WhatsApp-ը գաղտնալսո՞ւմ է ձեզ․ Google-ը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել

11 մայիսի, 2023  18:06

Google-ն արձագանքել է Twitter-ի օգտատերերից մեկի հայտարարությանը, թե WhatsAppAndroid տարբերակում հավելվածը, առանց հեռախոսի տիրոջ գիտության միացնում է խոսափողը և ​​հետին պլանում լսում նրա խոսակցությունները։ Google-ը խոստովանել է, որ նման խնդրի կա՝ հավելելով, որ այն կապված է օպերացիոն համակարգի սխալի հետ։

Ինչպես տեղեկացնում է Engadget կայքը, մայիսի սկզբին վերոնշյալ օգտատիրոջ հայտարարությունով հետաքրքրվել է Twitter-ի ղեկավար Իլոն Մասկը, որը տարածել է թվիթերյան այդ գրառումը և հայտարարել, որ WhatsApp-ին «չի կարելի վստահել»։

Ավելի ուշ WhatsApp-ի ներկայացուցիչները պատասխանել են մեղադրանքներին՝ պնդելով, որ խնդիրն Android համակարգում է, և մեսենջերը մշակողների կողմից դիտավորյալ գաղտնալսման մասին խոսք լինել չի կարող։ Ապա WhatsApp-ի ներկայացուցիչները Google-ին խնդրել են հետաքննություն անցկացնել։

Շուտով Google-ը հաստատել է, որ WhatsApp հավելվածի Android տարբերակն օգտագործողների մոտ նշված խնդիրն առաջանում է Android օպերացիոն համակարգի գաղտնիության մոնիտորինգի վահանակում առկա սխալի պատճառով:

Google-ից նշել են, որ հենց այդ սխալի պատճառով օգտատերերի մոտ կարող էր տպավորություն առաջանալ, թե հավելվածը հասանելիություն է ստանում իրենց հեռախոսի խոսափողին կամ տեսախցիկին և ձայնագրում նրանց։

Սակայն ընկերությունը հավաստիացրել է, որ իրականում նման բան տեղի չի ունեցել։ Google-ը նաև վստահեցրել է, որ ակտիվորեն աշխատում է խնդրի լուծման վրա, որը կշտկվի Android-ի հաջորդ թարմացման ժամանակ։


 
 
 
 
  • Արխիվ