Թուրքիան 18,6 մլն դոլարով տուգանել է Meta Platforms-ին՝ մրցակցության մասին օրենքը խախտելու համար

26 հոկտեմբերի, 2022  21:05

Թուրքիայի հակամենաշնորհային մարմինը 346,72 միլիոն լիրայով (18,63 միլիոն դոլար) տուգանել է Meta Platforms Inc-ին՝ մրցակցության մասին օրենքը խախտելու համար։

Թուրքական կարգավորող մարմինը հայտարարել է, որ Meta ընկերությունը գերիշխող դիրք է զբաղեցնում սոցիալական ցանցերի գովազդային ոլորտում եւ խոչընդոտում է մրցակիցների աշխատանքը՝ միավորելով եւ օգտագործելով Facebook, Instagram եւ WhatsApp ծառայությունների միջոցով հավաքած տվյալները: Այսպիսով, ընկերությունը խախտում է «Մրցակցության պաշտպանության մասին» №4054 օրենքի 6-րդ հոդվածը։

2021 թ․ Թուրքիայի հակամենաշնորհային մարմինը հետաքննություն էր սկսել WhatsApp-ի, իսկ ավելի ուշ՝ Facebook Inc.-ի նկատմամբ այն բանից հետո, երբ հավելվածը թարմացրել էր ծառայության պայմանները՝ հայտնելով, որ իր սեփականատեր Facebook Inc-ին եւ նրա դուստր ձեռնարկություններին իրավունք է վերապահում հավաքել օգտատերերի տվյալները, օրինակ՝ հեռախոսահամարները եւ գտնվելու վայրերը:
Meta Platforms-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը համաձայն չէ հետաքննության եզրակացությունների հետ եւ «կդիտարկի բոլոր տարբերակները»:

«2021 թ․ թարմացումը օգտատերերից չէր պահանջում համաձայնություն, որ Facebook-ը հավաքի օգտատերերի տվյալները: Այն մեր օգտատերերին տրամադրեց ավելի հստակ եւ մանրամասն տեղեկություն այն մասին, թե ինչպես եւ ինչու ենք մենք օգտագործում տվյալները»,- նշել է ներկայացուցիչը։

Թուրքիայի հակամենաշնորհային խորհուրդը հայտարարել է, որ Meta-ն պետք է քայլեր ձեռնարկի շուկայում մրցակցությունը վերականգնելու համար եւ տարեկան հաշվետվություններ պատրաստի այն քայլերի մասին, որոնք նախաձեռնելու է առաջիկա հինգ տարիների ընթացքում։

Meta-ն նաեւ պետք է 18,63 միլիոն դոլար տուգանք վճարի․ այս թիվը հիմնված է ընկերության 2021 թ․ եկամուտների վրա։ Ընկերությունը որոշումը կարող է բողոքարկել 60 օրվա ընթացքում։


 
 
 
 
  • Արխիվ