Հայտնաբերվել է մետաղական ամպերով հայելային առաջին էկզոմոլորակը․ ինչո՞վ է այն առանձնահատուկ

11 հուլիսի, 2023  20:22

Եվրոպացի գիտնականները հայտնաբերել են էկզոմոլորակ, որի մետաղական ամպերը դրա  մթնոլորտը պաշտպանում են մոտակա աստղի ճառագայթների հետևանքով գերտաքացումից։  Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) տվյալներով՝ մոլորակն արտացոլում է աստղից ստացվող լույսի 80%-ը։ Խոսքը Արեգակնային համակարգից դուրս գտնվող առաջին մոլորակի մասին է, որը Վեներայի նման «հայելային» է։

LTT9779b մոլորակը, որը գտնվում է Երկրից 260 լուսատարի հեռավորության վրա, հայտնաբերվել է դեռևս 2020-ին՝ NASA-ի TESS տիեզերական աստղադիտակով: Իսկ ESA-իCharacterizing ExOPlanet Satellite (CHEOPS) տիեզերական աստղադիտակի օգնությամբ գիտնականները պարզել են, որ մոլորակի մթնոլորտում բառացիորեն ձևավորվում են մետաղական ամպեր, և տիտանային անձրևներ են թափվում: Դրա շնորհիվ մոլորակի ամպային շերտը յուրօրինակ «հայելի» է ձևավորում, որը պաշտպանում է այն մոտակա աստղի լույսից։

Իր չափերով մոլորակը համեմատելի է Նեպտունի հետ (մոտ 50,000 կմ տրամագիծ) և իր աստղի շուրջ ամբողջական պտույտ է կատարում 19 ժամում։ Աստղին մոտ լինելու պատճառով մոլորակի վրա ջերմաստիճանը շատ բարձր է․ չնայած մետաղական ամպերի պաշտպանությանը, աստղի կողմից LTT9779b-ի լուսավորված կողմում այն ​​հասնում է 2000 աստիճան Ցելսիուսի: Թեև աստղագետները կարծում էին, որ ամպեր չեն կարող ձևավորվել ջերմաստիճանային այսպիսի պայմաններում, դրանք, այդուհանդերձ, գոյություն ունեն:

exoplanet.jpg (344 KB)

«Դա իսկական գլուխկոտրուկ էր, մինչև մենք չմտածեցինք ամպերի առաջացման գործընթացի մասին որպես կոնդենսացիա, որը մնում է լոգարանում տաք ցնցուղից հետո»,- հետազոտության համահեղինակ, Կոտ դ'Ազուր աստղադիտարանից Վիվիեն Պարմենտիեի խոսքերն է մեջբերում ռուսական ТАСС գործակալությունը։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ տաք, հեղուկ մետաղները և սիլիկատային միներալները հագեցնում են մոլորակի մթնոլորտն այնքան, որ ձևավորվում են մետաղական ամպեր՝ արտաքին ճառագայթումն արտացոլող հայելու նման։ Սա, մասնավորապես, թույլ է տալիս պաշտպանել մթնոլորտը աստղից ստացվող լուսավորությունից։

Հետազոտության տվյալներն արդեն հրապարակվել են Astronomy & Astrophysics ամսագրում:


 
 
 
 
  • Արխիվ