Նոր iPhone 15 Pro-ն լավագույն տեսախցիկի կոչման համար պայքարում պարտվել է Huawei P60 Pro-ին

11 հոկտեմբերի, 2023  11:10

DxOMark-ի մասնագետները հրապարակել են նոր iPhone 15 Pro սմարթֆոնի տեսախցիկի փորձարկման արդյունքները։ Սարքը ցուցադրել է լուսանկարների և տեսանյութերի որակի բարձր մակարդակ՝ սահմանելով լաբորատոր ութ ռեկորդ։ Սակայն, այնուամենայնիվ, այն զբաղեցրել է երկրորդ տեղը վարկանիշում, իսկ առաջին տեղն զբաղեցրել է Huawei P60 Pro-ն։

iPhone 15 Pro-ն ունի նույն տեսախցիկների համակարգը, ինչ iPhone 15 Pro Max-ը: Միակ տարբերությունն այն է, որ Pro Max-ի վրա 5x խոշորացումով պերիսկոպի հեռաֆոտո ոսպնյակի օգտագործումն է բազային Pro-ի 3x հեռաֆոտո ոսպնյակի համեմատ:

Ըստ DxOMark-ի մասնագետների՝ iPhone 15 Pro-ն հիանալի աշխատանք է կատարում՝ էքսպոզիցիան չափելու, հետնապատկերը մշուշելու, աղմուկի և տեքստուրայի միջև հավասարակշռություն պահպանելու և մաշկի բնական երանգներն արտացոլելու հարցում:

Սմարթֆոնը լավ լուսանկարում է ինչպես մարդկանց, այնպես էլ լանդշաֆտները՝ օգտագործելով HDR-ը վառ ու կոնտրաստային կադրեր ստեղծելու համար: Այնուամենայնիվ, սարքն ունի որոշ թերություններ, ինչպիսիք են ստվերում առկա աղմուկը, պատկերում հայտնվող փայլը, ինչպես նաև մեծ հեռավորությունից նկարելիս դետալների բավարար քանակի բացակայությունը:

Տեսանկարահանման ռեժիմում iPhone 15 Pro-ն նույնպես լավ ցուցանիշներ է գրանցել՝ սահմանելով DxOMark-ի հինգ ռեկորդ։ Սմարթֆոնն առանձնանում է ճշգրիտ էքսպոզիցիայով, հարուստ գույներով, արագ ֆոկուսով, նվազագույն աղմուկով և լավ կայունացումով: Բացի դրանից, սարքը ճիշտ է կիրառում HDR տեսանյութը՝ դարձնելով տեսահոլովակները վառ և կոնտրաստային։

Թեստի արդյունքների հիման վրա iPhone 15 Pro-ն արժանացել է DxOMark-ի փորձագետների գովասանքին իր տեսախցիկի համար, սակայն չի կարողացել դառնալ լավագույնն աշխարհում: Սմարթֆոնը iPhone 15 Pro Max-ի հետ միասին կիսել է երկրորդ տեղը համաշխարհային վարկանիշում։ Apple-ի երկու սմարթֆոններն էլ հավաքել են 154 միավոր, մինչդեռ Huawei P60 Pro-ն հավաքել է 156 միավոր։

Վարկանիշային ցուցակի 4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցրել են Oppo Find X6 Pro-ը (153 միավոր) և Honor Magic5 Pro-ն (152 միավոր)։


 
 
 
 
  • Արխիվ