Գրավիտացիոն ալիքներ. Ինչու՞ նրանց գոյությունը ապացուցելու համար պահանջվեց 100 տարի

8 փետրվարի, 2025  10:28

Գրավիտացիոն ալիքները Տիեզերքի ամենաառեղծվածային և տպավորիչ երևույթներից են: Դրանց գոյությունը առաջին անգամ կանխատեսել էր Ալբերտ Այնշտայնը ընդհանուր հարաբերականության տեսության շրջանակում, սակայն երկար ժամանակ մնում էին միայն տեսական հասկացություն: Միայն մեկ դար անց գիտնականներին հաջողվեց գրանցել այս տատանումները, ինչը նոր դարաշրջան բացեց աստղաֆիզիկայի համար: Այս հայտնագործությունը ոչ միայն հաստատեց ֆիզիկայի հիմնարար օրենքները, այլև հնարավորություն տվեց նոր հայացքով նայել Տիեզերքի բնույթին:

«Բա իմացա՞ր» ծրագիրն այս թեման քննարկելու համար հրավիրել է աստղաֆիզիկոս Արմեն Սեդրակյանին:

Գիտության եւ տեխնոլոգիաների վերաբերյալ հարցազրույցների գործընկերն է Team Telecom Armenia:

Գրավիտացիոն ալիքներ. բացահայտելով Տիեզերքի տատանումների գաղտնիքները

«Ընդհանրապես, ֆիզիկայում տարածությունը և ժամանակը դիտարկվում են որպես միասնական քառաչափ տարածաժամանակ: Այս մոդելում երեք չափերն ընդգրկում են տարածությունը (երկարություն, լայնություն, բարձրություն), իսկ չորրորդը՝ ժամանակը: Գրավիտացիոն ալիքները այս քառաչափ տարածաժամանակի տատանումներն են: Դրանք առաջանում են զանգվածեղ օբյեկտների արագացված շարժման հետևանքով, օրինակ՝ սև խոռոչների կամ աստղերի բախման ժամանակ: Ճիշտ է, նույնիսկ ավտոմեքենայի արագացումն էլ կարող է առաջացնել գրավիտացիոն ալիքներ, սակայն դրանք չափազանց թույլ են: Մեր գրանցած ուժեղ ալիքները գալիս են տիեզերքից»,- բացատրում է գիտնականը:

Երևույթն ավելի լավ պատկերացնելու համար կարելի է հիշել ջրի վրա ընկած քարը. երբ այն ընկնում է, առաջանում են ալիքներ: Նույնը տեղի է ունենում տիեզերքում, երբ զանգվածեղ մարմինները շարժվում են՝ ստեղծելով ալիքներ տարածաժամանակում:

«Գրավիտացիոն ալիքները տարածվում են ինչպես ծովի ալիքները: Բայց եթե ջրի դեպքում խոսքը հեղուկի տատանումների մասին է, ապա գրավիտացիոն ալիքների դեպքում տատանվում է հենց տարածաժամանակը: Լավ համեմատություն կարելի է անել նաև լույսի հետ, որը էլեկտրամագնիսական ալիք է: Լույսի ալիքները կապված են լիցքավորված մասնիկների շարժման հետ, որոնք կարող են անդրադարձնել լույսը: Գրավիտացիոն ալիքները նույնպես ալիքներ են, բայց տարածվում են ոչ թե ջրում կամ օդում, այլ հենց տարածաժամանակում»,- շարունակում է Սեդրակյանը:

Գրավիտացիոն ալիքները կօգնեն ուսումնասիրել հեռավոր տիեզերքը

«Գրավիտացիոն ալիքները, իհարկե, կորցնում են էներգիա, երբ հանդիպում են օբյեկտների, բայց դա տեղի է ունենում շատ դանդաղ: Ջրի ալիքների դեպքում մածուցիկությունը դանդաղեցնում է էներգիայի տարածումը, սակայն գրավիտացիոն ալիքների համար այս կորուստները աննշան են, եթե դրանք չհանդիպեն զանգվածեղ օբյեկտների: Դրա շնորհիվ մենք կարող ենք գրավիտացիոն ալիքներով ուսումնասիրել Տիեզերքի շատ հեռավոր հատվածները և նույնիսկ հայացք գցել դեպի անցյալ՝ ներառյալ վաղ Տիեզերքում տեղի ունեցած իրադարձությունները»,- նշում է Սեդրակյանը՝ խոսելով գրավիտացիոն ալիքներով հետազոտությունների հեռանկարների մասին:

Այսպիսով, գրավիտացիոն ալիքների միջոցով գիտնականները կարող են ուսումնասիրել միլիարդավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները, օրինակ՝ սև խոռոչների կամ նեյտրոնային աստղերի միաձուլումը, որոնք հաճախ անտեսանելի են սովորական լույսի համար:


 
  • #ԳործԿա

  • Most read
 
 
 
 
  • Archive