Ինչպե՞ս է այսօր զարգանում ռոբոտաշինությանը, ինչպե՞ս են արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող ռոբոտներն օգտագործվում Երկիր մոլորակն ավելի դիմակայուն դարձնելու, կարևորագույն գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար։ Այս թեմաներին էր նվիրված Էլեկտրական և համակարգչային տեխնիկայի փորձագետ, պրոֆեսոր Սեբաստիեն դե Հալյոյի պրեզենտացիան, որը նա ներկայացրեց օրերս Երևանում տեղի ունեցած Նորարարությունների և տեխոնոլգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում։
Երկիր մոլորակը՝ վտանգի տակՊրոֆեսոր դե Հալյոն նշեց, որ մարդու գործունեության հետևանքով Երկիր մոլորակն այսօր այդքան էլ լավ վիճակում չէ։ «Մենք սպառում ենք ռեսուրսները, որոնք ժամանակին համարում էինք անսահմանափակ»,- ասաց նա՝ նկատի ունենալով անտառների արագ հատումը, հողի սննդանյութերի սպառումը և չափից ավել ձկնորսությունը, որոնք կտրուկ ազդել են համաշխարհային էկոհամակարգերի վրա: Նա ընդգծեց, որ ձկան գլոբալ պաշարներն իրենց նվազագույնին են հասել 1996-ին, այսինքն՝ այդ պահից ձկան պաշարները դադարել են ավելանալ։
Բացի դրանից, եղանակային ծայրահեղ իրադարձությունները, ինչպիսիք են ջրհեղեղները, հրդեհները և փոթորիկները, տեղի են ունենում ավելի հաճախ և ավելի մեծ ինտենսիվությամբ: «Փոթորիկների և մրրիկների կործանարար ուժն աճում է, քանի որ դրանք սնվում են օվկիանոսների աճող ջերմությունից»,- նշեց նա՝ վկայակոչելով ենթակառուցվածքների վերականգնման անհրաժեշտությունը:
Չնայած դժվարին մարտահրավերներին՝ դե Հալյոն նշեց, որ ողջ մոլորակի մասշտաբով էներգիայի զանգվածային անցում է տեղի ունենում, որը պայմանավորված է վերականգնվող էներգիայի աղբյուրներով: Նա ասաց, որ արևի և քամու էներգիան այժմ պատմության մեջ առաջին անգամ ավելի էժան է, քան հանածո վառելիքը։ «Էներգիայի կուտակման առաջընթացի շնորհիվ, օրինակ՝ պինդ վիճակում գտնվող լիթիում-մետաղական մարտկոցները, մենք տեսնում ենք էներգիայի հզորության զգալի բարելավումներ: Սա առանցքային է ռոբոտների դերի համար այս նոր դարաշրջանում»,- բացատրեց նա:
Պրոֆեսորը ռոբոտներին համարում է այս փոխակերպման անբաժանելի մասը, հատկապես վերականգնվող էներգիայի ոլորտում, որտեղ նրանք կարող են օգնել հեռավոր շրջաններում ենթակառուցվածքների կառուցմանը և պահպանմանը: «Ո՞վ կօգնի կառուցել և պահպանել այս հսկայական համաշխարհային ենթակառուցվածքը: Ռոբոտները»,- վստահորեն հայտարարեց նա։
Երկրի ցուցանիշների գնահատումԴե Հալյոյի ելույթի կենտրոնական թեմաներից մեկը վերաբերում էր Երկրի ցուցանիշների քանակական գնահատմանը։ «Մենք չենք կարող ֆիքսել այն, ինչ չենք կարող չափել»,- ասաց նա։ Այս հայեցակարգը հիմք է հանդիսանում ռոբոտային համակարգերի տեղակայման համար՝ վերահսկելու և չափելու Երկրի ամենակարևոր գործընթացները: Չափելով այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք են արեգակնային ճառագայթումը, օվկիանոսի ջերմության կլանումը և մթնոլորտային փոփոխությունները, ռոբոտները վճռորոշ դեր են խաղում կլիմայի փոփոխության բարդությունները և գլոբալ բնապահպանական տեղաշարժերը հասկանալու համար:
Ռոբոտները ծովում. Saildrone ExplorerԻր ելույթում պրոֆեսորը ներկայացրեց Saildrone Explorer-ը՝ յոթ մետր երկարությամբ, քամու ուժով աշխատող ծովային ռոբոտը, որն ունակ է իրականացնել հեռահար ինքնավար առաքելություններ աշխարհի ամենադաժան օվկիանոսային միջավայրում: Քամու շարժիչի և արևային էներգիայով աշխատող սենսորների համակցությամբ այս ռոբոտները կարող են չափել մթնոլորտային փոփոխականները, ինչպիսիք են քամու ուժգնությունը և ջերմաստիճանը, ինչպես նաև ստորջրյա պայմանները, ներառյալ աղիությունը և լուծված CO2-ը:
«Saildrone Explorer-ն օգտագործում է ընդամենը 3 Վտ հզորություն, սակայն այն կարող է ճանապարհորդել ամբողջ օվկիանոսներով՝ առանց վառելիքի, անձնակազմի կամ տեխնիկական սպասարկման»,- նշեց դե Հալյոն՝ հավելելով, որ տեխնոլոգիական հրաշքը քամու ուժով աշխատող սարքերի ոլորտում տասնամյա հետազոտությունների և մշակումների արդյունք է: Ճակատագրի հեգնանքով, այս նորամուծությունն առաջացել է անապատային մրցարշավներում ցամաքային արագության ռեկորդները գերազանցելու փորձերի արդյունքում նաև, ինչը վկայում է, որ երբեմն առաջընթացը կարող է գրանցվել անսպասելի աղբյուրներից:
ԱԲ-ի միջոցով բաց ծովի մշտադիտարկումՊրոֆեսորի խոսքով՝ ծովային ռոբոտներին իսկապես արժեքավոր է դարձնում այն, որ դրանք իրական ժամանակում հսկայական ծավալի տվյալներ են կարողանում հավաքել և մշակել: «Մենք ստեղծել ենք օվկիանոսների ImageNet-ը»,- ասաց նա՝ նկատի ունենալով այս սարքերի վրա ամրացված տեսախցիկները և դրանց ստեղծած պիտակավորված լուսանկարների հսկայական բազան: Այս տվյալները հնարավորություն են տվել ուսուցանել ԱԲ համակարգ, որն ամբողջությամբ ճանաչում է ծովային տիրույթը։
ԱԲ-ով աշխատող այս ռոբոտներն այժմ վերահսկում են օվկիանոսներում երթևեկությունը, հայտնաբերում ապօրինի ձկնորսական գործունեությունը և նույնիսկ հետևում են անջատված լույսերով նավերի տեղաշարժին, որոնք հաճախ անօրինական գործունեություն են ծավալում: «Դա ռոբոտների աշխատանքն է, հատկապես, երբ անօրինական գործողություններ կատարողները փորձում են թաքնվել մթության մեջ»,- ասաց դե Հալյոն՝ մատնանշելով այս տեխնոլոգիաների դերը օվկիանոսներին վերաբերող օրենքներն ու կարգուկանոնն ապահովելու գործում:
Դե Հալյոն խոսեց նաև փոթորիկներին հետևելու Saildrone-ի գործառույթի մասին։ 2021-ին Saildrone-ը հաջողությամբ նավարկել է Սեմ փոթորիկի միջով՝ արձանագրելով, թե ինչ տեսք ունի 4-րդ աստիճանի փոթորիկը ներսից, կադրեր, որոնք մարդկությունը երբեք չի տեսել: «Ոչ մի մարդ երբևէ նման տեսարանի ականատես չի եղել, իսկ եթե տեսել է, ապա չի փրկվել, որպեսզի պատմի դա»,- ասաց նա։ Այս ռոբոտային առաքելությունների կադրերը, ըստ նրա, անգնահատելի են եղանակային ծայրահեղ օրինաչափությունների մասին մարդկության ընկալումները բարելավելու համար:Օվկիանոսի մակերևույթից բացի՝ հսկայական այս ռոբոտը նաև կարողանում է մինչև 8000 մետր խորության վրա քարտեզագրել օվկիանոսի հատակը և մեծ դեր է խաղացել ստորջրյա նոր լեռնաշղթաների և նավաբեկությունների բացահայտման գործում՝ ընդլայնելով մարդկանց գիտելիքները Երկրի այս հատվածների մասին:
Քարտեզագրել ամբողջ օվկիանոսը«Seabed 2030» նախագծի հետ համագործակցությամբ՝ Saildrone-ը նպաստում է մինչև 2030-ը օվկիանոսի ամբողջ հատակը քարտեզագրելու հավակնոտ նպատակի իրագործմանը: Դե Հալյոն նշեց, թե սա մեծամասշտաբ մարտահրավեր է, քանի որ օվկիանոսի 80%-ը դեռևս հիմնականում ուսումնասիրված չէ: Այնուամենայնիվ, հազարավոր ռոբոտների օգնությամբ նա կարծում է, որ այս նպատակն իրագործելի է: «Մենք նախագծում ենք ռոբոտների նավատորմ՝ մոլորակային ծածկույթի հասնելու համար»,- նշեց դե Հալյոն:
Այս ռոբոտներից յուրաքանչյուրը տվյալներ հավաքելու գլոբալ ջանքերում առանցքային դերակատար է, և, ըստ դե Հալյոյի, «ավելի լավ ներդրումը հանգեցնում է ավելի լավ արդյունքի»: Այս ռոբոտային առաքելություններից ստացված պատկերացումները կենսական նշանակություն ունեն կլիմայի փոփոխության երևույթները հասկանալու համար, ինչպիսիք են Էլ Նինյոն, օվկիանոսային հոսանքները և մթնոլորտային պայմանները, որոնք ազդում են գլոբալ եղանակային համակարգերի վրա:
Դիմակայուն մոլորակ՝ ռոբոտների օգնությամբԵզրափակելով իր ելույթը՝ դե Հալյոն նշեց, թե պատկերացնում է այնպիսի ապագա, որտեղ ԱԲ-ով աշխատող ռոբոտները կդառնան կարևոր գործիքներ ավելի դիմակայուն աշխարհ ստեղծելու նպատակով մարդկության կողմից գործադրվող ջանքերում: «Մենք ապրում ենք հիանալի մոլորակի վրա, և ռոբոտները կօգնեն մեզ հասկանալ այն, պաշտպանել այն և, ի վերջո, փրկել այն»,- հայտարարեց նա:
Ըստ պրոֆեսորի՝ ռոբոտաշինության և ԱԲ համատեղումը միայն տեխնոլոգիական ձեռքբերում չէ, այլև բնապահպանական անհրաժեշտություն: Երբեք չհոգնոնղ այս ռոբոտ պահապանների օգնությամբ մարդկությունը, նրա խոսքով, ավելի լավ հնարավորություն ունի հաղթահարելու մոլորակի արագ փոփոխվող մարտահրավերները:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում