Ray-Ban-ը Meta-ի հետ ներկայացրել է նոր խելացի ակնոց․ ի՞նչ հնարավորություններ ունի այն

28 սեպտեմբերի, 2023  19:32

Ray-Ban ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի խելացի ակնոց՝ Ray-Ban Meta Smart Glasses մոդելը, որն ստեղծվել է Meta ընկերության հետ միասին։

Ակնոցն ստացել է 12 ՄՊ տեսախցիկ (նկարահանում է 1080p լուծաչափով 60 կադր/վայրկյանում), որը ներկառուցված է շրջանակի աջ հատվածում, իսկ ձախ կողմում կա սիմետրիկ լուսադիոդ, որը ծանուցում է շրջապատին ընթացող ձայնագրման մասին։

Ակնոցի «թևիկներում» ինտեգրված են փոքր բարձրախոսներ և հինգ խոսափող, որոնք թույլ են տալիս երաժշտություն լսել, ձայնային զանգեր կատարել և ձայնագրել: Բարձրախոսների ձայնը նախորդ սերնդի աքսեսուարի համեմատ ավելացել է մեկուկես անգամ։

Նոր արտադրանքը, որն ստացել է ջրային պաշտպանություն IPX4 ստանդարտի համաձայն, ունի Qualcomm Snapdragon AR1 Gen 1 պրոցեսոր և 32 ԳԲ ներկառուցված հիշողություն, իսկ մեկ լիցքավորմամբ ակնոցն աշխատում է մինչև վեց ժամ (կամ մինչև չորս ժամ Facebook-ում կամ Instagram-ում ուղիղ վիդեո հեռարձակման ռեժիմով աշխատելու դեպքում):

Ակնոցի պահման պատյանը գործում է որպես լիցքավորիչ, ինչպես անլար ականջակալների դեպքում, և մեկ լիցքավորմամբ կարող է Meta Smart Glasses-ը լիցքավորել մինչև ութ անգամ:

Ray-Ban Meta Smart Glasses-ի վաճառքը կսկսվի 2023-ի հոկտեմբերի 17-ին: Նոր խելացի ակնոցի գինը կսկսվի 300 դոլարից՝ կախված շրջանակի և ոսպնյակների տեսակից։

Ray-Ban-ի պատմության մեջ առաջին խելացի ակնոցը՝ Ray-Ban Stories-ը ցուցադրվել են 2021-ի աշնանը։


 
 
 
 
  • Արխիվ