Սմարթֆոնների, պլանշետների և էլեկտրոնային այլ սարքերի չափից ավելի օգտագործումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել, զգուշացնում են հոգեբանության ոլորտի մասնագետները։
Հոգեբան Լիդիա Կուտուզովան ռուսական «Իզվեստիա» թերթի հետ զրույցում ասել է, որ էլեկտրոնային սարքերով մշտապես տարվելը կարող է հանգեցնել տեղեկատվական գերբեռնվածության, կենտրոնանալու ունակության նվազման, հիշողության խանգարման և հոգնածության ավելացման։
Բացի դրանից՝ տեխնոլոգիայի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել սոցիալական մեկուսացում, անելիքների հետաձգում, կախվածություն սարքերից և քնի խանգարումներ: Երեխաների և դեռահասների մոտ դա կարող է հանգեցնել խոսքի զարգացման հետաձգման, կենտրոնացման խնդիրների, սոցիալական հմտությունների նվազման և հուզական ինտելեկտի թուլացման:
Փորձագետը խորհուրդ է տալիս հստակ ժամկետներ սահմանել էլեկտրոնային սարքերով աշխատելու համար, ստեղծել «սարքերից զերծ գոտիներ», օգտագործել հատուկ հավելվածներ՝ առցանց անցկացրած ժամանակը վերահսկելու համար և թվային դետոքսներ կիրառել:
Նա նաև խորհուրդ է տալիս երեխաներին սովորեցնել էլեկտրոնային սարքերի ճիշտ օգտագործումը, խրախուսել կենդանի շփումը և համատեղ ընտանեկան գործունեությունն առանց էլեկտրոնիկայի օգտագործման:
Մասնագետն ընդգծում է, որ հոգեկան և ֆիզիկական առողջության համար բացասական հետևանքներից խուսափելու համար կարևոր է սովորել ճիշտ վերահսկել սարքերի օգտագործումը։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում