780 հատ Intel պրոցեսոր թաքցրել են ավտոբուսի շարժիչում և փորձել մաքսանենգ ճանապարհով ներկրել Չինաստան

22 օգոստոսի, 2023  22:20

Մի քանի մաքսանենգներ փորձել են ավտոբուսի շարժիչում թաքցված 780 հատ Intel համակարգչային պրոցեսորներ (մոտ $137,000 արժողությամբ) Չինաստանի Գոնգբե նավահանգստով ապօրինի ճանապարհով ներմուծել երկիր, սակայն մաքսային ծառայությունը կանխել է փորձը, հայտնում է Wccftech-ը։

Մաքսանենգների այս հնարքը կարող էր հաջողվել, քանի որ մետաղորսիչները որևէ տարօրինակ բան չէին ֆիքսել։ Սակայն մաքսավորներին շփոթեցրել են տրանսպորտային միջոցի ռենտգենյան պատկերները, որոնք տեսնելուց հետո նրանք խուզարկել են ավտոբուսը և հայտնաբերել Intel-ի պրոցեսորները։ Թե ինչ մոդելի պրոցեսորների մասին է խոսը, չի նշվում։

Wccftech-ը պարզաբանում է, որ Չինաստանում կա համակարգչային էլեկտրոնիկայի հսկայական սև շուկա, որտեղ նույն Intel պրոցեսորները կարելի է գնել խանութի գնից շատ ավելի ցածր գնով։ Բոլոր տեսակի տուրքերից խուսափելու համար մաքսանենգները այսպիսի բաղադրիչների տեղափոխման տարբեր ու հնարամիտ սխեմաներ են մշակում։

Օրինակ՝ 2022-ի դեկտեմբերին նույն Գոնգբեյի նավահանգստում մաքսավորները ձերբակալել էին մի կնոջ, որը Չինաստան վերադառնալիս հղի էր ձևացել, մինչդեռ պարզվել էր, որ սիլիկոնե փորում հարյուրավոր Intel Alder Lake պրոցեսորներ կային, որոնք նա փորձում էր մաքսանենգ ճանապարհով անցկացնել սահմանը։

Այս տարվա մայիսին նման մեկ այլ դեպք էր տեղի ունեցել Հոնկոնգում, երբ մաքսավորները Հոնկոնգ-Չժուհայ-Մակաո կամրջի վրա հայտնաբերել էին 70 հատ Nvidia Quadro K2200 տեսակի մաքսանենգ վիդեոքարտեր, որոնք թաքցված էին եղել 280 կգ կենդանի օմարներով բեռում: Ընդորում՝ ո՛չ օմարների, ո՛չ էլ վիդեոքարտերի ուղեկցող փաստաթղթեր չէին եղել: Մաքսանենգ բեռը գնահատվում էր $76,500:

Հունիսին նույն անցակետի մաքսային ծառայողները 6000 microSD քարտ էին հայտնաբերել մի հեծանիվի շասսիում, իսկ մեկ այլ քաղաքացի ցանկացել էր մաքսանենգ ճանապարհով տեղափոխել 84 հատ Kingston NVMe SSD կրիչ, որոնք թաքցված էին եղել Yadea KS էլեկտրական սկուտերի ղեկի շասսիում:

Վերջերս մաքսանենգներն այս անցակետով փորձել էին անցկացնել 240 հատ Intel Raptor Lake պրոցեսոր, ընդորում՝ շատ յուրօրինակ ձևով. տղամարդը դրանք ժապավենով փակցրել էր մարմնին և ոտքերին: Մեկ այլ տղամարդ նույն կերպ փորձել էր տեղափոխել 239 հատ Intel Core i5-13400F պրոցեսոր։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ