«Աստղային դարպասներ». Ի՞նչ է հայտնի Հայաստանում 500 միլիոն դոլար արժեքով սուպերհամակարգչի մեգանախագծի մասին

29 օգոստոսի, 2025  12:05

Փարիզում կայացած Viva Technology եվրոպական խոշորագույն ստարտափների և տեխնոլոգիաների կոնֆերանսի բեմում հնչեց մի նորություն, որը կարող է փոխել տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը. Հայաստանը մեկնարկում է մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով մեգանախագիծ: Երկրում կստեղծվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը՝ հիմնված արհեստական բանականության (ԱԲ) վրա, մի մասշտաբ, որն աննախադեպ է Հարավային Կովկասում:

Նախագծի հետևում կանգնած են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, համաշխարհային տեխնոլոգիական հսկա NVIDIA-ն, Սան Ֆրանցիսկոյում և Երևանում գործող նորարար Firebird ընկերությունը և հեռահաղորդակցության ոլորտի խաղացող Team Group-ը: Ներդրողների թվում է Նուբար Աֆեյանի հիմնադրամը՝ հայկական ծագմամբ լեգենդար ձեռնարկատիրոջ, ով միլիարդավոր դոլարներ է ներդրել համաշխարհային բիոտեխնոլոգիաների և տեխնոլոգիական նորարարությունների մեջ:

Հնարավորությունների պատուհան, որը չի կարելի բաց թողնել

Ինչպես նշում է NVIDIA-ի Omniverse և սիմուլյացիոն տեխնոլոգիաների փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, Հայաստանում ստեղծվող սուպերհամակարգիչը ոչ միայն ենթակառուցվածքային օբյեկտ կլինի, այլև նոր գաղափարների և հետազոտությունների գեներատոր: Այդ հետազոտությունները կվերածվեն ստարտափների, ապա՝ ընկերությունների, ձևավորելով տնտեսության զգալի մասը և Հայաստանը դարձնելով համաշխարհային տեխնոլոգիական ասպարեզի նշանակալի խաղացող:

Նրա խոսքով՝ առանց առաջադեմ տեխնոլոգիաների անհնար է կառուցել հզոր տնտեսություն, իսկ առանց հզոր տնտեսության երկիրը հետաքրքիր չի լինի այլ պետությունների համար: Սա նշանակում է, որ վտանգված կլինի նաև նրա անվտանգությունը: Հետևաբար, այս նախագիծը ոչ միայն ներդրումներ կամ նոր աշխատատեղեր է: Սա ռազմավարական քայլ է:

«Այսօր մենք գտնվում ենք եզակի հնարավորությունների պատուհանում: Առաջիկա տարիներին նման ենթակառուցվածքներ կհայտնվեն բազմաթիվ երկրներում և կդառնան նույնքան հիմնարար, որքան էլեկտրաէներգիան: Մեր խնդիրն է օգտվել այս պահից՝ Հայաստանում ստեղծելու ստարտափներ և հետազոտություններ, որոնք ճիշտ իրագործման դեպքում կարող են տասնյակ միլիարդավոր դոլարներ բերել», — ընդգծել է Լեբարեդյանը «Re:arrange» փոդքաստի եթերում:

Այն, ինչ այսօր կառուցվում է Հայաստանում, կարելի է անվանել արհեստական բանականության իսկական «գործարաններ»: Նրա խոսքով՝ ԱԲ-ի գործարանը մեծ մեքենա է, որն ընդունում է էներգիա և հումք, իսկ ելքում արտադրում է բարձր ավելացված արժեքով արտադրանք: Սովորական տվյալների կենտրոնները կառուցված են այլ կերպ. դրանք պարզապես պահպանում և փոխանցում են տվյալներ, և ընկերությունները սովորաբար ձգտում են նվազագույնի հասցնել դրանց պահպանման ծախսերը: Բայց ԱԲ-ի «գործարաններն» աշխատում են այլ տրամաբանությամբ: Այստեղ մուտքագրվում են երկու ռեսուրս՝ էներգիա և տվյալներ, իսկ ելքում ծնվում է նոր արտադրանք՝ բանականություն, որն արտահայտվում է թոքեններով: Ըստ էության, սա տեղեկատվության վերափոխումն է արժեքի:

Այդպիսի «գործարանների» արդյունավետությունը չափվում է նույն ծավալի էներգիայի և տվյալների դեպքում արտադրված թոքենների քանակով: Որքան բարձր է արտադրողականությունը, այնքան մեծ է ստեղծվող արժեքը: Այս մոտեցման առանձնահատուկ նշանակությունը կայանում է նրանում, որ այն լուծում է առաջարկում էներգիայի ավելցուկ ունեցող երկրների համար: Ավանդական արտահանումը պահանջում է ցանցեր, փոխանցման գծեր և միշտ կապված է կորուստների ու աշխարհաքաղաքական ռիսկերի հետ: Բայց եթե էներգիան վերափոխվի թոքենների՝ բանականության թվային ձևի, այն կարելի է պահպանել և փոխանցել ինտերնետով՝ գրեթե առանց կորուստների և սահմանափակումների:

Հայաստանի համար սա բացում է եզակի հեռանկարներ: Ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը տիրապետում է միջուկային ռեակտորի, հիդրոէլեկտրակայանների և արագ զարգացող արևային էներգետիկայի: Ավելցուկ էլեկտրաէներգիան ավանդական ճանապարհով արտահանելը բարդ է, բայց այն բանականության վերափոխելը իրական այլընտրանք է: Սա ոչ միայն տեխնոլոգիական լուծում է, այլև տնտեսության նոր մոմդել, որում էներգիան վերածվում է համաշխարհային թվային արտադրանքի:

Հայաստանը առաջին քայլն է անում

Team Group-ի և Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը ընդգծել է, որ արհեստական բանականության նոր գործիքները, ինչպիսիք են ChatGPT-ն կամ ԱԲ-ի գործակալները, առաջիկա տարիներին արմատապես կփոխեն բազմաթիվ ոլորտներ:

«Վերցնենք, օրինակ, կոլ-ցենտրերը: Արդեն այսօր ԱԲ-ն ունակ է պատասխանել հաճախորդների հարցերի 90%-ին, իսկ երբեմն՝ բոլորին: Սա նշանակում է, որ հեռահաղորդակցության ընկերություններում, բանկերում կամ այլ ոլորտներում կհայտնվեն վիրտուալ գործակալներ, որոնք կկատարեն մի ամբողջ բանակի աշխատակիցների գործառույթները: Եթե մենք կարողանանք գործել բավական արագ և խելացի, ապա կստանանք ոչ թե 3 միլիոն մարդ, այլ, պայմանականորեն, 30 միլիոն վիրտուալ գործակալներ, որոնք աշխատում են մեզ համար, ստեղծում ավելացված արժեք և գումար բերում տնտեսությանը: Այդ ծառայությունները կարելի է վաճառել ամբողջ աշխարհում», — նշել է նա:

Եսայանի խոսքով՝ այս ԱԲ գործարանն կունենա մի քանի հիմնական դեր: Առաջինը՝ հետազոտական. հնարավորություն է ստեղծվում նոր գաղափարներ մտածել, օրինակ՝ ChatGPT-ի նման, և դրանք վերածել համաշխարհային մակարդակի ընկերությունների: Երկրորդը՝ սպասարկում: ԱԲ-ի գործարանների հիման վրա կարելի է գործարկել ամբողջական ծառայություններ և հարթակներ: Ամեն անգամ, երբ օգտատերը շփվում է վիրտուալ գործակալի հետ, հաշվարկները կատարվում են այդ կենտրոնի ներսում՝ արտադրելով արժեք թոքենների տեսքով:

Երրորդ ուղղությունը ֆիզիկական աշխատուժն է, երբ ԱԲ-ն դուրս է գալիս վիրտուալ գործակալների սահմաններից և կառավարում է ռոբոտներ, որոնք կատարում են իրական առաջադրանքներ ֆիզիկական աշխարհում:

Եսայանը նաև հստակեցրել է, որ նախագիծը կառուցվում է ԱՄՆ-ում հիմնադրված Firebird ընկերության հիման վրա, սակայն առաջին քայլը կատարվում է հենց Հայաստանում: Ընթացիկ փուլում տվյալների կենտրոնը կհագեցվի 5000 GPU-ով, իսկ հաջորդ տարի դրանց թիվը կաճի մինչև 15,000: Բայց ծրագրերը սրանով չեն սահմանափակվում. ապագայում Firebird-ը մտադիր է նմանատիպ կենտրոններ կառուցել տարբեր երկրներում՝ ապահովելու համաշխարհային մատչելիություն հաշվողական հզորություններին:

«Մենք սկսում ենք Հայաստանից, բայց Firebird-ի նպատակն է դառնալ միջազգային խաղացող ԱԲ-ի գործարաններ ստեղծելու գործում», — ընդգծել է նա:


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive