Ի՞նչ հիմնական տեսախցիկ կստանա iPhone 15 Pro Max-ը

24 ապրիլի, 2023  21:51

Apple ընկերության iPhone 15 Pro Max ֆլագմանային սմարթֆոնը որպես հիմնական տեսախցիկ կստանա ամենաթանկ՝ Sony IMX903 սենսորը, այս մասին տեղեկացնում է Ice Universe ինսայդերը, որը վստահելի է համարվում և բազմաթիվ ճիշտ կանխատեսումներ է արել։

Աղբյուրի համաձայն՝ IMX903-ում մատրիցայի չափը կլինի 1/1,14 դյույմ, ինչը մի քիչ փոքր է, քան Android-ով աշխատող ժամանակակից ֆլագմաններում կիրառվողներինը. որպես կանոն, արտադրողները դրանցում տեղադրում են մեկ դյույմանոց սենսորներ: Անցյալ տարվա iPhone 14 Pro Max-ն ուներ 1/1,28 դյույմանոց սենսորով տեսախցիկ։

Բազմաթիվ աղբյուրների համաձայն՝ IMX903-ն ավելի լավ կատարողական ցուցանիշներ կունենա, քան Samsung-ի առաջատար 200MP HP2 սենսորը: Sony-ի տված լուծման շնորհիվ, չնայած մատրիցայի փոքր չափին և 48 մեգապիքսել լուծաչափին, այն կկարողանա 20%-ով ավելի շատ լույս կլանել, ինչպես նաև կունենա 14-բիթանոց DNG RAW ձևաչափի աջակցություն:

Ավելին, ըստ Ice Universe-ի, նոր սենսորը գրեթե երկու անգամ ավելի թանկ կլինի, քան Sony IMX989 դյույմանոց սենսորը, որն օգտագործվում է ավելի վաղ ներկայացված Xiaomi 13 Ultra-ում։

Թե ինչ տեսախցիկ կունենա այս տարվա սեպտեմբերին ներկայացվելիք iPhone-ների 15 Pro մոդելը, առայժմ չի հաղորդվում։ Հնարավոր է, որ սմարթֆոնը պահպանի iPhone 14 Pro-ում օգտագործված սենսորը։

Ավելի վաղ NEWS.am Tech-ը տեղեկացրել էր, որ Apple-ի iPhone 15 հեռախոսների շարքից միայն iPhone 15 Pro Max-ը կարող է ստանալ տեսախցիկ՝ 5x կամ 6x օպտիկական խոշորացումով։ Համեմատության համար նշենք, որ iPhone 14 Pro Max-ն ունի 3x օպտիկական խոշորացում: 


 
 
 
 
  • Արխիվ