Վիրտուալ մեքենաների լայնածավալ կոնֆիգուրացիաների կառավարման ռազմավարություններ, ֆինանսական հաստատությունների համար ամպային ենթակառուցվածքի օպտիմիզացում, Amazon Web Services-ի (AWS) միջոցով անվտանգության ամրապնդում. բոլոր այս և շատ այլ թեմաներ քննարկվեցին AWS User Group Armenia-ի կազմակերպած՝ Կովկասի տարածաշրջանում AWS Community Day Armenia առաջին միջոցառմանը, որն անցկացվեց սեպտեմբերի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում:
AWS User Group հայաստանյան համայնքի ղեկավար Քրիստինե Արմիյանցը և AWS Academy-ի հավատարմագրված դասավանդող Վահե Մոմջյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում պատմեցին, որ միջոցառման հիմնական նպատակն է համախմբել տեղական AWS օգտվողներին և փորձագետներին՝ փոխանակելու գիտելիքներ, զարգացնելու համագործակցությունը և խթանելու ամպային տեխնոլոգիաների կիրառումը տարածաշրջանում։ Միջոցառման ընթացքում իրենց փորձով ու գիտելիքներով կիսվեցին բանախոսներ 7 երկրներից, ինչպես նաև տեղական համայնքի մասնագետներ։ Միջոցառմանը ներկա էին նաև AWS-ի AWS User Group գլոբալ ծրագրի ղեկավար Մարիա Էնսինարը, AWS-ի ավագ ծրագրավորող-խորհրդատու Վիկտոր Վեդմիչը, AWS-ի լուծումների ճարտարապետ Նիկիտա Ֆեդկինը և այլ հայտնի մասնագետներ:
Որոշ մասնագետներ դասախոսություններ կարդացին, մյուսները՝ աշխատարաններ և սեմինարներ անցկացրին, որոնց ընթացքում մասնակիցները կարող էին ինչ-որ բան սովորել տեղում՝ մեքենայական ուսուցման հետ կապված որոշակի խնդիրների լուծումից մինչև որոշակի իրավիճակներում տվյալների անվտանգության ապահովում:
Ինչպես իր բացման խոսքում նշեց միջոցառման ոսկե գործընկեր Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը, ամպային հաշվարկներն ու արհեստական բանականությունն այսօր ոչ միայն նորարարական ոչ մեծ փոփոխություններ են մտցնում, այլև լիովին փոխակերպում են ամբողջական ոլորտների, ներառյալ, իհարկե, բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների աշխատանքը՝ օգնելով ստեղծել ավելի արդյունավետ և ճկուն համակարգեր:
«Չնայած ամպային տեխնոլոգիաներին ամբողջական անցումը ժամանակ կպահանջի, արդեն այսօր պարզ է, որ ամպային տեխնոլոգիանները միայն արդյունավետության և կայունության մասին չեն: Սա առանցքային գործոն է տվյալների ամբողջական ներուժը բացահայտելու և էկոհամակարգերում նորարարությունը խթանելու համար»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Ամերիաբանկը պարզապես չէր կարող անտարբեր անցնել նման իրադարձության կողքով, քանի որ այն ոչ միայն ֆինանսական կազմակերպություն է, այլև ընկերություն, որը ձգտում է դառնալ ֆինտեխ առաջատար՝ առաջարկելով ամբողջական լուծումներ, որոնք բարելավում են հաճախորդների կյանքի որակը։
Ինչպես նշեցին Քրիստինե Արմիյանցը և Վահե Մոմջյանը, AWS User Group Armenia-ն նախկինում ևս անցկացրել է միջոցառումներ՝ նվիրված AWS-ին։ Սակայն AWS Community Day Armenia-ն առաջին միջոցառումն է ոչ միայն Հայաստանում, այլ ողջ տարածաշրջանում, որը պաշտոնապես հովանավորում և որին աջակցում է հենց Amazon-ը: Ընկերությունը նաև հովանավորել է աշխատարանների և սեմինարների ժամանակ հաշվողական թանկարժեք ռեսուրսների օգտագործումը:
AWS Community Day Armenia-ի ժամանակ քննարկվում էին տարբեր թեմաներ՝ MLOps-ից և GitOps-ից մինչև ֆինանսական հատված, որը ներկայացված էր երկու ոլորտներում՝ Amazon-ի ամպային ծառայությունների օգտագործման հետ կապված ծախսեր և ֆինանսական կառուցվածքներում ամպային տեխնոլոգիաների օգտագործում:
Անվտանգությունն ամպային էկոհամակարգերում. YouTube-ի հայտնի ալիքի հեղինակի պրեզենտացիանԱմպային էկոհամակարգերում անվտանգության ապահովումն այսօր ամենահրատապ թեմաներից է: OpsGuru-ից AWS Hero լուծումների ճարտարապետ և YouTube-ի հայտնի ADV-IT ալիքի հիմնադիր Դենիս Աստախովը միջոցառման ընթացքում խոսեց AWS-ի անվտանգության ծառայությունների մասին, թե ինչպես են դրանք աշխատում և որ դեպքերում որոնք են անհրաժեշտ:
NEWS.am Tech-ի հետ զրույցում նա նշեց, որ AWS-ն առաջարկում է հսկայական թվով անվտանգության ծառայություններ՝ ինչպես կորպորացիաների, այնպես էլ սովորական օգտատերերի համար. կան ենթակառուցվածքների պաշտպանության ծառայություններ, կան ծառայություններ այսպես կոչված «prevent and respond»-ի (կանխելու և արձագանքելու – անգլ․) համար, որոնք համակարգերին հնարավորություն են տալիս ընդունելու ավտոմատ կանխարգելիչ միջոցներ՝ ի պատասխան չարագործների գործողությունների և այլն։
Դենիս Աստախովը իր գիտելիքներով և փորձով կիսվում է ոչ միայն AWS Community Day Armenia-ի նման միջոցառումների ժամանակ, այլև YouTube-ի իր ալիքում, որտեղ վերջին 8 տարիների ընթացքում հրապարակում է անվճար տեսանյութեր՝ AWS-ի, ծրագրավորման, Linux-ով աշխատելու և այլ թեմաների վերաբերյալ՝ պարզ և հասկանալի բացատրություններով։ Այսօր ալիքն արդեն ունի ավելի քան 127,000 բաժանորդ, մոտ 500 տեսանյութ, որոնք արդեն 15 միլիոն դիտում ունեն։
AWS Community Day Armenia-ի հյուրերի և մասնակիցների թվում կային շատ մարդիկ, որոնք Դենիս Աստախովի տեսանյութերի շնորհիվ ինչ-որ բան են սովորել կամ որոշ հարցերի պատասխաններ ստացել։ Մինչ նա զրուցում էր NEWS.am Tech-ի հետ, մասնակիցներն անընդհատ մոտենում էին նրան՝ շնորհակալություն հայտնելու աշխատանքի համար և լուսանկարվելու նրա հետ։
Ամպային լուծումներ բանկային ոլորտում. Ամերիաբանկի փորձըԱմպային տեխնոլոգիաներն այժմ ակտիվորեն կիրառվում են բանկային ոլորտում. շատ տվյալներ արդեն պահվում են ոչ թե տեղական, այլ ամպային սերվերների վրա։ Ամերիաբանկի պրոդուկտային թիմերի տեխնիկական ղեկավար Տիգրան Հունանյանը միջոցառման մասնակիցներին պատմեց, թե ինչպես է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն իր աշխատանքում օգտագործում ամպային տեխնոլոգիաները, ինչ առավելություններ ու թերություններ է տեսնում, ինչ դժվարությունների ու խնդիրների է բախվում։
Ամերիաբանկը բավականին երկար ժամանակ օգտվում է AWS ծառայություններից, և բանկի ծառայություններից շատերն այսօր հիմնված են դրանց վրա՝ և՛ KYC-ն (ճանաչիր քո հաճախորդին, know your customer) թվային հաճախորդների համար, և՛ տվյալների փոխանցման որոշ մեխանիզմներ և այլն: Վերջին տարիներին մեծ փորձ է ձեռք բերվել, և բանկի ներկայացուցիչը շատ բան ուներ պատմելու միջոցառման մասնակիցներին։
«Ֆինանսական ծառայությունների օպտիմիզացում հիբրիդային ամպային լուծումների օգնությամբ» թեմայով աշխատաժողովի ընթացքում Հունանյանը խոսեց ոչ միայն իր բանկի փորձի, այլ նաև այս ոլորտում օրենսդրական պահանջների և սահմանափակումների մասին. Հայաստանի գործող օրենքների համաձայն՝ ոչ բոլորը տվյալները կարող են պահվել ամպում:
«Բանկերը և ֆինանսական այլ հաստատությունները պարտավոր են հաճախորդների՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց մասին ամբողջ տեղեկատվությունը պահել Հայաստանի տարածքում գտնվող տվյալների կենտրոններում: Ամպում կարող են պահվել տվյալներ, որոնց միջոցով անհնար է ուղղակիորեն նույնականացնել հաճախորդներին, և որոնք չեն բացահայտի հաճախորդների մասին ֆինանսական կամ որևէ այլ տվյալ: Դրանք կարող են լինել, օրինակ, բանկերի մասնաճյուղերում էլեկտրոնային հերթերի կտրոնների հետ կապված տվյալները»,- NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց մասնագետը։
Ինչո՞ւ ֆինանսական հաստատությունները աննպատակահարմար են համարում բոլոր տվյալները տեղական սերվերների վրա պահելը:
Ինչպես պարզաբանեց Հունանյանը, ամպային ծառայություններից օգտվելն առաջարկում է մի շարք առավելություններ՝ ծախսերի կրճատումից մինչև համաշխարհային հասանելիություն: Այսպես, ներքին սերվերային համակարգերում տվյալների հոսթինգը և մշակումը կարող են չափազանց թանկ լինել, իսկ ամպային ծառայություններն առաջարկում են ավելի մատչելի լուծում՝ արտաքին ռեսուրսների օգտագործման միջոցով լայնածավալ գործառնությունների կառավարման համար:
Բացի դրանից՝ ամպային հարթակները հասանելի են ամբողջ աշխարհում, ինչը հեշտացնում է բանկերի, ինչպես նաև բազմաթիվ այլ ընկերությունների և կազմակերպությունների աշխատանքը՝ ծառայություններ մատուցել հաճախորդներին, նույնիսկ նրանց, որոնք գտնվում են արտերկրում: Ամպային ենթակառուցվածքը թույլ է տալիս ընկերություններին «ավելի մոտ» լինել իրենց հաճախորդներին, որտեղ էլ նրանք լինեն:
Ամպային ծառայությունների օգտագործման ևս մեկ կարևոր առավելություն ծառայությունների պատվիրակումն է. ամպային ծառայություններ մատուցողները իրենց վրա են վերցնում բազմաթիվ պարտականություններ, որոնք այլապես կմնային ընկերության ուսերին, ինչպիսիք են տվյալների պահպանումը, անվտանգությունը և ենթակառուցվածքի կառավարումը: Սա ընկերություններին ազատում է իրենց սեփական տվյալների կենտրոնների պահպանման հետ կապված բազմաթիվ դժվարություններից:
Կոնֆիգուրացիաների կառավարում և ստանդարտացում տասնյակ հազարավոր վիրտուալ մեքենաներումՄեկ այլ հետաքրքիր աշխատարան նվիրված էր AWS էկոհամակարգի մեծ թվով վիրտուալ մեքենաների կոնֆիգուրացիաների կառավարմանն ու ստանդարտացմանը: Aconso AG-ի առաջատար ամպային տեխնոլոգիաների ճարտարապետ Միքայել Ղազարյանը մասնակիցների հետ կիսվեց այս ոլորտում իր գիտելիքներով և փորձով:
«Մեծ թվով վիրտուալ մեքենաների հետ աշխատելիս (օրինակ, եթե խոսքը 10,000 կամ 20,000 սերվերի մասին է), չափազանց կարևոր է ապահովել, որ բոլոր մեքենաները կարգավորվեն հետևողականորեն: Սա ներառում է ծրագրային ապահովման նույն տարբերակների օգտագործումը, անհրաժեշտ ծառայություններին միանալը (օրինակ՝ հակավիրուսային) և ապահովելը, որ բոլոր մեքենաները համապատասխանեն նույն հիմնական կոնֆիգուրացիան»,- NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց Միքայել Ղազարյանը։
«AWS կազմակերպությունում EC2 տիպի տեղակայման միավորում» (EC2 instance deployment unification across AWS Organization) թեմայով սեմինարի ընթացքում Ղազարյանը կիսվեց վերը նշված գործընթացն արդյունավետ կազմակերպելու մեթոդներով, բացատրեց, թե ինչպես կարելի է ստեղծել և կառավարել միատեսակ կոնֆիգուրացիաներ հազարավոր մեքենաների վրա, ինչը դրանց պահպանման և պաշտպանության գործընթացն ավելի ռացիոնալ կդարձնի: Նա խոսեց նաև այն մասին, թե ինչ ավտոմատացված գործիքներ և գործընթացներ կարող են պարզեցնել AWS-ում նման խոշոր ենթակառուցվածքների կառավարումը:
Սեմինարը հիմնականում հետաքրքրում էր ՏՏ մասնագետներին, որոնք աշխատում են մեծ սերվերային միջավայրերի հետ և փնտրում են լավագույն փորձը կոնֆիգուրացիայի կառավարման մասշտաբով: Այնուամենայնիվ, Միքայել Ղազարյանը վստահ է, որ AWS համայնքի մյուս անդամներին ևս հավանաբար հետաքրքիր և օգտակար էր լսել իրեն, նույնիսկ եթե նրանք չեն աշխատում վիրտուալ մեքենաներով, քանի որ աշխատաժողովում ներկայացված սկզբունքները կիրառելի են մի շարք այլ առաջադրանքների և խնդիրների դեպքում։
AWS User Group Armenia. ինչո՞ւ է անհրաժեշտ այդպիսի խումբՇատերի համար կարող է լիովին պարզ չլինել, թե ինչպես և ինչու կարող է մի ամբողջ համայնք հավաքվել ցանկացած ծառայության շուրջ, նույնիսկ եթե խոսքն Amazon Web Services-ի մասին է, և ում և ինչու է դա անհրաժեշտ:
AWS User Group Armenia համայնքի ղեկավար Քրիստինե Արմիյանցը NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց, որ AWS օգտատերերի խմբերը, որոնք այսօր գոյություն ունեն աշխարհի շատ երկրներում, սովորաբար բաղկացած են ծրագրավորողներից, ճարտարապետներից, այլ մասնագետներից և պարզապես էնտուզիաստներից, որոնք հավաքվում են՝ կիսվելու AWS տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներով և փորձով: Այս խմբերը հաճախ հյուրընկալում են սեմինարներ, վեբինարներ և քննարկումներ, որտեղ անդամները կարող են կիսվել AWS ծառայությունների հետ կապված խորհուրդներով, դեպքերի ուսումնասիրությամբ և տեխնիկական գիտելիքներով: Բացի դրանից՝ շատ խմբեր տրամադրում են ռեսուրսներ, որոնք մասնակիցներին օգնում են պատրաստվել AWS հավաստագիր ստանալուն:
AWS User Groups-ը նաև ապահովում է բազմաթիվ ցանցային հնարավորություններ և նույնիսկ կարող է օգնել աշխատանք կամ աշխատող գտնելու հարցում
«Մեր Telegram-ի ալիքում ավելի քան 660 անդամ ունենք, և երբ որևէ մեկը բախվում է AWS ծառայությունների հետ կապված որևէ խնդրի, նա կարող է հարցնել այդ մասին և ստանալ պատասխաններ համայնքի այլ անդամներից: Ավելին, եղել են դեպքեր, երբ մենք մեր հարցերն ուղղել ենք անմիջապես Amazon-ի մասնագետներին, և նրանք մեզ պատասխանել են: Շատ լավ է, երբ կապ ունես այն մարդկանց հետ, որոնք նախկինում այդքան հեռու էին թվում: Եվ այսօր մեր միջոցառմանը եկել էին նաև AWS-ի փորձագետները, որպեսզի մեզ հետ կիսվեն գաղափարներով և փորձով»,- ասաց Քրիստինե Արմիյանցը:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում