Ոչ ոք չպետք է կործանի ուրիշի երազանքը. Սթիվ Մաքքին՝ այն մասին, թե ինչու չի կարելի ստարտափերներին ասել՝ իրենց գաղափարն անհեռանկար է

28 հուլիսի, 2026  18:01

Ձեռնարկատիրությունը հաճախ ազատություն, սեփական ուղին ընտրելու և անձնական գաղափարներն իրականություն դարձնելու հնարավորություն են անվանում: Սակայն այդ ազատության հետևում թաքնված են մենությունը, մշտական անորոշությունը և առաջ շարժվելու անհրաժեշտությունը նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատողները կասկածում են քո հնարավորություններին կամ ասում, որ մտահղացումդ կյանքի չի կոչվի:

Հենց նման պահերին է հատկապես կարևորվում ուղղորդող փորձառու խորհրդատուի դերը. մի մարդու, որն ունակ է ոչ միայն գնահատել բիզնես- մտահղացումը, այլև օգնել հեղինակին տեսնելու թույլ կողմերը, հասկանալու սպասվող դժվարությունների ծավալը և միևնույն ժամանակ չկորցնել հավատը սեփական ուժերի հանդեպ:

«Ձեռնարկատիրությունը ամենից միայնակ մասնագիտություններից մեկն է, հատկապես, երբ գործերը վատ են ընթանում»,- հավատացած է Shourouk Media-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սթիվ Մաքքին:

2026 թվականին նա հինգերորդ անգամ մասնակցեց Seaside Startup Summit Armenia-ին իբրև մենթոր: Վեհաժողովում Մաքքին շփվում է ստարտափների հիմնադիրների հետ, նրանց հետ քննարկում գաղափարները, երազանքներն ու նպատակները, օգնում գնահատել ընտրված ուղղությունը, մասնակցում մրցույթներին և ձեռնարկատերերին ծանոթացնում հավանական գործընկերների ու ներդրողների հետ:

Ընդսմին, նրա բնորոշմամբ, մենթորի գլխավոր խնդիրներից մեկն ամենևին էլ վերջնական վճիռ կայացնելը չէ:

«Մարդիկ ցանկանում են հասկանալ՝ արդյո՞ք շարժվում են ճիշտ ուղղությամբ: Երբեմն նրանց անհրաժեշտ է հավաստիացում, հաճախ՝ ուղղակի մի փոքր հույս և աջակցություն՝ շարունակելու համար առաջ ընթանալ: Թերևս հենց դա է ինձ ամենամեծ ուրախությունը պատճառում. մարդուն փոքր-ինչ հույս տալու և անձնատուր լինել թույլ չտալու հնարավորությունը»,- NEWS.am Tech.-ի հետ զրույցում ասում է նա:

Լավ մտահղացումն այն է, որի մեջ ներդրում անելու ցանկություն ես ունենում

Ինչպե՞ս հասկանալ, որ քո առջև իսկապես հեռանկարային ստարտափ է: Սթիվ Մաքքին ունի պարզ չափանիշ. շնորհանդեսը լսելիս նա պետք է զգա, որ ինքն էլ է ցանկանում այդ նախագծի հաճախորդը դառնալ:

«Երբ ինչ-որ մեկը նստած է իմ առջև և պատմում է իր մտահղացման մասին, ուզում եմ զգալ՝ սա ինձ պետք է, ուզում եմ դա ձեռք բերել: Երբ ես հավատում եմ նրան, ինչ նրանք ստեղծում են, երբ մեջս ցանկություն է առաջանում ասելու. «Սա էլ իմ փողը, որտե՞ղ պետք է վճարեմ», ուրեմն դա լավ նշան է»:

Որպես օրինակ նա նշում է թիմը, որը փոդքասթների արտադրության օպտիմալացման գործիքներ է մշակում: Ինքը՝ Մաքքին, սեփական փոդքասթն է վարում և արդեն մոտ 450 թողարկում է արել: Նոր թողարկումներ կանոնավոր հրապարակելու համար նրան թիմ և կարգավորված աշխատանքային գործընթացներ է անհրաժեշտ: Ուստի ստարտափի առաջարկած լուծումը նրան միանգամից առանձնապես արժեքավոր թվաց: 

«Նրանք ստեղծել են հենց այն, ինչ ես երկար ժամանակ փնտրում էի: Նրանք արդեն ունեն իմ խնդրի լուծումը: Ինձ համար դա ակնառու ընտրություն է. ես ուզում եմ մասնակցել»:

Սակայն անձնական հետաքրքրվածությունը սոսկ առաջին ազդանշանն է: Մենթորը պետք է կարողանա սեփական կարիքներից լայն նայել և հասկանալ՝ արդյո՞ք ստարտափի առաջարկած գաղափարն օգտակար կլինի մյուսների համար:

Աշխատանքային տարիների ընթացքում Մաքքին օգնել է հարյուրավոր ընկերությունների դուրս գալ Կատարի շուկա և համագործակցել է ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Նրա բնորոշմամբ՝ արդյունաբերության առանձնահատկությունները միգուցե խիստ տարբերվում են, սակայն բիզնեսի հիմնարար սկզբունքները մեծամասամբ նույնն են մնում:

«Ես Աստված չեմ: Եթե մարդը որոշել է ինչ-որ բան անել, հենց ինքն էլ կլինի այն կյանքի կոչողը: Ուստի ես վերջնական դատավճիռ չեմ ընդունում սոսկ այն պատճառով, որ անձամբ ինձ գաղափարը դուր է գալիս կամ դուր չի գալիս»:

Նույնիսկ եթե ձեռնարկատերն առաջարկում է լուծում, որի մասին Մաքքին արդեն լսել է մի քանի անգամ, նա, իր բնորոշմամբ, ուղղակի չի ասի. « ձեզանից առաջ դա արդեն արել են»: Փոխարենը լավ մենթորը կարող է հաղորդակից դանձնել սեփական փորձին և տալ հարցեր, որոնք հիմնադրին կօգնեն ինքնուրույն ավելի խորությամբ գնահատել իր իսկ մտահղացումը:

Ստարտափը պետք է սկսվի ոչ թե արտադրանքից, այլ խնդրից

Գլխավոր թերություններից մեկը, որը Մաքքին նկատում է սկսնակ ձեռնարկատերերի մեջ, անբավարար ուշադրությունն է այն խնդրին, որը պետք է լուծի իրենց արտադրանքը:

Ըստ նրա՝ շատերը տարվում են բուն մտահղացմամբ և սկսում են մտածել նրա մասին, թե ինչպես ապագա նախագիծը գեղեցիկ ներկայացնեն, նախքան այն պահը, երբ կհաջողվի համոզվել, որ այն իսկապես անհրաժեշտ է շուկային:

«Նրանք ցանկանում են զարդարել տորթը ջնարակով՝ անգամ խծանրութեթև չանելով բաղադրիչները: Դեռևս նախքան շուկայի հետազոտություն անցկացնելը, նախքան պահանջարկը հաստատելը, նախքան հիմնական քայլեր անելն արդեն ցանկանում են, որ տորթը գեղեցիկ տեսք ունենա: Մինչդեռ բուն տորթը դեռ թխված չէ»:

Հենց այդ պատճառով ձեռնարկատերը պետք է ոչ միայն հնարել արտադրանքը, այլև ստուգել՝ գոյություն ունի՞ արդյոք իրական խնդիր, որն այն ունակ է լուծելու: Ընդ որում, շուկայի հետազոտությունը պարտադիր չէ, որ ձևական ընթացակարգ լինի: Հաճախորդներ փնտրելու ճանապարհին այն կարող է առաջին քայլը դառնալ:

Մաքքին բերում է պարզ օրինակ. ձեռնարկատերը գալիս է պոտենցիալ օգտատիրոջ մոտ և ասում, որ շուկայի հետազոտություն է անցկացնում, որից հետո արտադրանքի մասին կարծիք է հարցնում: Զրուցակիցը գուցե պատասխանի, որ գաղափարն իրեն դուր է գալիս, սակայն իրական օգտագործման համար որոշակի փոփոխություններ կամ լրացուցիչ գործառույթներ են անհրաժեշտ: Այդ ժամանակ ձեռնարկատերը հնարավորություն է ստանում վերադառնալ մի քանի շաբաթ անց՝ արդեն լրամշակված լուծումով և, չի բացառվում, սովորական շուկայի հետազոտությունը վերածվի առաջին վաճառքի:

«Դուք եկել էիք հետադարձ կապի համար, սակայն հետազոտությունը անցկացնելու շնորհիվ միգուցե արդեն հաճախորդի հետ հեռանաք»,- ասում է մասնագետը:

Հասկանալու համար՝ որքանով է հետաքրքիր ստարտափի առաջարկած գաղափարը, կարևոր է ոչ միայն ստուգել պահանջարկը, այլև պարզել՝ ինչով է ստարտափը տարբերվում գոյություն ունեցող լուծումներից:

«Ես միգուցե հարցնեմ. «Իսկ դուք ունե՞ք մրցակիցներ: Ուսումնասիրե՞լ եք՝ ով է արդեն նմանատիպ գործով զբաղվում»: Երբ գաղափարը այնքան հանճարեղ է թվում, որ ոչ ոք մինչ օրս չի փորձել այն իրագործել, դա ևս մտորելու առիթ է տալիս»:

Նման հարցերի նպատակը ոչ թե ստարտափերին ապացուցելն է, որ նա սխալվում է, այլ ստիպել նրան ինքնուրույն ստուգել սեփական ենթադրությունները:

Չխորտակել երազանքը, այլ ստիպել խորհել

Ի՞նչ անել, եթե ստարտափի գաղափարը բացարձակապես անիրատեսական կամ կանխավ ձախողման դատապարտված է թվում:

Մաքքիի կարծիքով՝ նույնիսկ այդ դեպքում մենթորի խնդիրը սկսնակ ձեռնարկատիրոջ ոգևորությունը մարելը չէ: Շատ ավելի կարևոր է ազնվորեն պատմել հնարավոր խոչընդոտների մասին և օգնել մարդուն ինքնուրույն հասկանալ, թե ինչի մեջ է նա մտնում:

«Պետք չէ կոտրել որևէ մեկի ոգին: Պետք է հարցերն այնպես տալ, որ մարդն ինքը մտածի այն մասին, թե որքանով է լավ ստուգել իր գաղափարը և արդյո՞ք իսկապես ըմբռնում է իր ընդունած լուծումները»:

Մի անգամ Մաքքիին բժշկական սարքավորում մշակող երեք հոգուց բաղկացած թիմ էր դիմել: Առաջին արձագանքը զգուշավոր էր. չէ՞ որ բժշկական ոլորտը հայտնի է նոր տեխնոլոգիաների ներդրման բարդ ընթացակարգերով:

«Ես հարցրեցի նրանց. «Հասկանո՞ւմ եք՝ որքան դժվար է դա լինելու: Բժշկության մեջ հաճախ գործում է սկզբունքը. եթե ինչ-որ բան փչացած չէ, ինչո՞ւ այն փոխել: Որոշ մեթոդներ օգտագործվում են արդեն 150 տարի, և դրանք չեն ցանկանում փոխարինել հենց այն պատճառով, որ դրանք առաջվա պես անխափան աշխատում են»»:

Այն ժամանակ թիմի մասնակիցներից մեկը բացատրեց, որ ինքը բժիշկ է: Գաղափարը ծնվել էր իրական մասնագիտական կարիքից. չբավարարվելով ավանդական սարքերի օգտագործմամբ հազվադեպ չափումներով, նա ցանկանում էր հնարավորություն ստանալ կանոնավոր և հեռավար կերպով հետևել բուժառուների վիճակին:

Ստարտափի առաջարկած տեխնոլոգիան պետք է տվյալները հավաքեր հեռավար՝ անլար կապի միջոցով, առանց ճնշման չափման սովորական թևքածալը մշտապես օգտագործելու անհրաժեշտության:

Երբ բժիշկը պատմեց այդ ամենի մասին, նախագիծը սկսեց բոլորովին այլ տեսք ունենալ: Նախապատրաստողի առջև այժմ ոչ թե սոսկ վերացական գաղափար էր, այլ լուծում, որը ծնվել էր կոնկրետ խնդրից, որին հիմնադիրը բախվել էր սեփական մասնագիտական աշխատանքում:

«Ո՞վ եմ ես, որպեսզի սկսնակ ձեռնարկատերերին ասեմ, թե դա շատ բարդ է, և նրանք չպետք է գնան այդ ճանապարհով: Նրանք պետք է անցնեն այդ ճանապարհը ինքնուրույն: Իմ խնդիրն է բացատրել, թե ինչ է նրանց սպասվում, այլ ոչ թե ինքնաբերաբար ասել. «Ինչ հրաշալի գաղափար է»»:

Մաքքիի բնորոշմամբ՝ մենթորը պետք է իրատես լինի, սակայն չպետք է մարդուն երազանքից զրկի:

«Ոչ ոք չպետք է խորտակի ուրիշի երազանքները: Պետք է մարտահրավեր նետել, բարդ հարցեր տալ և օգնել մարդուն տեսնել իրականությունը»:

Նա մենթորությունը համեմատում է երեխաների դաստիարակության հետ: Մաքքին ունի չորս երեխա և ութ թոռ, և սեփական փորձը համոզել է նրան. անհնար է նախապես դնել այն մարդու ընդունակությունների սահմանը:

«Չի կարելի ուղղակի ասել. «Ոչ, դու չես կարող դա անել», որովհետև, հնարավոր է, նա իսկապես կկարողանա»:

Երբեմն մարդը միևնույն է որոշում է գնալ իր ճանապարհով, նույնիսկ եթե նրան բացատրել են հնարավոր ռիսկերը: Այդ դեպքում մենթորին մնում է լինել համբերատար և երես չթեքել նրանից:

«Երբ երեխային ասում եք. «Մի կպիր, տաք է», նա միևնույն է կարող է դիպչել և այրվել: Իսկ հետո կասի. «Դու ճիշտ էիր»: Մարդիկ հաճախ ցանկանում են ամեն ինչում ինքնուրույն համոզվել»:

Ուստի, ըստ Մաքքիի, եթե սկսնակ ձեռնարկատերը ցանկանում է շարունակել աշխատանքը գաղափարի վրա, որը մենթորը թույլ է համարում, միշտ չէ, որ պետք է ցանկացած գնով նրան հետ պահել այդ մտքից:

«Եթե դուք ազնվորեն բացատրել եք՝ ինչպես եք տեսնում իրավիճակը, իսկ մարդը միևնույն է ցանկանում է փորձել, թույլ տվեք նրան: Հնարավոր է՝ ավելի ուշ նա վերադառնա ձեզ մոտ և ավելի շատ վստահի ձեր փորձին: Երբեմն մենթորի խնդիրն է ուղղակի կողքին լինելը և ձախողումից հետո մարդուն ոտքի կանգնելուն օգնելը»:

«Զգացեք վախը և միևնույն է արեք ձեր քայլը»

Չնայած բոլոր բարդություններին՝ Սթիվ Մաքքիի խորհուրդն իսկապես ձեռնարկատեր դառնալ ցանկացող մարդկանց շատ պարզ է հնչում. սկսեք գործել:

«Ուղղակի արեք այդ քայլը»:

Սակայն գաղափարի և բիզնեսի միջև մեծ տարածություն կա: Ըստ Մաքքիի՝ շատերը տարվում են արտադրանքի ստեղծմամբ, մինչդեռ բավարար ուշադրություն չեն դարձնում հիմնարար հարցերին՝ շուկայի հետազոտությանը, պահանջարկի հաստատմանը, ֆինանսական պլանավորմանը, ընկերության իրավաբանական ձևակերպմանը և այլ մանրուքների, առանց որոնց գաղափարը չի կարող վերածվել կայուն բիզնեսի:

«Ամենախրթին մասը մանրուքների մեջ է: Պետք է մարդուն վերադարձնել իրականություն և բացատրել. գործը սոսկ գեղեցիկ ջնարակի մեջ չէ: Սկզբում հարկավոր է ճիշտ պատրաստել բոլոր բաղադրիչները»:

Ձեռնարկատիրությունն ամեն մարդու գործը չէ, և դրանում վատ բան չկա: Կարելի է ընտրել կայուն աշխատանք և մասնագիտական առաջընթաց գրանցել ընկերությունում: Ընդսմին, եթե սեփական գործի ստեղծումը իսկապես ներքին ցանկություն է, Մաքքին խորհուրդ է տալիս միայն ձախողման հանդեպ վախի պատճառով դրանից չհրաժարվել:

«Ձեռնարկատիրոջ կյանքը ծանր է, թեև որոշակի փուլում այն ազատություն է տալիս: Սակայն եթե իսկապես դրա համար մեծ ցանկություն ունեք, գնացեք և գլխովին ընկղմվեք դրա մեջ: Սխալներ թույլ տվեք, ընկեք, թափ տվեք փոշին, ոտռքի կանգնեք ու շարունակեք: Իսկ հետո արդեն որոշեք՝ ցանկանո՞ւմ եք մնալ ձեռնարկատիրության ոլորտում, թե՞ նախընտրում եք վարձու աշխատանք գտնել»: 

Ընդ որում, ըստ Մաքքիի, առաջին քայլից առաջ անհրաժեշտ է ինքներդ ձեզ մի կարևոր հարց տաք. արդյո՞ք գաղափարը, որի վրա ցանկանում եք աշխատել, իսկապես գոյություն ունեցող խնդիր է լուծում:

«Եթե չեք կարող պատասխանել այդ հարցին, այլ ուղղակի մտածում եք. «Ես կցանկանայի դրանով զբաղվել», դա կարող է ձեր կյանքի ամենամեծ սխալը լինել»:

Բայց եթե մարդը հավատում է գաղափարին և զգում է, որ ձեռնարկատիրությունն իսկապես իր բնավորության մի մասն է, արժե, որ նա փորձի:

«Դուք մեկ կյանք ունեք: Զգացեք վախը և միևնույն է արեք դա»:

Seaside Startup Summit Armenia 2026

Սևանա լճի ափին հուլիսի 26-ին մեկնարկել է Seaside Startup Summit Armenia 2026 միջազգային տեխնոլոգիական և ձեռնարկատիրական ֆորումը, որը կտևի մինչև օգոստոսի 1-ը: Միջոցառումը կազմակերպել է Startup Armenia հիմնադրամը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:

Կազմակերպիչների տվյալներով՝ գագաթնաժողովին մասնակցում են ստարտափների, ներդրողների, վենչուրային հիմնադրամների, տեխնոլոգիական ընկերությունների, մենթորների և փորձագետների ավելի քան 2 հազար ներկայացուցիչներ շուրջ 50 երկրից: Ֆորումն ավանդաբար անցկացվում է բաց տեխնոլոգիական ճամբարի ձևաչափով Sevan Festival City-ի տարածքում, որտեղ մասնակիցները ոչ միայն ներկայացնում են նախագծեր, այլև նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարներ են քննարկում:

Գագաթնաժողովի ծրագրում ներառվել են միանգամից մի քանի մասնագիտացված միջոցառումներ՝ նվիրված տեխնոլոգիական զարգացման տարբեր ուղղություններին: Դրանց թվում են՝ World Youth Environment Festival, Sevan AgriTech Summit, WineTech Innovation Summit, Cyber Insurance Summit, Mining Innovation Summit և Sevan EV Rally: Յուրաքանչյուր հարթակ կենտրոնացած է առանձին ուղղությունների վրա՝ ագրոտեխնոլոգիաներից, էկոլոգիական լուծումներից և գինեգործական ոլորտից մինչև կիբեռապահովագրություն, լեռնահանքային արդյունահանման ոլորտի նորարարություններ և էլեկտրատրանսպորտի զարգացում:


 
 
 
 
  • Archive