LPDDR5X DRAM․ Samsung-ը ներկայացրել է աշխարհի ամենաարագ դինամիկ օպերատիվ հիշողությունը

18 հոկտեմբերի, 2022  15:05

Samsung-ը ներկայացրել է 14 նմ-ի վրա հիմնված LPDDR5X DRAM-ը, որն առանց վարանելու կարելի է ասել, որ այս պահին աշխարհում ամենաարագ դինամիկ օպերատիվ հիշողությունն է (DRAM): LPDDR5X-ը վերջերս անցել է 8,5 Գբ/վ արագության թեստը՝ գերազանցելով այս տարվա մարտին գրանցված 7,5 Գբ/վ արագության ռեկորդը։

Արտադրողի խոսքով՝ նոր DRAM-ը 1,3 անգամ ավելի արագ է, քան LPDDR5 DRAM-ը, որի առավելագույն արագությունը հասել է 6,4 Գբ/վ-ի։

Ակնկալվում է, որ Samsung-ի նոր LPDDR5X DRAM-ը առաջին կստանա Snapdragon 8 Gen2 պրոցեսորը։ Փորձագետների կարծիքով՝ նոր հիշողությունն օգտատերերի համար կապահովի ավելի լավ կատարողականություն խաղերում պատկերների մշակման ժամանակ, ինչպես նաև հավելվածներում, որոնք օգտագործում են արհեստական ​​ինտելեկտի հնարավորությունները։

LPDDR5X-ի էներգասպառումը, ըստ արտադրողի, կրճատվել է 20%-ով, ինչը սպառողների համար, անշուշտ, կբարձրացնի արտադրանքի գրավչությունը։

LPDDR5X տեխնոլոգիան իրականում նոր չէ. շուկայում կան բավականին շատ սմարթֆոններ, որոնք այս հարթակով են աշխատում, բայց նոր հիշողությունը թույլ կտա հասնել էլ ավելի բարձր արագությունների։ Ընդորում՝ դրա համար կպահանջվի միայն նվազագույն ներքին փոփոխություններ:

Նոր LPDDR5X-ը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն սմարթֆոններում, այլ նաև անհատական սեղանի համակարգիչներում, սերվերներում և նույնիսկ ավտոմեքենաներում։ Արդեն այսօր էներգասպառման ցածր և արագության բարձր ցուցանիշ ունեցող DRAM-ի պահանջարկը մեծանում է ավտոմոբիլային արդյունաբերության, ինչպես նաև թեթև նոութբուքերի արտադրության ոլորտում: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ