Atomic Wallet կրիպտոպլատֆորմին դատի են տալիս․ պահանջում են վերադարձնել գողացված մոտ $12 մլն

23 օգոստոսի, 2023  22:19

Atomic Wallet կրիպտո պլատֆորմի հաքերային հարձակումից տուժած մոտ 50 հաճախորդներ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից դատական հայց կներկայացնեն պլատֆորմի դեմ՝ պահանջելով վերադարձնել իրենց կորցրած ընդհանուր առմամբ մոտ 12 միլիոն դոլար գումարը։

Ինչպես տեղեկացնում է IntelliNews կայքը, հունիսին տեղի ունեցած հաքերային հարձակման հետևանքով Atomic Wallet-ի կրած վնասը գերազանցել է 100 միլիոն դոլարը: Հարձակման մեջ կասկածվում են հաքերներ Հյուսիսային Կորեայից և Ուկրաինայից։

Atomic Wallet-ը կրիպտո դրամապանակի ծառայություն է, որում անձնական տվյալները և հաճախորդների միջոցները պահվում են առանց երրորդ կողմի (պահառուի) միջնորդության: Ծառայությունը գործարկվել է 2017-ին որպես կրիպտոարժույթի փոխանակում, որը կոչվում է Atomic Swap: Պաշտոնական կայքի տվյալներով՝ դրամապանակից օգտվում է ավելի քան 5 միլիոն հաճախորդ։

Դատական գործընթացում ներգրավված են DestraLegal ընկերության գերմանացի և ռուս փաստաբաններ Մաքս Գուտբրոդը և Բորիս Ֆելդմանը: Ըստ Գուտբրոդի՝ յուրաքանչյուր հաճախորդ ներդրել է տարբեր չափի գումարներ, որոնք տատանվում է $150,000-200,000-ից մինչև $1-2 մլն:

«Մենք աշխատում ենք մեր հաճախորդների ակտիվները վերադարձնելու ուղղությամբ և կոլեկտիվ հայց ենք ներկայացնելու Atomic Wallet-ի դեմ: Նրանք մեր հաճախորդներին որևէ տեղեկություն չեն տրամադրել այն մասին, որ պլատֆորմ ներխուժում է տեղի ունեցել և չեն դիմել ոստիկանություն այդ մասին հայտնելու համար»,- ասել է Գուտբրոդը:

Atomic Wallet-ի վրա հարձակումը տեղի է ունեցել այս տարվա հունիսին, երբ բազմաթիվ օգտատերեր հայտնաբերեցին, որ իրենց դրամապանակների պարունակությունն անհետացել է: Atomic Wallet-ի դեմ արդեն կոլեկտիվ հայց են ներկայացրել ամերիկացի հաճախորդները՝ կապված պլատֆորմ ներխուժման հետ։

Atomic Wallet-ից ասել են, թե «անում են ամեն ինչ» գողացված միջոցները վերադարձնելու համար, սակայն կոնկրետ պլանի ստեղծումը հնարավոր է միայն հետաքննության ավարտից հետո։ Հաքերային հարձակման հնարավոր պատճառների թվում ընկերությունը նշել է օգտատերերի սարքերում վիրուսի հնարավոր առկայությունը, ենթակառուցվածքի խախտումը, միջնորդի կողմից հարձակումը կամ վնասակար կոդի ներդրումը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ