Զգուշացե՛ք անծանոթ հղումներից․ դրանք կարող են գողանալ ձեր գտնվելու մասին տվյալները, ձեր իսկ հեռախոսով գաղտնի լուսանկարել ու ձայնագրել

20 հուլիսի, 2023  14:28

Որոշ չարագործներ օգտագործում են հատուկ հղումներ, որոնք ակտիվանալու դեպքում գողանում են սմարթֆոնի աշխարհագրական դիրքի տվյալները: Ավելին, դրանք կարող են այնպես անել, որ սմարթֆոնը գաղտնի լուսանկարի և ձայնագրություններ անի։ Այս մասին զգուշացնում է T.Hunter ընկերության տեղեկատվական-վերլուծական հետազոտությունների բաժնի ղեկավար Իգոր Բեդերովը։

Gazeta.Ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ երբ հղումն ակտիվանում է, այն տուժողին ուղղորդում է կայք, որտեղ արդեն աշխատում է կոդը, որը սմարթֆոնից վերցնում է տեղեկություններ, որոնց միջոցով կարելի է որոշել դրա գտնվելու վայրը։ Այդ տեղեկությունները կարող են լինել ինչպես հենց GPS կոորդինատները, այնպես էլ մոտակա միացման կետերի տվյալները, IP հասցեն և այլն:

Մարդկանց «հետևող» հղումները, ըստ փորձագետի, ստեղծվում են հատուկ գեոլոգեր ծառայությունների միջոցով, ինչպիսիք են Seeker-ը, Trape-ը, TrackUrl-ը և այլն։

«Որոշ գեոլոգեր ծառայությունների ֆունկցիոնալությունը ներառում է հղումների ստեղծում, որոնք գաղտնի կերպով ակտիվացնում են սարքի տեսախցիկը կամ խոսափողը: Այս կերպ ձեռք բերված ֆայլերն ուղարկվում են այն սերվերներին, որոնց հասանելիություն ունեն հարձակվողները»,- նշել է մասնագետը։

Նման գեոլոգերների ստեղծած հղումները սովորաբար տարածվում են որպես ֆիշինգային կայքեր, որոնք ստեղծվում են այնպես, որպեսզի հետաքրքրեն պոտենցիալ զոհին։

«Օրինակ, եթե հարձակվողը գիտի, որ զոհը պատրաստվում է ճամփորդության կամ ցանկանում է նոր ավտոմեքենա գնել, նա կստեղծի կեղծ կայք, որտեղ վաճառվում են տուրեր կամ ավտոմեքենաներ: Հետո նա շահավետ առաջարկի պատրվակով հղումը կուղարկի այդ կայքին»,- բացատրել է փորձագետը։

Նրա խոսքով՝ այդ ծառայություններից օգտվում են ոչ միայն հարձակվողները, այլև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մասնավոր դետեկտիվներ, խանդոտ ամուսիններ և շատ ուրիշներ։ Իսկ գեոլոգերների կողմից վերահսկվելուց պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում հետևել նույն կանոններին, որոնք օգնում են պաշտպանվել համացանցային խաբեբաներից: Առաջին հերթին խորհուրդ է տրվում չհետևել կասկածելի, անհայտ ծագման հղումներին։


 
 
 
 
  • Արխիվ