Դրանք գերտաքանում են և 1 ժամում կորցնում լիցքի 20%-ը․ Google Pixel 6-ի և Pixel 7-ի տերերը հաղորդում են խնդիրների մասին

15 մայիսի, 2023  14:03

Google Pixel 6 և Pixel 7 սմարթֆոններ ունեցողներից շատերն սկսել են տարբեր առցանց ֆորումներում բողոքել, որ իրենց հեռախոսի մարտկոցն սկսել է արագ լիցքափաթվել, իսկ հեռախոսը՝ գերտաքանալ։

Ինչպես տեղեկացնում է Engadget-ը, խնդրի պատճառը կարող է լինել Google հավելվածը և թարմացումը, որը թողարկվել է մայիսի 12-ին: Որոշ օգտատերեր վերադարձել են Google հավելվածի հին տարբերակին, բայց դա շտկել է միայն մարտկոցի լիցքաթափման հետ կապված խնդիրը, իսկ գերտաքացման խնդիրը դեռ մնում է չլուծված։

Reddit-ի ֆորումներում, Google-ի աջակցության ֆորումում և Twitter-ում այս սմարթֆոնների շատ օգտատերեր ևս հաղորդում են, որ խնդիրներ ունեն:

«Իմ Pixel 6-ը և կնոջս հեռախոսը երեկվանից գերտաքացել են և ակտիվորեն օգտագործում են իրենց մարտկոցի լիցքը՝ իրականում ոչինչ չանելով: Դրանք ոչ միայն տաքանում են, այլև գերտաքանում են: Սպասման վիճակում սմարթֆոնները մեկ ժամից պակաս ժամանակում կորցնում են մարտկոցի լիցքի 20%-ը: Մեղավորը, կարծես թե, Google հավելվածի վերջին թարմացումն է, որը թողարկվել է մայիսի 12-ին»,- Reddit-ի ֆորումում գրել է nocapsallspaces անունով մի օգտատեր։

«Նույն խնդիրն ինձ մոտ է։ Այն սկսվել է երեկվանից։ Google հավելվածն սկսել է ակտիվորեն օգտագործել մարտկոցի լիցքը, նույնը մի քիչ ավելի պակաս անում է Android System Intelligence-ը: Ես պարզապես վերականգնեցի գործարանային կարգավորումները, նորից տեղադրեցի հավելվածների մեծ մասը, բայց խնդիրը չվերացավ: Հեռախոսը շատ է տաքանում»,- գրել է Reddit-ի մեկ այլ օգտատեր։

Օգտատերերի մի մասն ասում է, որ խնդրի պատճառը Android System Intelligence-ն է, իսկ մյուսները կարծում են, որ մարտկոցի հետ խնդիրն առաջացել է մայիսի թարմացումից հետո:

«Ես նույն խնդիրն ունեմ, ընդորում, անլար լիցքավորումն անհնար է դառնում, քանի որ հեռախոսը տաքանում է, դադարում է լիցքավորվել և պարզապես գերտաքացած է մնում»,- գրել է Reddit-ի TheJackieTreehorn անունով օգտատերը:

Դատելով արձագանքներից՝ Google-ն արդեն տեղյակ է խնդրի մասին։


 
 
 
 
  • Արխիվ