Apple-ը կարող է նոյեմբերին դադարեցնել Vision Pro-ի արտադրությունը․ ի՞նչն է պատճառը

24 հոկտեմբերի, 2024  15:19

Apple-ը ցածր պահանջարկի պատճառով կտրուկ կրճատել է Vision Pro սարքի արտադրությունը։ Ինչպես հայտնում է The Information-ը, մինչև 2024-ի վերջը ընկերությունը կարող է ամբողջությամբ դադարեցնել այս տարբերակի արտադրությունը, որը թողարկումից առաջ համարվում էր iPhone-ին փոխարինող և հեղափոխական պրոդուկտ։

Վկայակոչելով մարդկանց, որոնք ուղղակիորեն մասնակցում են այս սարքի բաղադրիչների ստեղծմանը, աղբյուրը գրում է, որ արտադրության կրճատումն սկսվել է ամռան սկզբին։ Ընդորում, Apple-ը պահեստում ունի բավականաչափ Vision Pro՝ մինչև հաջորդ տարի պահանջարկը բավարարելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Vision Pro-ի պահանջարկը թույլ է եղել բարձր գնի և հետաքրքիր հավելվածների բացակայության պատճառով։ The Information-ը հայտնում է, որ Vision Pro մատակարարներն արդեն արտադրել են բաղադրիչներ, որոնք բավարար են 500,000-ից 600,000 սարք ստեղծելու համար: Որոշ գործարաններ դադարեցրել են Vision Pro-ի բաղադրիչների արտադրությունը դեռ մայիսին՝ Apple-ի վաճառքի թույլ կանխատեսումների պատճառով, իսկ պահեստները դեռ լի են տասնյակ հազարավոր չթողարկված մասերով:

Apple-ը Vision Pro սարքերը հավաքող Luxshare չինական ընկերությանը վերջերս տեղեկացրել է, որ գուցե նոյեմբերին ստիպված լինի դադարեցնել արտադրությունը: Ներկայումս Luxshare-ն օրական արտադրում է մոտ 1000 Vision Pro, ինչը կեսն է այն ծավալի, երբ արտադրությունն իր գագաթնակետին էր։

Աղբյուրը հավելում է, որ վաճառքի աճի դեպքում Apple-ը դեռ կկարողանա վերսկսել Vision Pro-ի արտադրությունը, քանի որ արտադրական հոսքագծերը դեռ չեն ապամոնտաժվի։ 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում