Yandex Armenia-ն և Armenian Code Academy-ն մեկնարկում են AI և ML ոլորտների մասնագետների պատրաստման ծրագիր․ ուսուցման համար կընտրվի մինչև 30 մասնակից

27 օգոստոսի, 2026  13:50

Yandex Armenia-ն և Armenian Code Academy-ն մեկնարկում են ML School Armenia-ն՝ AI-ի և մեքենայական ուսուցման (ML) ոլորտների մասնագետների պատրաստման երկամյա ծրագիր։ Ծրագրի շրջանավարտները կկարողանան տեխնոլոգիական ոլորտի համար լուծումներ ստեղծել՝ մեքենայական ուսուցման դասական համակարգերից մինչև նեյրոնային ցանցեր, համակարգչային տեսողության համակարգեր և մեծ լեզվական մոդելներ (LLM)։

Առաջին խմբում կընդգրկվի առավելագույնը 30 մասնակից՝ մաթեմատիկայից, ալգորիթմներից և ծրագրավորումից անցկացվող ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա։ Նրանց համար ուսուցումն անվճար կլինի։ Ծրագիրը նախատեսված է ՏՏ, մաթեմատիկական և տեխնիկական ուղղություններով սովորող ուսանողների և մասնագետների համար։ Դիմումները կարելի է ներկայացնել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 12-ը։

Հիմնական ծրագիրը մշակվել է Yandex-ի Տվյալների վերլուծության դպրոցի (ՏՎԴ) ակադեմիական մոտեցումների և փորձագիտական գիտելիքների հիման վրա և համադրում է հիմնարար կրթությունն ու գործնական աշխատանքը։ Ուսանողները կսովորեն աշխատել տվյալների հետ, ընտրել և կարգավորել ML մոդելներ, գնահատել լուծումների որակը, սովորեցնել նեյրոցանցերին, օպտիմալացնել կոդն ու ինֆերենսը, ինչպես նաև կուսումնասիրեն բաշխված ուսուցման և մոդելների տեղակայման մոտեցումները։

Ծրագրի առանձին դասընթացներ նվիրված են մեքենայական ուսուցման ժամանակակից ուղղություններին՝ գեներատիվ մոդելներին և մեծ լեզվային մոդելներին, համակարգչային տեսողությանը, նեյրոլեզվաբանական ծրագրավորմանը (NLP), առաջարկությունների և խոսքային համակարգերին։ Ուսանողները կկարողանան ընտրել լրացուցիչ առարկաներ և ձևավորել ուսուցման անհատական ուղին՝ իրենց հետաքրքրություններից և մասնագիտական առաջնահերթություններից ելնելով։ Մասնակիցներին հասանելի կլինեն նաև Yandex School of Data Analytics-ի որոշ դասընթացներ։

Ծրագրի գործնական մասը ներառում է «Industrial Weekend»-ներ՝ հանդիպումներ Yandex Armenia-ի և Հայաստանի այլ տեխնոլոգիական ընկերությունների ML մասնագետների հետ։ Ուսանողները կվերլուծեն իրական համակարգերի օրինակներ, կծանոթանան դրանց ճարտարապետությանը, տեխնիկական լուծումներին և նախագծային առանցքային որոշումների տրամաբանությանը։ Բացի այդ, ծրագիրը ներառում է նախագծային աշխատանք, որի շրջանակում ուսանողները կկարողանան լուծել կիրառական և հետազոտական խնդիրներ։

Դասերը կանցկացվեն շաբաթական երկուսից երեք անգամ՝ Երևանում գտնվող Yandex Armenia-ի գրասենյակում, ML School-ի հատուկ տարածքում, որի բացումը կկայանա այս տարվա հոկտեմբերին։

Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով։ Թեկնածուները պետք է անցնեն առցանց թեստավորում և օֆլայն հարցազրույց։ Ընդունելության փուլում կստուգվեն նրանց գիտելիքները մաթեմատիկայից, ալգորիթմներից և ծրագրավորումից։

Դիմեք այստեղ

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում