WhatsApp Web-ում նոր ֆունկցիա կհայտնվի․ այժմ այն փորձարկվում է

10 մայիսի, 2023  16:02

WhatsApp-ը հերթական նոր գործառույթն է փորձարկում, որը թույլ է տալիս խմբագրել արդեն ուղարկված հաղորդագրությունները WhatsApp Web-ում: Նոր գործառույթն առայժմ հասանելի է որոշ բետա փորձարկողների։ Հաղորդագրությունները խմբագրելու ժամանակն այդքան էլ շատ չէ:

Ինչպես տեղեկացնում է Gadgets360.com-ը, նոր գործառույթը հայտնվել է WhatsApp Web 2.2319.9 տարբերակում: Հաղորդագրությունը խմբագրելու համար օգտատերը պարզապես սեղմում է մկնիկի աջ կոճակը, որից հետո հայտնվում է «Խմբագրել հաղորդագրություն» հրահանգը: Առայժմ խոսքը միայն տեքստային հաղորդագրությունները խմբագրելու հնարավորության մասին է։

Տեքստն ուղարկելուց հետո այն խմբագրելու համար օգտատերն ընդամենը հինգ րոպե ժամանակ կունենա, թեև այդ ժամանակահատվածում հաղորդագրությունը կարող է խմբագրել այնքան անգամ, որքան ցանկանա։ Ընդորում՝ այս գործառույթը կաշխատի ինչպես անհատական, այնպես էլ խմբային չատերում։

Երբ Apple-ն անցյալ տարի թողարկեց iOS 16-ը, ընկերությունը հնարավորություն տվեց տեքստերը խմբագրել սեփական մեսենջերում՝ 15 րոպեի ընթացքում, թեև յուրաքանչյուր հաղորդագրություն կարող էր խմբագրվել միայն հինգ անգամ:

Թեև խմբագրման այս գործառույթը հասանելի է միայն WhatsApp Web-ի բետա տարբերակում՝ WABetaInfo-ն տեղեկացնում է, որ նույն հնարավորությունը շուտով հասանելի կլինի նաև Android-ի և iOS-ի բետա տարբերակներում: Մասնավորապես, հաղորդագրությունների խմբագրման մասին ծանուցումներն արդեն հասանելի են Android-ի համար WhatsApp-ի 2.23.10.10 բետա տարբերակում։ Թերևս սա վերջին քայլն է բջջային հավելվածների համար գործառույթի փորձարկումից առաջ:

Հարկ է նշել, որ այլ մեսենջերներն այս գործառույթն ունեն վաղուց։ Օրինակ՝ Telegram-ում հնարավոր է ոչ միայն ջնջել հաղորդագրությունները առանց որևէ հետքի, այլև խմբագրել դրանք, թեև տեքստը խմբագրելուց հետո հաղորդագրությունը նշվում է համապատասխան կերպով։


 
 
 
 
  • Արխիվ