Չինաստանը ծրագրում է 2024-ին պատմության մեջ առաջին անգամ Լուսնի հակառակ կողմից նմուշներ բերել Երկիր

5 մայիսի, 2023  20:20

Չինաստանը նախատեսում է 2024-ին առաքելություն իրականացնել, որի շրջանակում Լուսնի հակառակ կողմից նմուշներ կհավաքվեն և ուսումնասիրության նպատակով կբերվեն Երկիր: Սա կլինի պատմության մեջ առաջին նման առաքելությունը, դրա իրականացման համար նախատեսվում է օգտագործել Chang'e 6 ինքնաշխատ միջմոլորակային կայանը։

Չինաստանի Հեռավոր տիեզերքի հետազոտության խոշոր նախագծի գլխավոր նախագծող Վու Յանհուան ասել է, որ 2024-ի մայիսին Վենչանգ տիեզերակայանից Long March 5 հրթիռի միջոցով չորս տիեզերանավ կուղարկվի տիեզերք: Chang'e-6-ի առաքելությունը կտևի 53 օր, որի ընթացքում սարքերը կհասցվեն Լուսնի հակառակ կողմը, որը գտնվում է Ապոլոնի ավազան անունով հսկայական խառնարանի հարավային մասում: Այնտեղ այդ սարքավորումները կհավաքեն 2 կգ լուսնային հողի նմուշ, որն այնուհետև կբերվի Երկիր։

Մինչ Chang'e-6-ի մեկնարկը Չինաստանը նախատեսում է Լուսին ուղարկել Queqiao արբանյակը, որը կօգնի կապ պահել կայանի և Երկրի վրա գտնվող թիմերի հետ:

Ապոլոնի ավազանը գտնվում է հսկայական Հարավային բևեռ-Այթկեն ավազանում (SPA), որը 2,5 կմ տրամագծով վիթխարի հնագույն խառնարան է և ծածկում է Լուսնի հակառակ կողմի գրեթե մեկ քառորդը: Գիտնականները կարծում են, որ SPA-ի հետ բախման արդյունքում Լուսնի մակերեսին է հայտնվել նյութ, որը նախկինում եղել է Լուսնի ընդերքում։ Հետազոտողները ակնկալում են, որ այս նմուշների ուսումնասիրությունը պետք է լինի Լուսնի և Արեգակնային համակարգի զարգացման պատմության բացահայտման բանալին:

Չինաստանն առաջին անգամ Լուսնից հողի նմուշ բերել է 2020-ին՝ Chang'e-5 առաքելության ժամանակ։ Դա ավելի քան 40 տարվա ընթացքում առաջին դեպքն էր, երբ լուսնային նյութ էր առաքվում Երկիր: Նմուշները հավաքվել են Փոթորիկների օվկիանոսից՝ Լուսնի տեսանելի կողմում:

Չինացի մասնագետները նախատեսում են 2026 և 2028 թվականներին իրականացնել Chang'e-7 և Chang'e-8 առաքելությունները, որոնց մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ։ 


 
 
 
 
  • Արխիվ