Ինչպես է ԱԲ-ն մարդու նախասիրությունների հիման վրա ծանոթություններ առաջարկում․ Իգոր Խալաթյանը պատմում է իր նախագծի մասին  

23 հոկտեմբերի, 2022  15:41

iris Dating-ը ծանոթությունների հավելված է, որն ստեղծել է IdealMatch ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Խալաթյանը։ Այն տարբերվում է ծանոթությունների այլ հավելվածներից նրանով, որ հաշվի է առնում ֆիզիկական գրավչության հարցում մարդկանց նախապատվությունները։

iris Dating-ում գրանցվելուց հետո հավելվածը ցույց է տալիս, լուսանկարների շարք և հարցնում, օգտատիրոջը, թե արդյոք դրանք նրան դուր են գալիս, թե ոչ: Գործընթացը տևում է մոտ 5-10 րոպե, իսկ այդ ընթացքում արհեստական բանականությունը սովորում է օգտատիրոջ նախապատվությունների մասին։

«Բոլորն անցնում են գրանցման այս գործընթացով, որպեսզի մենք իմանանք բոլորի ֆիզիկական գրավչության նախասիրությունները: Այսպիսով, մենք կարող ենք համապատասխանեցնել այն մարդկանց, ովքեր փոխադարձաբար գրավում են միմյանց», - ասում է նա:

Հաջող հարաբերության բարձր հավանականություն

Թեև այն առաջին փուլն սկսվում է ֆիզիկական նախասիրություններից, դա դեռ չի երաշխավորում հաջող հարաբերություններ։ Սակայն, երբ մարդիկ ֆիզիկապես փոխադարձաբար գրավիչ են միմյանց, դա արդեն մեկնարկ է և բարձրացնում է հավանականությունը հաջող հարաբերության, ասում է Իգոր Խալաթյանը։

«Երբ մարդիկ փոխադարձաբար գրավիչ են միմյանց համար, նրանք կարող են սկսել շփվել, կարդալ միյանց պրոֆիլները, ավելին իմանալ միմյանց մասին և հետո տեսնել, թե արդյոք դա լավ համընկնում է և արդյոք դա կարող է հանգեցնել ավելիի», - նշում է նա:

Իգոր Խալաթյանի խոսքով՝ ծանոթությունների հավելվածներում չկա նման տեխնոլոգիա։ Այլ հավելվածներում մարդիկ ստիպված են լինում շարունակ թերթել օգտատերերի պրոֆիլները, ինչը իրականում հիասթափեցնող գործընթաց է, օգտատերերի 80%-ը հիասթափվում է դրանից:

Igor-Khalatyan-4

«Ինչո՞ւ, որովհետև դուք կարող եք կա՛մ անվերջ թերթել, կա՛մ կարող եք որոնել ըստ հեռավորության, տարիքային խմբի, սեռի, քաղաքական հայացքների, կրոնի և այլն: Բայց բոլոր այդ ֆիլտրերը կույր են, երբ խոսքը վերաբերում է ֆիզիկական գրավչությանը», - ասում է նա:

Իգոր Խալաթյանը բացատրում է, որ օրինակ, եթե ծանոթությունների այլ հավելվածներում օգտատերը կիրառում է ֆիլտր, որպեսզի գտնի մարդկանց, օրինակ՝ 20 կմ շառավղով, ապա այդ դեպքում 21 կմ և ավելի հեռավորության վրա ապրողները չեն ներառվի այդ որոնման մեջ, մինչդեռ նրանց մեջ կարող է լինել մեկը, ում տվյալ օգտատերը կարող էր հավանել։

«Այսպիսով, մեր տեխնոլոգիան շատ տարբեր է, քանի որ այն սկսվում է ֆիզիկական գրավչությունից, իսկ հետո դուք ավելին եք սովորում մարդու մասին: Հետաքրքիրն այն է, որ երբ գտնում ես մի մարդու, որը քեզ իսկապես դուր է գալիս, հանկարծ հասկանում ես, որ այս բոլոր մնացած պահանջները, որ ունեիր, դառնում են ընտրովի, քանի որ դու արդեն սիրահարվել ես», - նշում է նա:

Igor-Khalatyan

1 միլիոնից ավելի օգտվող և 15 վայրկյանը մեկ զույգի համընկնում

iris Dating-ից ավելի քան 1 միլիոն մարդ է օգտվում, նրանց մեծ մասը ԱՄՆ-ից և Եվրոպայից են։ Հայաստանում հավելվածը դեռ չեն գովազդում, սակայն Հայաստանից նույնպես օգտվողներ կան։  

«Մենք ունենք օգտատերեր, որոնք ընտանիք են կազմել, արդեն միասին են ապրում, ունենք շատ հաճախորդներ, ովքեր շնորհակալություն են հայտնում մեզ, որ օգնել ենք գտնել իրար», - ասում է նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր 15 վայրկյանը մեկ զույգի համընկնում է գրանցվում հավելվածում։

Ընկերությունը նաև տեխնոլոգիաների միջոցով կարողանում է կանխատեսել, թե կոսմետիկ ինչպիսի միջամտության դեպքում օգտատերն ամենագրավիչ տեսքը կունենա։ Նախ լուսանկարում են մարդուն, ապա Best Look ծրագիրն ուսումնասիրում է լուսանկարն ու ասում, թե ինչ փոփոխություններ են հարկավոր։

Igor-Khalatyan-1

Հայկական ստարտափերի պոտենցիալը

Իգոր Խալաթյանն ԱՄՆ տեղափոխվելուց հետո նախ աշխատել է Bell լաբորատորիաներում, այնուհետև ութ տարի Oracle ընկերությունում, ինչից հետո հղացել է iris Dating-ի գաղափարը և սկսել այն կյանքի կոչել։

Նա ասում է, որ Հայաստանը ֆանտաստիկ վայր է ՏՏ ոլորտի համար, քանի որ, ըստ նրա, հայերը հատուկ ունակություններով են օժտված, դրա մասին է վկայում նաև շախմատի ոլորտում հայերի գրանցած հաջողությունները։

Igor-Khalatyan-2

«Oracle-ում աշխատելիս ես հնարավորություն ունեի համեմատելու Հնդկաստանից, Հայաստանից կամ ԱՄՆ-ից ծրագրավորողներին, և կարող եմ անկեղծորեն ասել, որ հայերը ամենաբարձր մակարդակի վրա են։ Այնպես որ, կարծում եմ, որ Հայաստանի ՏՏ ոլորտի ապագան լուսավոր է», - ասում է Իգոր Խալաթյանը, որը առաջին ՀՀ քաղաքացին է, որ մագլցել է Էվերեստը։  


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ