Google-ը պատահաբար $10-1000 է փոխանցել Google Pay-ի մի քանի օգտատիրոջ. ոչ բոլորն են ստիպված եղել վերադարձնել գումարը

7 ապրիլի, 2023  19:48

Google-ը պատահաբար 10-1000 դոլար է փոխանցել Google Pay-ի մի քանի օգտատերերի հաշիվներին: Ոմանք նույնիսկ ստացել են մի քանի վճարումներ՝ ընդհանուր 100-700 դոլարի սահմաններում:

Ավելի ուշ ընկերությունն ստիպված է եղել ներողություն խնդրել իր սխալի համար, բայց ոչ բոլորն են ստիպված եղել վերադարձնել ստացված գումարը. ընկերությունը որոշել է գումարը հետ չպահանջել նրանցից, ովքեր արդեն ծախսել էին այն։

google-mistake

Ըստ ծրագրավորող Միշաալ Ռահմանի՝ քեշբեքի տեսքով գումարն ուղարկվել է Google Pay Reward ծրագրի միջոցով Google Pay Remittance-ի փորձնական տարբերակի թեստավորմանը մասնակցելու համար: Սովորաբար նման ծրագրերին, ըստ նրա, մասնակցում են հենց ընկերության աշխատակիցները կամ գործընկեր թեստավորողները։ Բայց ապրիլի սկզբին համակարգում խափանում է տեղի ունեցել, ինչի արդյունքում վճարումները պատահաբար բաշխվել են սովորական օգտատերերին՝ իբր այդ ծրագրին մասնակցելու համար:

google-mistake-2

Միջադեպից որոշ ժամանակ անց Google-ն էլեկտրոնային նամակ է ուղարկել գումար ստացած օգտատերերին, որում նրանց հայտնել են տեղի ունեցած սխալի և այդ գումարների հաշվեգրումը չեղարկելու ընթացակարգի մեկնարկի մասին։

Ընկերությունը նաև պարզաբանել է, որ եթե վճարումը հնարավոր չէ չեղարկել (օրինակ՝ օգտատերը այս գումարը փոխանցել է այլ հաշվի կամ ծախսել), ապա Google-ը որոշել է այդ գումարը որպես նվեր թողնել օգտատիրոջը և փոխհատուցում չի պահանջի։


 
 
 
 
  • Արխիվ