Philips Hue-ն կներկայացնի գողերին լուսային շոուի օգնությամբ վախեցնող խելացի տեսախցիկներ

3 օգոստոսի, 2023  21:42

Philips Hue ընկերությունը, որը հայտնի է իր նորարարական խելացի լամպիկներով, լուսադիոդային ժապավեններով եւ սեղանի լամպերով, պատրաստվում է ընդլայնել արտադրանքի տեսականին. ընկերությունը ստեղծելու է խելացի տնային տեսախցիկներ։

Ինչպես տեղեկացրել է Techradar-ը, Signify ընկերության, որը տնօրինում է  Philips Hue բրենդը, գլխավոր տնօրեն Էրիկ Ռոնդոլատը եռամսյակային ֆինանսական հաշվետվության ընթացքում պատմել է, որ շուտով կստեղծվեն տեսահսկման խելացի խցիկներ, որոնք կաշխատեն արդեն առկա խելացի լամպերի եւ ժապավենների հետ համատեղ՝ տան անվտանգության ապահովման ինտելեկտուալ համակարգ ստեղծելով։ Նոր տեսախցիկների գլխավոր առանձնահատկությունը լինելու է գողերին վախեցնելու գործառույթը լուսային շոուի օգնությամբ։

Օրինակ, կողմնակի մարդու ներկայության դեպքում տնային լուսավորությունը կթարթի կարմիր գույնով՝ տան ներսում ակտիվության տպավորություն ստեղծելով։ Դա կարող է վախեցնել պոտենցիալ չարամիտներին, քանի որ լույսը երեւալու է մեծ հեռավորությունից, ի տարբերություն ձայնային ազդանշանների, որոնք կարող են հեռվում չլսվել։

Philips Hue-ի անվտանգության տեսախցիկները կունենան նաեւ միջանցիկ կոդավորում՝ ապահովելով տվյալների հուսալի պաշտպանությունն ու գաղտնիությունն օգտվողների համար։

Նշենք, որ Signify-ն ստեղծվել է 2016թ.՝ որպես առանձին միավոր Philips Hue բրենդի առանձնանալուց հետո։ Գլխավոր տնօրենի վերջին հայտարարությունների համատեքստում կարելի է ենթադրել, որ Philips Hue խելացի տեսախցիկների անոնսը կարող է տեղի ունենալ IFA 2023 ցուցահանդեսում, որը նախատեսված է սեպտեմբերի 1-ին Բեռլինում։

Հետաքրքիր է նաեւ իմանալ, որ Signify ընկերությունը  2019թ.-ին ձեռք է բերել հոնկոնգյան WiZ արտադրողին, որն արդեն տեսահսկման խելացի խցիկների արտադրության փորձ ունի։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ