Huawei-ը ներկայացրել է արբանյակային կապով իր ֆլագմանային սմարթֆոնը

29 օգոստոսի, 2023  16:14

Huawei ընկերությունը բոլորի համար անսպասելիորեն ներկայացրել է Mate 60 Pro ֆլագմանային սմարթֆոնը, որն արբանյակային կապի աջակցություն է ստացել ոչ միայն SMS հաղորդագրություններ, այլ նաև ձայնային զանգեր ուղարկելու համար, հայտնում է Mobiltelefon կայքը։

Mate 60 Pro-ն ունի 6,82 դյույմանոց LTPO OLED էկրան՝ չորս կողմերում կլորացված դիզայնով, թարմացման մինչև 120 Հց և լայն իմպուլսային մոդուլացիայի 1440 Հց հաճախականությամբ։ Էկրանի մակերեսը պաշտպանված է դիմացկուն Kunlun Glass 2-ով:

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 50 ՄՊ լուծաչափով օպտիկական կայունացմամբ (OIS) սենսոր է և f/1.4 - 4.0 փոփոխական բացվածքով: Տեսախցիկների շրջանաձև բլոկում կա նաև 12 ՄՊ գերլայնանկյուն մոդուլ և 48 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակ՝ OIS-ով և 3,5x օպտիկական խոշորացմամբ: 13 ՄՊ սելֆի տեսախցիկը թաքնված է iPhone-ի Dynamic Island-ի պես կտրվածքում, որտեղ տեղադրված է նաև 3D-ToF սկաներ դեմքի ճանաչման միջոցով սմարթֆոնն ապակողպելու համար։

Նորույթի կատարողական հնարավորությունների համար պատասխանատու է Kirin 9000s չիպը. Snapdragon 8 Gen 2-ի մասին բազմաթիվ լուրերը չեն հաստատվել: Նշվում է, որ Huawei չիպն աջակցում է միայն չորրորդ սերնդի ցանցերին։

Mate 60 Pro .jpg (78 KB)

Մարտկոցն ունի 5000 մԱ/ժ հզորություն և 88 Վտ լարային լիցքավորման աջակցություն, ինչպես նաև անլար և հակադարձ լիցքավորում՝ համապատասխանաբար 50 Վտ և 20 Վտ հզորությամբ:

Սմարթֆոնի մյուս առանձնահատկություններն են՝ IP68 ստանդարտով պաշտպանվածության առկայությունը, հետևի վահանակի երկու մասից բաղկացած անսովոր դիզայնը. ներքևի մասը մետաղից է և շրջանակի շարունակությունն է, իսկ վերին կեսը պատրաստված է ապակուց կամ էկո կաշվից՝ կախված գույնից։

Huawei Mate 60 Pro-ն արդեն վաճառքի է հանվել Չինաստանում 12/256 ԳԲ, 12/512 ԳԲ և 12/1024 ԳԲ տարբերակներով, սակայն այս պահին հայտնի է միայն միջին տարբերակի գինը՝ 7000 յուան ​​(մոտ $960)։

Ավելի վաղ NEWS.am Tech-ը տեղեկացրել էր, թե որոնք են 2023-ի առաջին կիսամյակի ամենավաճառվող սմարթֆոնները։ Տասը ամենավաճառվող հեռախոսներից հինգը Apple-ի արտադրության սարքերն են։


 
 
 
 
  • Արխիվ