Արհեստական բանականությունն սրընթաց զարգանում է՝ բարձր մասնագիտացված ալգորիթմներից անցնելով աշխարհը հիմնարար կերպով փոխելու ունակ համակարգերի: Դրա մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հայտարարել է NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լիբարիտյանը DigiConf-ի շրջանակում իր ելույթի ժամանակ: Նա մանրամասն ներկայացրել է Արհեստական բանականության առաջընթացը՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով դրա էվոլյուցիայի և ֆիզիկական արհեստական բանականության երևան գալու վրա:
Արհեստական բանականության էվոլյուցիան. դասակարգումից մինչև գեներատիվ մոդելներ
Լիբարիտյանը նշեց, որ Արհեստական բանականության հեղափոխությունը մեկնարկել է 2012 թվականին, երբ Տորոնտոյի համալսարանի հետազոտողները ստեղծեցին AlexNet նեյրոնային ցանցը, որը լուծեց պատկերի դասակարգման խնդիրը: «Հիսուն տարի մենք չէինք կարողանում մշակել ալգորիթմ, որպեսզի համակարգիչը շանը կատվից տարբերեր: AlexNet-ը դա փոխեց»,- ասում է նա: Այս առաջընթացը նշանավորեց ծրագրային ապահովման մշակման նոր մոտեցում. ձեռքով կոդավորելու փոխարեն մարդիկ սկսեցին համակարգիչներին տրամադրել տվյալներ, որպեսզի վերջիններս իրենք կարողանային ալգորիթմներ ստեղծել:
2017–2018 թվականներին տրանսֆորմերների գյուտը սկիզբ դրեց գեներատիվ արհեստական բանականության դարաշրջանին: «Մենք վերցրեցինք ամբողջ համացանցը, աշխատեցրինք այն գերհամակարգչի միջոցով և լեզուն ընդհանուր մակարդակով ըմբռնող մոդել ստացանք»,- պարզաբանում է Լիբարիտյանը: GPT-ի նման մոդելները դարձան համապարփակ գործիքներ, որոնք ի վիճակի էին լայն շրջանակի առաջադրանքներ կատարել: ChatGPT-ի թողարկումը 2022 թվականին ցույց տվեց այդ տեխնոլոգիաների հզորությունը՝ պարզ ինտերֆեյսի միջոցով արհեստական բանականությունը հասանելի դարձնելով։
Ֆիզիկական արհեստական բանականություն. տեխնոլոգիաների նոր դարաշրջան
Լիբարիտյանը հատուկ ընդգծեց ֆիզիկական արհեստական բանականությունն իբրև զարգացման հաջորդ փուլ: «Մենք վերցնում ենք թվային աշխարհում ապրող ինտելեկտուալ գործակալներին և նրանց տալիս ենք մարմիններ, որպեսզի նրանք կարողանան գործել ֆիզիկական աշխարհում»,- ընդգծում է նա: Դա ներառում է ինքնագնաց մեքենաներ, գործարանների և պահեստների համար ռոբոտներ և համակարգեր, որոնք կարող են ընկալել աշխարհը տեսախցիկների միջոցով և որոշումներ ընդունել։
Նա նշեց, որ ֆիզիկական արհեստական բանականության շուկան ներառում է ֆիզիկական աշխարհին առնչովող 100 տրիլիոն դոլար գնահատվող ոլորտներ, ի տարբերություն 5 տրիլիոն դոլար արժեցող տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի: Պատմության մեջ առաջին անգամ մենք կարող ենք համակարգչային տեխնոլոգիաները կիրառել որպես իրական ուժեղացուցիչ և արագացուցիչ այս «ֆիզիկական» ոլորտների համար, այլ ոչ թե միայն մեկերի և զրոների աշխարհում: «Եթե մենք կարողանանք արհեստական բանականությունը կիրառել ֆիզիկական աշխարհում, այն կդառնա արագացուցիչ բոլոր ոլորտների համար»,- ասում ՝ Լիբարիտյանը: Նման տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավտոմատացնել այն առաջադրանքները, որոնք նախկինում կարող էին կատարել միայն մարդիկ։
Գերհամակարգիչներն իբրև արհեստական բանականության հիմք
Արհեստական բանականության ստեղծման համար անհրաժեշտ են գերհամակարգիչներ, որոնք Լիբարիտյանը համեմատում է արդյունաբերական ենթակառուցվածքների հետ: «Գերհամակարգիչը սոսկ մեծ համակարգիչ չէ. դա գործարանի պես գործող մեկ ամբողջական համակարգ է»,- պարզաբանում է նա: Իր չիպերով հայտնի NVIDIA-ն ստեղծում է ամբողջական համակարգեր, որոնք համատեղում են հազարավոր բաղադրիչներ՝ վիթխարի քանակությամբ տվյալներ մշակելու համար: 2019 թվականին աշխարհի քսան ամենահզոր գերհամակարգիչներից երեքը պատկանում էին NVIDIA-ին, ինչն ընդգծում է նրանց առաջատարությունն այս ոլորտում։
Լիբարիտյանը շեշտեց, որ գերհամակարգիչները համակարգչային գիտության հիմնարար գործիք են, նման ֆիզիկոսների համար գծային արագացուցիչներին: «Առանց դրանց անհնար է առաջատար դիրքերում զարգացնել արհեստական բանականությունը»,- նշում է նա: Այդ համակարգերը տվյալները և էներգիան «տոկեններ»՝ թվային գիտելիքներ են մշակում, որոնք դառնում են արհեստական բանականության նոր մոդելների հիմքը։
Արհեստական բանականության գործարանները. նոր արդյունաբերական հեղափոխություն
Լիբարիտյանը ընթացիկ արհեստական բանականության հեղափոխությունը համեմատեց էլեկտրաէներգիայի ի հայտ գալու հետ: «Մենք ստեղծում ենք գործարաններ, որոնք վերցնում են էներգիա ու տվյալներ և ինտելեկտ են արտադրում»,- ասում է նա: Այդ արհեստական բանականության գործարանները տեղեկությունները փոխակերպում են բարձրարժեք և ցանկացած ոլորտում կիրառելի գիտելիքների: Նա նշեց, որ նման գործարանները զգալի ռեսուրսներ են պահանջում՝ հողատարածք, էլեկտրաէներգիա, մասնագիտացված հարմարություններ և անխափան ինտերնետ կապ:
Ըստ Լիբարիտյանի, արհեստական բանականության գործարանները տարբերվում են ավանդական տվյալների կենտրոններից, որոնք պարզապես տվյալներ են պահպանում և փոխանցում: «Արհեստական բանականության գործարանները նման են գործարանների, որոնք հումքից և էներգիայից հավելյալ բարձրարժեք ապրանքներ են արտադրում», - պարզաբանում է նա: Դա նոր տնտեսական հնարավորություններ է ընձեռելով՝ թույլ տալով մետաղից և պլաստիկից պատրաստված մեքենաների հետ համեմատելի արժեք ստեղծել:
Արհեստական բանականության ապագան և դրա ազդեցությունը
Լիբարիտյանն արհեստական բանականության ապագան տեսնում է իբրև անկախ գործակալներ գործող ինքնավար համակարգերի ստեղծման մեջ: «Մենք անցնում ենք մարդկանց օգտագործած գործիքներից դեպի ինքնուրուն որոշումներ ընդունող համակարգեր»,- ասում է նա: Այդ համակարգերն արդեն սկսում են գործել թվային աշխարհում՝ կատարելով մի շարք առաջադրանքներ, մասնավորապես՝ հաճախորդների սպասարկումը կամ ժամանակացույցի կազմումը, իսկ շուտով կտարածվեն ֆիզիկական աշխարհում:
Նա ընդգծեց նաև, որ արհեստական բանականությունը կարող է ինքնուրույն տնտեսական արժեք ստեղծել՝ «արհեստական աշխատողների» դեր ստանձնելով։ Դա հատկապես կարևոր է սահմանափակ բնակչություն ունեցող երկրների համար, քանի որ արհեստական բանականությունն ի վիճակի է բարձրացնել արտադրողականությունը՝ առանց մարդկային աշխատանքին ապավինելու։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում