«Ինչի՞ս է պետք ERP, MRP, CRM․ ես հաշվապահ ունեմ՝ ամեն ինչ կանի»․ այս խոսքը ՏՏ մասնագետ Գարեգին Սարգսյանը 16 տարվա իր կարիերայի ընթացքում շատ անգամ է լսել։ Տարակուսում է՝ 21-րդ դարի տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում, երբ արհեստական բանականությունը կանխատեսումներ է անում ֆինանսական շուկաներում և անգամ ստեղծում ֆիլմեր, հայ շատ գործարարներ բիզնեսի կառավարումը դեռ նույնացնում են հաշվապահության հետ: Մինչդեռ առաջադեմ տեսակն էլ կա, որն ավտոմատացնում է բիզնեսի յուրաքանչյուր ստորաբաժանումն ու ընթացակարգը՝ դարձնելով պարզ, թափանցիկ և արդյունավետ, ինչի շնորհիվ բացառում է վատնումները, կրճատում կոռուպցիան և ուղղորդում բիզնեսը դեպի զարգացում՝ հստակ թվերով և բաց աչքերով։
«Ավելի պարզ բացատրեմ՝ ինչ է ERP-ն․ ոնց որ մարդը՝ թեեւ ունի տարբեր օրգաններ, բայց դրանք փոխկապակցված են եւ նա մեկ ամբողջական օրգանիզմ է, որը կառավարվում է ուղեղով, այնպես էլ բիզնեսը՝ թեեւ ունի տարբեր ստորաբաժանումներ, բայց դրանք փոխկապակցված են, մեկի գործառույթն ազդում է մյուսի վրա եւ ամբողջը կառավարվում է ERP համակարգով։ Օրինակ, երբ մարդու ատամը ցավում է՝ ուղեղն այդ մասին իմանում է եւ ազդանշան ուղարկում մեզ, որի արդյունքում մենք որեւէ քայլ ենք անում, այնպես էլ ձեռնարկություններում շատ դեպքերում մի ստորաբաժանման աշխատակիցը մյուսից տեղյակ չէ՝ կապը կտրված է, եւ հենց ERP-ն է, որ այդ ուղեղի դերն է ստանձնում՝ ստանում տեղեկատվությունը բոլոր ստորաբաժանումներից, վերլուծում ու հաղորդում մեզ, որ անհրաժեշտ քայլերը կատարենք։ ERP-ն ապահովում է փոխկապակցվածությունն ամբողջ բիզնեսում․ ինչպես մարդու նյարդերը, այնպես էլ համակարգի կապուղիները մի օրգանից մյուսն են գնում»,-բացատրում է բիզնեսի ավտոմատացման Como Code ընկերության հիմնադիր Գարեգին Սարգսյանը։
ERP, MRP, CRM՝ ինչպես սկսվեց ամեն ինչ․ ավելի քան 30 տարի առաջ, երբ Հայաստանում բիզնեսը սահմանափակվում էր սեղանիկներով կամ չջեռուցվող տաղավարներով, ամերիկյան Gartner ընկերությունը, որն աշխատում էր տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդատվության ոլորտում, առաջ քաշեց ERP (Enterprise Resource Planning)՝ ձեռնարկության ռեսուրսների պլանավորման գաղափարը, որը ձեւավորել էր MRP (Manufacturing Resource Planning)՝ արտադրական ռեսուրսների պլանավորման կոնցեպտի հիմքի վրա։ Տեխնոլոգիական հսկաները սկսեցին այս գաղափարները կիրառել՝ ստեղծելով կառավարման համալիր համակարգեր:
«Հայաստանում, ցավոք, մինչ օրս բիզնես միջավայրն ընդամենը փորձում է հարմարվել նոր փոփոխություններին՝ կենտրոնանալով Լարսում մնացած բեռնատարների կամ, լավագույն դեպքում, փոքր արտադրամասերի վրա։ Շատ գործարարներ չեն գնահատում հաճախորդների կարծիքը, չեն վերլուծում բողոքներն ու կարիքները, և հաճախ առնվազն CRM համակարգի բացակայությունը խանգարում է հաճախորդների հավատարմության ձևավորմանը։ Նրանց համար Microsoft Excel-ը կամ հարևանի տղայի ստեղծած մի քանի աղյուսակով ծրագիրը համարվում է բիզնեսի ավտոմատացման բարձրագույն կետը։ «Հաշվապահը ամեն ինչ կանի․․․», բայց արդյո՞ք դա բավարար է: Իհարկե ո՛չ։ Գոյություն ունեն այնպիսի կազմակերպություններ, որոնք ներդրել են բիզնեսի կառավարման լիարժեք ավտոմատացված ERP համակարգեր։ Այս ընկերություններում հաշվապահն ի՛ր գործով է զբաղվում՝ օգտագործելով արդեն համակարգի մշակած և համադրած ճշգրիտ տվյալները հարկերի հաշվարկի և մատակարարների պարտքերի վերահսկման համար։ Մնացած բոլոր բիզնես գործընթացները՝ վաճառք, արտադրություն, մարքեթինգ և հաճախորդների հետ աշխատանք, ավտոմատացված են և զերծ են ավելորդ ռիսկերից»,-մանրամասնում է Գարեգին Սարգսյանը։
Խոշոր ընկերություններից մեկում, որը կառավարում էին բացառապես մարդիկ՝ առանց ավտոմատացված համակարգերի, արտադրամասի ղեկավարի ու ֆինանսական տնօրենի խոսքը ծանրակշիռ ազդեցություն ուներ ռազմավարական որոշումներ կայացնելիս, նրանք վայելում էին հիմնադրի անվերապահ վստահությունը թե՛ որպես մասնագետներ, թե՛ որպես հարազատ մարդիկ։ Բայց մի օր ընկերության հիմնադիրը շատ պատահական լսում է ERP համակարգի մասին։ Եվ հենց խնդիր է առաջանում նշված ստորաբաժանումների միջեւ՝ հիշում է համակարգի մասին, հետաքրքրվում ու գտնում Գարեգին Սարգսյանին, որի խոսքն էլ լսել էր ERP-ի մասին։ Ասում է՝ կարծես թե ձեր կարիքն ունեմ՝ հասել եմ աշխատանքի մի ծավալի, երբ արդեն ուղեղս չի ֆիքսում, որ կառավարեմ իմ հիմնարկը։ Հարցին՝ մինչեւ հիմա ինչպե՞ս էիք կառավարում, պատասխանում է՝ ամեն ինչ հիշում էի։ Փաստորեն, եկել էր մի պահ, երբ խոշոր գործարքներով պատվերները շատացել էին, եւ ընկերությունում սկսել էին չհիշել, թե ում ի՞նչ խոստում էին տվել, որ պրոյեկտը ե՞րբ պետք է ավարտեին, որտեղ ինչքա՞ն գումար էին ծախսել, ո՞ր գործարքն էր արդյունավետ, ո՞րը՝ ոչ, որ չկրկնեն եւ այլն։ Իսկ ամենամեծ խնդիրը, որ ունեին՝ մատակարարման հարցն էր։ Գարեգին Սարգսյանը խորհուրդ է տալիս ռեինժեներինգ անել՝ նորից գծել ամբողջ հիմնարկի կառուցվածքը եւ փուլ առ փուլ սկսել ներդնել ERP համակարգի բաղադրիչները, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն։ Այս ամենը անում են միասին՝ հասկանալով հենց այդ հիմնարկի յուրահատկությունն ու կարիքները եւ ավտոմատ ծրագրերը հարմարեցնելով դրանց լուծմանը։ Անցնում է մեկ տարի։ Հիմնադիրը ոգեւորված հայտարարում է, որ ընկերության շրջանառությունը կրկնապատկվել է եւ առանձնահատուկ շնորհակալություն հայտնում Գարեգին Սարգսյանին։ Երբ նա ասում է՝ իրենք հո գովազդ չե՞ն արել, որ ընկերության աճն իրենց վերագրվի, հիմնադիրը պատասխանում է՝ փաստորեն, մենք ոչ թե գովազդի, այլ կառավարման կարիք ունեինք։
«Ասում է՝ մենք չէինք կարող պատկերացնել, որ արդեն կան այդպիսի լուծումներ, որոնցով զուտ մեզ մնում է սովորել աշխատել եւ ներդնել, ու դրանից հետո հիմնարկը կսկսի աշխատել «ժամացույցի նման»։ Փաստորեն, գործարքները կրկնապատկվել էին եւ իրենք կարողացել էին նույն թիմով ավելի շատ պատվերներ կատարել»,-պատմում է Գարեգին Սարգսյանը։
Մեկ այլ հիմնարկում էլ ներդրված ավտոմատացման համակարգը բացահայտում է շատ մեծ կոռուպցիոն հանգույց․ այն գնումների բաժնում էր՝ այսպես կոչված «ատկատ», որը աչքի համար աննկատ էր։ Տնօրենը չգիտեր այդ մասին, որովհետեւ պահեստապետն էր կարգավորում այդ հարցերը։ Այսպիսի շատ ընկերություններ կան, որտեղ համակարգը բազմաթիվ չարաշահումներ ու վատնումներ է վերացրել։
Գարեգին Սարգսյանի հիմնադրած՝ Como Code ընկերության ERP համակարգը շուկայում եղածներից առանձնանում է նրանով, որ ներառում է անգամ CRM համակարգ որպես ERP-ի մաս։ Բացի այս, ունի աշխատակազմի կառավարման՝ HR, տվյալների վերլուծության, ֆինանսական-հաշվապահական, պահեստի, մատակարարման, որակի եւ ժամկետի վերահսկման եւ կոնկերտ բիզնեսին անհրաժեշտ ավտոմատացման ցանկացած այլ ծրագիր։
Համակարգի ներդրման հենց սկզբից ընկերությունն իրականացնում է տվյալ հիմնարկի աշխատակիցների ուսուցում, որպեսզի նրանք ոչ թե հակադրվեն նոր տեխնոլոգիաների բերած թափանցիկությանը եւ չներմուծեն տվյալները, այլեւ հասկանան, որ դա բերում է նոր բարձր բիզնես մշակույթ, որից շահելու են թե՛ իրենք, թե՛ հիմնարկը։
Մինչ համակարգի ներդրումը ընկերության փորձառու խորհրդատուներն ու մասնագետները գնահատում են տվյալ բիզնեսը, առավելագույնս արդյունավետ կառուցում բիզնես գործընթացները, հետո նոր ավտոմատացնում ու սպասարկում։ Խորհրդատուները շարունակում են պահել կապը ձեռնարկության աշխատակիցների հետ անգամ համակարգի ներդրումից հետո, որպեսզի ցանկացած դժվարություն արագ հարթեն, իսկ եթե հանկարծ մնացել է ավտոմատացման կարիք ունեցող որեւէ պրոցես՝ դա եւս ավելացնեն։
Այսպիսով, բիզնեսի կառավարումը, ինչպես նաև ցանկացած ձեռնարկության աճն ու կայուն զարգացումը մեծապես կախված են ավտոմատացման ճիշտ գործիքների կիրառումից: ERP, MRP և CRM և HRM համակարգերը ոչ միայն ճիշտ տնօրինում են բիզնեսի ռեսուրսները, այլև ապահովում երկարատև հաջողություն։
Աննա Բալյան
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում