Ինչպե՞ս տեխնոլոգիանները կփոխեն մեդիա բովանդակությունը․ պանելային քննարկում «Ստեղծելով ապագան» սիմպոզիումի շրջանակում

4 նոյեմբերի, 2024  17:09

Ինչպե՞ս են տեխնոլոգիաներն արդեն փոխել տեղեկատվական դաշտը և բովանդակության արտադրության և մատուցման եղանակը և ինչպե՞ս կփոխեն ապագայում, ի՞նչ գիտական ​​և ՏՏ լուծումներ կարող են մուտք գործել մեդիա ոլորտ մոտ ապագայում, արհեստական բանակությունը (ԱԲ) մեդիա տեխնոլոգիայի օգնականներ են, թե՞ ապագայի մեդիան որոշող գործոններ: Այս և մի շարք այլ թեմաներին էր նվիրված Մոսկվայում նոյեմբերի 4-6-ն անցկացվող «Ստեղծելով ապագան» սիմպոզիումի շրջանակում կազմակերպված «Ինչպես տեխնոլոգիաները կփոխեն բովանդակությունը. ստեղծում, սպառում, բաշխում» խորագրով պանելային քննարկումը։

«Առաջին ալիք» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը և ReFace Technology-ի համահիմնադիր, AKAR-ի փոխնախագահ Ալեքսեյ Պարֆունը, նախ՝ մի քանի օրինակներ ցուցադրեցին, թե ինչպես է ԱԲ-ն կիրառվում է տեսանյութերի, ապա նաև երաժշտության ստեղծման գործում։ Անդրադառնալով մեդիայում ԱԲ գործիքների կիրառմանը՝ Կոնստանտին Էռնստն ասաց, որ պետք չէ շատ միջամտել և սահմանափակել ԱԲ զարգացմանը։ Այդուհանդերձ, ըստ նրա՝ քանզի բովանդակությունն այսօր, թերևս, ամենակարևոր բաներից է, ԱԲ-ն, իր բոլոր առավելություններով հանդերձ, նաև վտանգներ է պարունակում և կարող է ոչ բարի նպատակներով կիրառվել։

«Կարծում եմ, որ սա կարևոր խնդիրներից մեկն է, քանի որ եթե չսահմանափակենք առաջընթացի որոշ վեկտորներ, ապա հնարավոր է՝ բախվենք մի բանի, որը մենք՝ որպես մարդկություն, չկարողանանք հաղթահարել»,- ասաց նա՝ հավելելով, որ ինչ-որ պահի պետք է կանգ առնել, քանի որ որոշ ժամանակ անց այն կարող է դուրս գալ վերահսկողությունից։

«Մարդիկ երբեմն հարցնում են, թե արդյոք ԱԲ–ն իսկական բանականությունից ավելի խելացի կլինի։ Ըստ իս՝ դժվար թե։ Սակայն քանի որ իսկական բանականությունն ունի տարբեր, ոչ ամենալավ որակների հավաքածու, այն կտա այդ հնարավորությունը ԱԲ-ին, իսկ թե ինչով դա կավարտվի մարդկության համար, դժվար է կանխատեսել, ավելի լավ է ինչ-որ կերպ ապահովագրվել դրանից»,- ասաց նա՝ հավելելով, որ գուցե ԱԲ-ն ապագայի ամենագլխավոր զենքն է։

Ինչպե՞ս կտարածվի թվային բովանդակությունը հետագայում

Ինչպե՞ս է թվային բովանդակությունը հետագայում տարածվելու և ի՞նչ դեր ունի ԱԲ-ն այստեղ։ «Արտադրված է Ռուսաստանում» ազգային ապրանքանիշի գլխավոր տնօրեն Միխայիլ Սադչենկովի կարծիքով՝ ամենակարևոր միտումն առաջին հերթին հաղորդակցության սահմանների ամբողջական վերացումն է ԱԲ տեխնոլոգիաների միջոցով, որոնք թույլ են տալիս բովանդակությունը թարգմանել տարբեր լեզուներով և այն տարածել ողջ աշխարհում։ Ըստ նրա ուժեղ խթան կլինի մեդիայի համար, քանի որ բազմաբևեռ աշխարհում լեզվական այս պրոդուկտների պահանջարկը առաջիկայում մեծ կլինի։

Երկրորդ միտումը, ըստ նրա՝ բովանդակության արտադրության ապակենտրոնացումն է, քանի որ այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս խմբագիրների կամ այլ մասնագետների աշխատել հեռավար կարգով, այդ թվում այլ երկրներից։ Աշխատանքի ծավալի գնահատման, վճարման գործընթացի ավտոմատացումը զգալիորեն նվազեցնում է լրատվամիջոցը պահելու ծախսերը, ի տարբերություն նախկին պրակտիկայի, երբ պետք էր գրասենյակ վարձել, մարդկանց հավաքել մեկ տեղ և այլն։  

Երրորդ միտումը, ըստ Միխայիլ Սադչենկովի՝ լրագրողական գործունեության տնտեսական նպատակահարմարությունն է։ Եթե նախկինում լրատվամիջոցն ուներ կայք, որը համարվում էր գլխավոր հարթակը, որում հրապարակվում էին նյութերը, գեներացվում էր լսարան, որի հիման վրա էլ վաճառվում էր գովազդ, հիմա ամեն ինչ փոխվել է, քանի որ միայն կայք ունենալն ակտուալ չէ, այժմ կայքը հարթակ է, որը փոխլրացնում է տարբեր սոցհարթակներում տվյալ լրատվամիջոցի ունեցած էջերին։

«Տեխնոլոգիաներն ամենագլխավոր գործիքն են, որոնցով կարելի է հասնել  բովանդակության ստեղծման համար պահանջվող ծախսերի օպտիմալացմանը։ Այս գործիքները սովորելով և այդ ծախսերը կրճատելով՝ կարելի է շատ քիչ գումարով շատ գործ անել։ Կոնկրետ մեր ունեցած բովանդակության ինքնարժեքն էապես ցածր է շուկայականից հենց այդ տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր մեդիայի համար էլ ավելի կարևոր է ունենալ ոլորտային պրոֆեսիոնալ լրագրողներ։

Ինչպե՞ս է ԱԲ-ն ազդում տեղեկատվության տարածման վրա

Իրաքի նախագահի մեդիա և հաղորդակցական տեխնոլոգիաների գծով խորհրդական Խալդուն Աբդուլլահ Մահմուդը մի շարք խնդիրներ է տեսնում նրանում, թե ինչպես է ԱԲ-ն ազդում տեղեկատվության տարածման վրա։ Ըստ նրա՝ արդեն կան բազմաթիվ դեպքեր, երբ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսաբովանդակություն է տարածվել համացանցում, ընդորում՝ ֆանտաստիկ արագ։ Նրա խոսքով՝ եթե դա հումորային, անմեղ տեսանյութ է, ապա այստեղ մեծ խնդիր կարծես թե չկա։ Սակայն լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, եթե այդ տեսանյութերում, օրինակ՝ խոսի որևէ երկրի նախագահ կամ վարչապետ և կարևոր ուղերձներ հղի։

«Բոլորս ենք օգտագործում ԱԲ տեխնոլոգիաներ տարբեր ոլորտներում, այն շատ է օգնում մարդկանց, սակայն միևնույն ժամանակ, կարծում եմ, որ լուրջ մարտահրավեր է ողջ աշխարհի համար այն իմաստով, թե ինչպես կարող ենք վերահսկել այն հնարավորությունները, որոնք ունի ԱԲ-ն»,- ասաց նա։   

Խալդուն Աբդուլլահ Մահմուդի խոսքով՝ արդեն այսօր ԱԲ-ով ստեղծված կեղծ նորությունները մեծ հարված են հասցնում, քանի որ շատերը սպառում են այդ կեղծ ինֆորմացիան՝ նույնիսկ չհասկանալով։ Արդյունքում խառնաշփոթ է ստեղծվում, թե որն է իրական և որը կեղծ, և այստեղ շատ անելիքներ կան։

Ինչպե՞ս է ԱԲ-ն ազդում բիզնեսի վրա

Համակարգչային գրաֆիկայով զբաղվող Main Road Post-ի հիմնադիր, գործադիր տնօրեն Արման Յախինն ասում է ստեղծագործական գործընթացը բավական ծախսատար, աշխատատար, դանդաղ պրոցես է։ Նախկինում նկարիչը պետք է ձեռքով նկարեր տեսարանը, և եթե հաջող ստացվեր, արդեն կարող էր անցնել հաջորդ փուլին, իսկ եթե ոչ, ապա պետք է նկարեր նորից և այդպես շարունակ։

Սակայն այսօր օգնության են հասնում նեյրոցանցերը, որոնք շատ են օգնում այդ հարցում և բավական արագացնում են գործընթացները, որոնք նախկինում շատ ավելի մեծ ջանքեր ու ժամանակ էին պահանջում։ Ընկերությունն այսօր օգտագործում է տարբեր նեյրոցանցեր տարբեր առաջադրանքների համար։

«Պարզ առաջադրանքների դեպքում նեյրոցանցը շատ արագացնում է արդյունք ստանալու գործընթացը, իսկ բարդերի դեպքում ընդհանուր առմամբ բարձրացնում է որակը, քանի որ մենք ունենք փորձելու շատ հնարավորություններ և ստանում ենք ավելի լավ արդյունք այն ժամանակահատվածում, որ մեզ հատկացված է»,- ասաց նա։Ըստ նրա՝ այսօր շատերը կարծում են, որ նեյրոցանցը ինչ-որ բանի փոխարինող է, մինչդեռ դա այդպես չէ, պարզապես մի փոքր փոխվում է գործընթացը և արդյունքը դառնում է ավելի որակյալ և ավելի մատչելիի։

Ի՞նչ է սպասվում ապագայում

Գիտաֆանտաստիկ գրող, համակարգչային խաղերի մշակող Անտոն Կարելինն ասում է, որ ԱԲ-ով բովանդակության ստեղծումը վաղուց միտում չէ, այլ արդեն ներկա իրողություն է։ Գրաֆիկայի ոլորտում նեյրոցանցերն անցել են մի ուղի, երբ սկզբում ստեղծում էին պրիմիտիվ պրոդուկտներ, հիմա արդեն պրոֆեսիոնալին մոտ արտադրանք են տալիս։

Անտոն Կարելինի խոսքով՝ եթե այսօր ԱԲ շատ գործիքներ միայն ստուդիաները, մշակողներն են օգտագոծում, ապա շուտով կսկսվի դրանց զանգվածային օգտագործումը, քանի որ դրանք աստիճանաբար հասանելի կդառնան մարդկանց։ Դա, ըստ նրա՝ բովանդակության սպառման միանգամայն նոր դարաշրջան կբացի, քանի որ մարդիկ կսկսեն հարմարեցնել այն իրենց կարիքներին։

Ըստ նրա՝ եթե այսօր արդեն համացանցում կան տեսանյութեր, որոնցում հայտնի ֆիլմերի դերասաններին նեյրոցանցերի միջոցով փոխարինում են մեկ այլ դերասանով, ապա կլինեն նաև դեպքեր, երբ կսկսեն փոխել նաև նրանց տեքստերը։ Նեյրոցանցերի շնորհիվ նույն ֆիլմի տարբեր տարբերակներ կթողարկվեն՝ տարբեր երկրների, մշակույթների համար, քանզի դա է պահանջում բիզնես շահը։

«Իհարկե, բացասական միտումների վտանգներ նույնպես կլինեն, քանի որ նեյրոցանցերի սեփականատերերը կարող են և կօգտագործեն մշակույթների անհատականացումը, որպեսզի առաջ մղեն իրենց օրակարգը անհատապես յուրաքանչյուրի մոտ՝ անհատական մոտեցմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս իմաստով կարևոր է, որպեսզի լինեն անկախ նեյրոցանցեր, որոնց չենք թելադրի այս կամ այն ուժի օրակարգը։

Անտոն Կարելինի խոսքով՝ երբ նեյրոցանցերը հասնեն զարգացման այնպիսի աստիճանի, երբ այսօրվա կարճ տեսանյութերի փոխարեն արդեն կկարողանան ստեղծել երկար ու ամբողջական տեսանյութեր, որոնք կարող են կիրառվել հոսքային ծառայություններում, արդեն այդ ժամանակ կսկսվի «անհատական գեներատիվ մշակույթի» դարարջանը։ Օրինակ՝ մեդիակորպորացիաները կունենան տվյալների հսկայական բազաներ, և նեյրոցանցերն իրենց բաժանորդներին հնարավորություն կտան իրենց համար անհատական սերիալ պատրաստել, բժիշկը կկարողանա իր բուժառուի համար անհատական սերիալ պատրաստել, որը բուժառուին կօգնի անցնել հիվանդության տվյալ դժվարին փուլը և այլն։

Նշենք, որ NEWS.am-ը «Ստեղծելով ապագան» սիմպոզիումի ինֆորմացիոն հովանավորն է։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում