WhatsApp-ում նոր գործառույթ կգործարկվի․ շատերը գուցե չհավանեն այն

18 ապրիլի, 2023  17:02

WhatsApp մեսենջերի թիմը մշակում է չատերում անիմացիոն էմոջիների օգտագործման գործառույթ, այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Նոր գործառույթը նկատվել է ծառայության PC համակարգիչների համար նախատեսված բետա տարբերակում: Ըստ WABetaInfo-ի փորձագետների՝ անիմացիոն էմոջիները կբարելավեն օգտատերերի փորձառությունը՝ նամակագրությունը դարձնելով «ավելի զվարճալի», իսկ զգացմունքները՝ «պայծառ»:

Անիմացիան կսկսվի ավտոմատ կերպով, եթե օգտատիրոջ կողմից ընտրված էմոջին ունենա անիմացված տարբերակ։ Անիմացիոն էմոջիները ստեղծվում են Lottie-ի միջոցով, որը վեբ մշակման հատուկ գրադարան է:

WABetaInfo-ն նաև նշում է, թե լավ կլիներ, որ մեսենջերի ղեկավարությունը մտածեր նաև կարգավորումներում այս գործառույթն անջատելու հնարավորություն ավելացնելու մասին նրանց համար, ովքեր համարում են, որ էմոջիի անիմացիան ավելորդ է և խանգարում է ինֆորմացիան ընկալելուն։

Ակնկալվում է, որ նոր ֆունկցիան օգտատերերի լայն շրջանակի համար հասանելի կդառնա մոտ ապագայում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ WhatsApp-ի նոր՝ Companion ռեժիմը Android սարքերով հավելվածից օգտվողներին թույլ կտա մեկ օգտահաշիվն օգտագործել չորս տարբեր սարքերում։ Companion ռեժիմի շնորհիվ օգտատերերի բոլոր չատերն ավտոմատ կերպով կսինխրոնացվեն նույն օգտահաշվին միացված բոլոր չորս սարքերի միջև:    

Առայժմ այս նորամուծությունը հասանելի է միայն WhatsApp-ի բետա տարբերակում, իսկ թե երբ այն հասանելի կդառնա բոլորին, հայտնի չէ։ Դեռևս տվյալներ չկան այն մասին, թե երբ են ծրագրավորողները պլանավորում նմանատիպ գործառույթ գործարկել iOS սարքերի համար նախատեսված հավելվածի տարբերակում։


 
 
 
 
  • Արխիվ