Apple watchOS-ը նոր ինտերֆեյս կստանա. ի՞նչ հնարավորություններ կունենա այն

1 մայիսի, 2023  14:00

Apple ընկերությունը մտադիր է լրջորեն վերանայել և կատարելագործել watchOS 10-ը՝ խելացի ժամացույցների ծրագրակազմը: Ինչպես նշում է Bloomberg-ը, վիջեթները կրկին կդառնան սարքի կարևոր մասը։ Բացի դրանից, Apple-ն աշխատում է նաև առողջությանը հետևելու նոր ֆունկցիաների վրա։

2015-ին Apple Watch-ի ինտերֆեյսը հիմնված էր չորս հիմնական տարրերի վրա՝ ցիֆերբլատ, Glances վիջեթներ, հիմնական էկրան և արագ հասանելիություն տարածքին, որտեղ առավել հաճախակի օգտագործվող կոնտակտներն են: Հետագայում սկսեցին ավելի մեծ ուշադրություն հատկացնել ծանուցումներին և բազմաֆունկցիոնալ աշխատանքին, իսկ վիջեթներն ու հաճախակի կոնտակտները հետին պլան մղվեցին:

Այժմ, ըստ Bloomberg-ի սյունակագիր Մարկ Գուրմանի, վիջեթները կկարողանան վերականգնել իրենց նախկին նշանակությունն ու դերը։ Ինտերֆեյսի նոր ծրագրակազմը կմիավորի նախկին Glances վիջեթների հատկությունները և iPhone-ի համար iOS 14-ի շրջանակում ներկայացված վիջեթների ոճը: Այնուամենայնիվ, սպասվում է, որ ինտերֆեյսի նոր ծրագրակազմը ավելի քիչ նման կլինի iPhone-ին և շատ ավելի բնորոշ կլինի հատուկ խելացի ժամացույցներին:

Թարմացումից հետո հնարավոր կլինի թերթել կոնկրետ գործառույթների համար պատասխանատու վիջեթները, իսկ հիմնական էկրանից հավելվածներ գործարկելու կարիք չի լինի։ Օպերացիոն համակարգի նոր տարբերակում Apple Watch-ի կողային անիվը սեղմելու դեպքում կհայտնվեն վիջեթները, այլ ոչ թե հավելվածների հիմնական էկրանը:

Այս փոփոխությունների արդյունքում օգտվողները կկարողանան ավելի հեշտ և արագ հասանելիություն ունենալ իրենց անհրաժեշտ տեղեկությանը: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ նոր ինտերֆեյսի ծրագրակազմին անցումը չլինի պարտադիր, որպեսզի առավել պահպանողական օգտատերերը կարողանան շարունակել օգտագործել հին ծրագրակազմը, որին արդեն սովորել են։


 
 
 
 
  • Արխիվ