Apple-ը կբարձրացնի տեխնիկայի գները հիշողության դեֆիցիտի պատճառով

18 հունիսի, 2026  13:01

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկն առաջին անգամ բացահայտորեն ընդունել է, որ ընկերությունն այլևս չի կարողանա զսպել իր սարքերի գների աճը։ Գլխավոր պատճառը դարձել է հիշողության չիպերի և կրիչների սուր դեֆիցիտը (պակասուրդը), որը հրահրվել է արհեստական բանականության համակարգերի բաղադրիչների նկատմամբ պայթյունավտանգ պահանջարկով։

Այս մասին Քուկը պատմել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։

Ինչու է Apple-ը բարձրացնում գները

Քուկի խոսքով՝ Apple-ը երկար ժամանակ փորձել է պաշտպանել գնորդներին թանկացումներից՝ կոմպլեկտավորող մասերի արժեքի աճը փոխհատուցելով ներքին ռեզերվների և արտադրության օպտիմալացման հաշվին։ Սակայն իրավիճակը դարձել է անկայուն։

Ընկերությունը հատկապես սուր է զգում օպերատիվ հիշողության պակասը, թեև խնդիրները շոշափում են նաև SSD-կրիչների շուկան։

Առաջարկը կրճատվում է հենց այն ժամանակ, երբ օգտատերերը սարքերից ակնկալում են ավելի ու ավելի մեծ ծավալի հիշողություն՝ ԱԲ նոր ֆունկցիաների հետ աշխատելու համար։

Քուկը ներկայիս ճգնաժամը համեմատել է «հարյուր տարին մեկ պատահող ջրհեղեղի» հետ՝ նշելով, որ ոլորտում իր ավելի քան 40 տարվա աշխատանքի ընթացքում չի բախվել նման իրավիճակի։

Հնարավոր հետևանքները գնորդների համար

Թեև Քուկը չի անվանել կոնկրետ մոդելներ և թանկացման չափսեր, վերլուծաբաններն արդեն տալիս են նախնական գնահատականներ։ TechInsights-ի տվյալներով՝ ընթացիկ ռենտաբելությունը (շահութաբերությունը) պահպանելու համար Apple-ից կարող է պահանջվել բարձրացնել iPhone 18 Pro-ի գինը մոտավորապես $270-ով։

Փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, կազդեն iPhone-ի, iPad-ի և Mac-ի ապագա սերունդների վրա։

Ընդհանուր միտումը ինդուստրիայում

Apple-ը միայնակ չէ այս խնդրում։ Վերջին ամիսներին իրենց արտադրանքի գներն արդեն իսկ բարձրացրել են Samsung-ը, Microsoft-ը, Sony-ն և Dell-ը, որոնք բախվել են հիշողության համանման դեֆիցիտի՝ ԱԲ բումի ֆոնին։

Կարճ ասած

Apple-ը ծրագրում է բարձրացնել իր սարքերի գները հիշողության և կրիչների արժեքի կտրուկ աճի պատճառով, որն առաջացել է ԱԲ-ինդուստրիայի կողմից եղած պահանջարկից։ Թիմ Քուկը խոստովանել է, որ ընկերությունն այլևս չի կարող փոխհատուցել բաղադրիչների թանկացումը ներքին ռեզերվների հաշվին։ Սա iPhone-ի, iPad-ի և Mac-ի սպասվող թանկացման առաջին պաշտոնական հաստատումն է։ Համանման միջոցներ արդեն ձեռնարկել են նաև տեխնոլոգիական այլ խոշոր ընկերություններ։


 
 
 
 
  • Archive