Հայկական ստարտափները դեպի Փարիզ տանող ճանապարհին. ովքեր կներկայացնեն երկիրը VivaTech 2026-ին

15 ապրիլի, 2026  11:04

Երևանում տեղի ունեցավ Gateway to VivaTech 2026 միջոցառումը, որը միավորեց հայկական տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին, միջազգային փորձագետներին և այն ստարտափներին, որոնք հավակնում են մասնակցել տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային խոշորագույն իրադարձություններից մեկին՝ VivaTech-ին, որը տեղի կունենա հունիսին Փարիզում:

Նախաձեռնության շրջանակում ընտրվել էին 15 հայկական ստարտափներ, որոնք իրենց նախագծերը ներկայացրին էկոհամակարգի առաջատար ներկայացուցիչներից կազմված ժյուրիին: Փիթչ-սեսիայի արդյունքներով երեք ընկերություններ հնարավորություն ստացան մեկնել Փարիզ՝ եվրոպական EU4Innovation East ծրագրի աջակցությամբ: Gateway to VivaTech 2026 մրցույթի երեք հաղթողների մրցանակաբաշխության արարողությանը մասնակցեց Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պատվիրակ նախարար Բենժամեն Հադադը:

Երեք հաղթողները և նրանց լուծումները

Մրցույթի հաղթողներ ճանաչվեցին Medpe, Denovo Sciences և Tactun ստարտափները: Արդյունքների հրապարակումից հետո թիմերը ներկայացրին իրենց նախագծերը՝ հակիրճ պատմելով մշակումների էության և դրանց գործնական կիրառության մասին:

Այսպես, MedPair-ը՝ ֆրանս-հայկական healthtech ստարտափը, մշակում է արհեստական բանականության վրա հիմնված լուծումներ՝ պացիենտների հետ փոխգործակցության անհատականացման համար: Հարթակը թույլ է տալիս տվյալներ հավաքագրել դեռևս մինչև բժշկի խորհրդատվությունը՝ համապատասխան հարցաշարերի միջոցով, և ձևավորել կառուցվածքային տեղեկատվություն մասնագետների համար:

Denovo Sciences-ն իր հերթին օգտագործում է գեներատիվ արհեստական բանականությունը՝ դեղամիջոցների մշակման գործընթացն արագացնելու համար: Ընկերության հիմնական նպատակն է օգնել դեղագործական կորպորացիաներին ավելի արագ գտնել լուծումներ այն հիվանդությունների բուժման համար, որոնք այսօր մնում են անբուժելի:

Tactun-ը ներկայացրեց ռոբոտաշինության ոլորտի մշակում՝ կառավարման համակարգ, որը յուրօրինակ «կապող օղակ» է ծրագրային ապահովման և ֆիզիկական սարքերի միջև: Տեխնոլոգիան կարող է կիրառվել տարբեր ոլորտներում, ներառյալ գյուղատնտեսությունը, շինարարությունը և սպասարկման ոլորտները:

Հայացք Եվրոպայից. շեշտը նորարարությունների և խիզախության վրա

Միջոցառումն անցկացվեց PicsArt-ի գրասենյակում, որը հարթակ դարձավ ձեռնարկատերերի և միջազգային գործընկերների միջև երկխոսության համար: Հենց այստեղ են ձևավորվում նոր կապեր, որոնք ունակ են հայկական ստարտափներին դուրս բերել գլոբալ շուկաներ:

Ելույթ ունենալով մասնակիցների առջև՝ Բենժամեն Հադադը շնորհավորեց իրենց նախագծերը ներկայացրած բոլոր թիմերին՝ ընդգծելով հայ ձեռնարկատերերի տաղանդի, ստեղծարարության և էներգիայի բարձր մակարդակը:

«Այսօր մեզ համար, քան երբևէ, կարևոր է աջակցել այն ձեռնարկատերերին, ովքեր պատրաստ են ռիսկի դիմել, ընկերություններ ստեղծել, երբեմն սխալվել և նորից սկսել: Հենց սա է ձևավորում ուժեղ եվրոպական տնտեսության և ինքնիշխանության հիմքը»,- նշեց նա:

Նախարարը նաև շեշտեց, որ նորարարությունների զարգացումը կրիտիկական նշանակություն ունի առանցքային ոլորտներում՝ առողջապահությունից մինչև պաշտպանություն և տիեզերական արդյունաբերություն, Եվրոպայի անկախությունն ապահովելու համար: Նրա խոսքով՝ տեխնոլոգիական ոլորտում Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցությունը լավատեսություն է ներշնչում և բացում նոր հեռանկարներ:

Համաշխարհային ասպարեզում ինքնադրսևորվելու շանս

Ավարտին Բենժամեն Հադադը վստահություն հայտնեց, որ ներկայացված ստարտափներից շատերը կկարողանան իրենց մասին բարձրաձայնել միջազգային ասպարեզում, և նշեց, որ ուրախ կլինի նրանց հետ կրկին հանդիպել Փարիզի VivaTech-ում արդեն այս ամառ:

Իրենց հերթին կազմակերպիչները ընդգծեցին, որ նմանատիպ միջոցառումները դառնում են հայկական, եվրոպական և ֆրանսիական նորարարական էկոհամակարգերի շփման կարևոր կետ՝ նպաստելով բիզնես կապերի և ներդրումային հոսքերի զարգացմանը:


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive