Migo Ascender․ ցուցադրվել է առաջին ռոբոտ փոշեկուլը, որը կարող է բարձրանալ աստիճաններով (լուսանկար, տեսանյութ)

8 հունիսի, 2023  18:30

Ռոբոտ փոշեկուլներն այսօր շատ տարածված են, սակայն մինչև վերջերս դրանք ունեին մի մեծ թերություն՝ դրանք չէին կարողանում բարձրանալ աստիճաններով և մաքրում էին միայն հարթ մակերեսները։ Այժմ, սակայն, Migo Roboticsներկայացրել է Ascender ռոբոտ փոշեկուլը, որը կարող է բարձրանալ աստիճաններով և մաքրել նաև դրանք:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ նոր ռոբոտի վրա աշխատել է «Google-ի, Boston Dynamics-ի, Dyson-ի և Ecovacs-ի հայտնի փորձագետների թիմը, որոնք աշխատում են այս ինդուստրիա նորարարություն բերելու ուղղությամբ»:

Ascender-ը (որ բառացի նշանակում է «բարձրացող») կարող է և՛ կեղտը հավաքել, և՛ հատակը լվանալ: Ռոբոտ փոշեկուլը աստիճաններով բարձրանում է սարքին ամրացված մեկ զույգ «ոտքերի» շնորհիվ։

Migo Ascender

Ընկերության կայքում այս սարքի մասին մանրամասներ դեռ չկան։ Տան դասավորությունները քարտեզագրելու և մաքրման ուղիներին հետևելու համար այն, հավանաբար, օգտագործում է LiDAR: Ըստ արտադրողի՝ Ascender-ի մարտկոցը մեկ լիցքավորմամբ կբավականացնի 480 քմ տարածք մաքրելու համար, թեև, ամենայն հավանականությամբ, աստիճաններով բարձրանալուց հետո մաքրվող մակերեսը կարող է նվազել, քանի որ ռոբոտն ավելի շատ էներգիա կօգտագործի աստիճաններով բարձրանալու դեպքում։

Ռոբոտ փոշեկուլի առաջարկվող մանրածախ գինը կկազմի 1399 դոլար, իսկ առաքումները նախատեսվում է սկսել այս տարվա օգոստոսին։ Այնուամենայնիվ, նրանք, ովքեր $5 տրամադրեն ընկերության կողմից իրականացվող քրաուդֆանդինգի արշավին, Ascender-ը կկարողանան գնել $999-ով:


 
 
 
 
  • Արխիվ