընկերության անձնակազմին։ «Սկզբում մենք կօգտագործենք այս տեխնոլոգիան՝ օգնելու աշխատակիցներին տարաների վերամշակման հարցում, ինչը դատարկ բեռնարկղերի հավաքման և տեղափոխման կրկնվող գործընթաց է»,- ասել է ընկերությունը։

amazon-i-agility-robotics-zapustili-eksperiment-s-gumanoidnim-robotompomoshchnikom-digit-na-svoih-skladah-3.jpg (317 KB)

Ամազոնի էկոհամակարգում արդեն գործում է ավելի քան 750,000 ռոբոտ։ Դրանք զբաղվում են սովորական առաջադրանքներով, ինչը աշխատակիցներին հնարավորություն է տալիս զբաղվել ավելի բարդ առաջադրանքներով:

Amazon-ի կողմից ֆինանսավորվող Agility Robotics-ը պատրաստվում է նոր ռոբոտների արտադրության գործարան բացել Օրեգոն նահանգի Սալեմ քաղաքում: Նախատեսվում է, որ գործարանը տարեկան կարտադրի ավելի քան 10,000 ռոբոտ։ Agility-ն նաև հայտարարել է, որ նախատեսում է հաջորդ տարի Digit ռոբոտը հասանելի դարձնել իր գործընկերներին, իսկ լայն հանրությանը այն հասանելի կլինի 2025-ին:


 
 
 
 
  • Արխիվ